Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևը


Ֆրանսիայի Սենատի նիստ, արխիվ
Ֆրանսիայի Սենատի նիստ, արխիվ

Ֆրանսիայի Սենատն այսօր ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց բանաձևը, որով կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, իսկ Բաքվից պահանջում Հայաստանի տարածքից զորքերը դուրս բերել, հայ ռազմագերիներին ազատ արձակել։

Փաստաթղթի հեղինակները ելույթներում զուգահեռներ էին անցկացնում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետ, Բրյունո Ռետայոն շեշտում էր, որ առաջարկի նպատակը Հայաստանն իր դժբախտության հետ չթողնելն է. «Ինչպե՞ս է պատահում, որ Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը, Ուկրաինայի ինքիշխանությունը, և դատապարտվում է, ենթարկվում է պատժամիջոցների, այնինչ Ադրբեջանի, Թուրքիայի դեպքում՝ ոչինչ։ Ամոթ է, ի՞նչ է սա նշանակում, Ուկրաինայի ինքնիշխանությունն ավելի՞ն արժե, քան Հայաստանինը։ Ռուսաստանը պատերազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայում, նույնկերպ ռազմական հանցագործություններ են կատարվել Հայաստանում, բայց դրանց ոչինչ չի հետևել»:

Պատգամավոր Պիեռ Ուզուլիասը քննադատեց Եվրամիությանը, որ ռուսական գազը ադրբեջանական կապույտ վառելիքով փոխարինելով աչք է փակում Հայաստանի տարածքային ինքնիշխանության ոտնահարումումների վրա. «Ադրբեջանն օգտվում է ռուս - ուկրաինական պատերազմից՝ փորձելով սահմաններն առաջ տանել։ Տհաճ է, որ Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում գազային պայմանագիր է կնքել ու Ադրբեջանին համարել իր գործընկերը։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք մոռանալ մեր բոլոր արժեքներն ու սկզբունքները՝ նավթի և գազի դիմաց»։

Երեկ ընդունված բանաձևը խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար։

Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Օլիվիե Բեխտը չառարկեց բանաձևի ընդունմանը, սակայն նաև չհստակեցրեց՝ արդյո՞ք կառավարությունը կգնա պատժամիջոցների ճանապարհով։ Պաշտոնյան Ռուսաստանին էր մեղադրում անգործության համար, որ չի կատարում տարածաշրջանում ստանձնած պարտավորությունները, միաժամանակ նշելով, թե աշխարհում որևէ երկիր ավելին չի անում Հայաստանին աջակցելու համար, քան Ֆրանսիան։

Օլիվիե Բեխտը խիզախ որակեց Երևանի մարտավարությունը Ղարաբաղի հարցում. «Արտգործնախարար Միրզոյանն ինձ ասել է, որ սա ոչ թե տարածքի, այլ իրավունքների հարց է։ Իրավունքներն են դրվում հիմքում, դրանից պետք է բխի տարածքի ճակատագիրը։ Ֆրանսիան ողջունում է այս մոտեցումը»։

Բանաձևի ընդունմանը նախորդել էր Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը, Էմանյուել Մակրոնը վերահաստատել էր Փարիզի պատրաստակամությունը հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորմանն աջակցելու ուղղությամբ։ Իլհամ Ալիևն էլ ընդգծել էր «չեզոքություն, անաչառություն և հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը»։

XS
SM
MD
LG