Մատչելիության հղումներ

Անընդունելի են Ադրբեջանի փորձերը չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը. ԼՂ ԱԳՆ


Անընդունելի են Ադրբեջանի փորձերը չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը, հայտարարում է Արցախի Արտաքին գործերի նախարարությունը:

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտ և առանցքային բաղադրիչներից է բանակցային լիարժեք ձևաչափը և այդ շրջանակներում ընթացող քննարկումներն ու հանդիպումները։ Այդ համատեքստում կարևոր ենք համարում ընդգծել, որ Արցախի Հանրապետության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը, իսկ բանակցությունները ներկայացնել որպես «խոսակցություն Ղարաբաղում ապրող հայերի հետ» և Ադրբեջանի ներքին քաղաքականության շրջանակներում ընկած գործընթաց», - ասված է հաղորդագրությունում։

ԼՂ ԱԳՆ-ն մասնավորապես ընդգծում է, որ «Արցախի ժողովուրդը մի քանի անգամ արտահայտել է իր դիրքորոշումը սեփական ապագայի վերաբերյալ, որը վերահաստատվել է ս․ թ․ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքով»։

«Արցախի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ընդգծել է բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը և ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար լավագույն հարթակի պահպանման կարևորությունը։ Մեր տվյալ դիրքորոշումը մնում է անփոփոխ», - ընդգծում է արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Միևնույն ժամանակ, ըստ հաղորդագրության, Արցախը չի հրաժարվում պաշտոնական Բաքվի հետ երկկողմ հարաբերություններին և հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի քննարկումից. «Սակայն հարկ ենք համարում շեշտել, որ ցանկացած քննարկում ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե ընթանա միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով և կողմերի իրավահավասարության սկզբունքի պահպանմամբ»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, թե Բաքուն չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների կամ այլ միջնորդների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG