Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը համաձայն չէ Ղարաբաղում ապրող հայերի հետ ուղիղ խոսելու Բաքվի առաջարկին


Լեռնային Ղարաբաղը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ, սակայն միայն միջազգային ձևաչափով, միջնորդների մասնակցությամբ։ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, թե Բաքուն չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների կամ այլ միջնորդների հետ, ասաց, թե Ստեփանակերտն էլ համաձայն չէ Բաքվի առաջարկին՝ ուղիղ խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ։

«Այն, ինչ Ալիևն է ասում, սա ոչ այլ ինչ է, քան պարզապես վերջնական կապիտուլյացիա, աբորիգենների մի խումբ, որն «իր մեղքը» ըմբռնել է և մեղսականով մոտեցել է, խնդրում է, աղաչում է մայր Ադրբեջանին ներել իրենց և թույլ տալ պարզապես ապրել ադրբեջանական հողում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։

Փոխարենը՝ Լեռնային Ղարաբաղն առաջարկում է օգտվել թեկուզ փաստացի արդեն երկու տարի չգործող Մինսկի խմբի ձևաչափից։

«Կարող են լինել ինչ-որ հանդիպումներ, բայց ոչ թե Ադրբեջան-Արցախ լոկ, դա կարող է լինել Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, տարբեր էսպես կազմով՝ այս կամ այն վայրում, բայց անպայման պետք է լինի միջազգայնորեն ճանաչված, իսկ միջազգայնորեն ճանաչվածը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է», - ասաց Արցախի արտգործնախարարը։

Ադրբեջանի նախագահը, մինչդեռ, նախապայման էր դրել, որ չեն բանակցի ոչ միայն որևէ միջնորդի, այլև Ռուբեն Վարդանյանի հետ։ Ռուսաստանաբնակ գործարարը վերջերս է տեղափոխվել Արցախ ու ստանձնել պետնախարարի՝ վարչապետի պաշտոնը։

Ռուբեն Վարդանյան, Իլհամ Ալիև
Ռուբեն Վարդանյան, Իլհամ Ալիև

«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նմանների, որի գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդներն են։ Նրան Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով», - հայտարարել է Ալիևը։

Ռուբեն Վարդանյանն արդեն պատասխանել է, թե հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից ու, ըստ էության, պատրաստակամություն հայտնել բանակցել Ստեփանակերտի անունից։ «Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում եմ Ղարաբաղում և ցանկանում եմ ապրել այստեղ», - ընդգծել էր Վարդանյանը։

Դավիթ Բաբայանն ասում է՝ չեն էլ քննարկել, թե ով է լինելու բանակցողը, քանի որ բանակցությունների ձևաչափ չկա։ Թե ինչու է Ալիևը ոչ թե, օրինակ, նախագահ Արայիկ Հարությունյանի, այլ վարչապետի անունը տվել, արտգործնախարարը կռահում է։

«Սա կարող է լինել նաև մի քայլ ներքին լարվածություն ձևավորելու, ստեղծելու և այլն, չնայած, կարծում եմ, որ ապարդյուն», - ասաց Արցախի արտգործնախարարը։

Դիտարկմանը, թե նաև Ռուբեն Վարդանյանն է պատրաստակամություն հայտնում բանակցել և հարցին, թե գուցե սա արդեն Լեռնային Ղարաբաղում իշխանության փոխանցման օրինա՞կ է դիտվում, Բաբայանը պատասխանեց․ - «Մենք ունենք հստակ հայեցակարգ, որը փոփոխության չի ենթարկվել։ Բանակցություններին մենք պատրաստ ենք, եթե վերոհիշյալ փիլիսոփայությունն ու ձևաչափը պահպանվի՝ անկախ նրանից, թե ով է ինչ պաշտոն զբացենում։ Հիմա պարոն Վարդանյանը պետնախարար է, մենք ունենք նախագահ, որը երկրի ղեկավարն է»։

Ինչ վերաբերում է Ալիևի ակնարկին, թե Ղարաբաղի հայերի հետ խոսակցությունն արդեն սկսվել է, Դավիթ Բաբայանն ասաց, որ դա երկխոսություն չէ, տեխնիկական, մարդասիրական հարցերի շուրջ շփումներ են:

«Մեր քաղաքացիներից մեկը սխալմամբ հայտնվում է իրենց օկուպացված տարածքում, պետք է չէ՞ մի ձև իրենց հետ կապ հաստատենք և փորձենք մեր քաղաքացուն վերադարձնել: Սրանք ուղղակի շփումներ չեն, սա ռուս խաղաղապահների միջնորդությամբ է», - ասաց Բաբայանը:

Ռուբեն Վարդանյանը ողջունելով Ղարաբաղի հետ ուղիղ երկխոսություն սկսելու Ալիևի ձգտումը, միաժամանակ ասել էր, թե Ստեփանակերտն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի, չմանրամասնելով՝ ինչի մասին է խոսքը։ Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ Ալիևը Վարդանյանին Մոսկվայի դրածո է անվանում՝ որպես քայլ ընդդեմ Ռուսաստանի:

«Պարզ է, որ հարվածելով Ռուսաստանին, նրանք հարվածում են նաև մեզ, որովհետև իրավիճակն այնպիսինն է, որ Արցախի անվտանգությունը մեծամասամբ կախված է ռուս խաղաղապահներից», - նշեց Արցախի ԱԳ նախարարը:

Ռուս խաղաղապահներն Արցախում, 13-ը նոյեմբերի, 2020թ․
Ռուս խաղաղապահներն Արցախում, 13-ը նոյեմբերի, 2020թ․

Բայց Արցախում կասկածում են, որ 2025-ին՝ ժամեկտի ավարտին Ալիևը կհրաժարվի խաղաղապահների առաքելությունը երկարացնել, թեև Ադրբեջանի նախագահն արդեն զգուշացնում է դա։ Ավելին, չնայած Երևանի առաջարկին՝ Սոչիում եռակողմ հանդիպմանը ընդունված հայտարարությունում ոչ խաղաղապահների ժամկետի, ոչ էլ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում չեղավ։

«Ղարաբաղ բառը, այո՛, եզրույթը չի օգտագործվել բուն այդ հայտարարության մեջ, բայց անուղղակիորեն, ինչը նաև կարելի է համարել ուղղակիորեն, փաստորեն երևում է՝ ինչի մասին է խոսքը», - ընդգծեց նա:

Պուտինի, Փաշինյանի և Ալիևի Սոչիում ընդունած հայտարարությունում միայն նշվում է խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծելով դրա պահանջվածությունը տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար։

Բաբայանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG