Մատչելիության հղումներ

«Եթե Հայաստանը փորձի կանխել բունկերների կառուցումը, կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսվել». իշխանական պատգամավոր


Պաշտոնական Երևանն ամենաբարձր մակարդակով ահազանգում է Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողությունների հնարավորության մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին «Թվիթերի» իր էջում պարբերաբար անդրադառնում է սահմանային իրավիճակին և Ալիևի սպառնալից հայտարարություններին, հարցազրույցներում ու ելույթներում զգուշացնում, որ Ադրբեջանը փորձում է ցեղասպանություն իրականացնել արցախահայության նկատմամբ։

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Երեկ էլ Փաշինյանը շեշտել է, որ Ալիևը բացահայտ ահաբեկում է Հայաստանի քաղաքացիական բնակչությանը՝ զինվորական համազգեստով՝ զինվորականների առջև հայտարարելով, թե Գորիսը, Սիսիանը, Կապանը և հայկական այլ քաղաքներ իրենց տեսադաշտում են, ու հայերը հասկանում են, թե դա ինչ է նշանակում:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ, անդրադառնալով Ադրբեջանից պարբերաբար հնչող մեղադրանքներին, թե Հայաստանն է խախտում հրադադարը, «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում, նշել է, որ Բաքուն այդ կերպ նպատակ ունի լարել իրավիճակը և ռազմական գործողություններ սկսել։

«Այս պահին ևս շարունակում է վտանգը մնա առկա, որ Ադրբեջանը հնարավոր է ռազմական սադրանք իրականացնի Հայաստանի նկատմամբ, և նաև այս կոնտեքստում մենք շարունակում ենք աշխատել և մեր կարողություններն ուժեղացնել, ինչպես նաև միջազգային հանրության հետ աշխատել, որպեսզի թույլ չտանք այդպիսի էսկալացիա», - ասաց ԱԽ քարտուղարը։

Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանի համոզմամբ, սակայն, միայն միջազգային մեխանիզմները բավարար չեն Ադրբեջանին զսպելու համար։

Սեպտեմբերի 13 -ի հարձակման ժամանակ Հայաստանի բանակի պատասխանը և միջազգային ներգրավածությունը հնարավորություն են տվել կանգնեցնել հարձակումը, բայց չեն կարողացել կանխել այն։ Հետևաբար, Հայաստանը պետք է բարեփոխի և ուժեղացնի իր պաշտպանական համակարգը։

«Միայն միջազգային մենախնիզմն արդյունավետ չի աշխատում։ Անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք մեր կարողություններն ավելացնենք, մեր բանակը բարեփոխենք և այդ առումով մեխանիզմների կոմպլեկտ ստեղծենք, որպեսզի բացառենք Ադրբեջանի հետագա պրովոկացիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ», - ասաց Գրիգորյանը։

Անցած շաբաթ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հրապարակել էր Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իր ղեկավարած հիմնադրամի փաստահավաք զեկույցը՝ հայտարարելով, որ ադրբեջանական զինուժը մտադրություն չունի հեռանալ Հայաստանի ինքնիշխան տարածքից, ավելին՝ Հայաստանի տարածքում ճանապարհներ ու անգամ բունկերներ է կառուցում։

Արմեն Թաթոյան
Արմեն Թաթոյան

Խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը չի հերքում Թաթոյանի տվյալները, նշելով, թե նախկին օմբուդսմենը որևէ հայտնագործություն չի արել։

«Այո՛, մենք գիտենք և բոլորդ էլ գիտեք, որ այդպես է։ Կա սուվերեն տարածքում ադրբեջանական զինուժ, իհարկե, այդ զինուժը հողի վրա չի քնում, ամրաշինական աշխատանքներ է անում, խրամատներ է փորել և այլն», - ասաց իշխանական պատգամավորը։

Հարցին, թե ինչո՞ւ հայկական զինուժն այդ բունկերների, ճանապարհների կառուցումը չի արգելում, Խաչատրյանը պատասխանեց․ - «Արդեն պիտի շատ հասկանալի ասեմ, որ այս հարցն այլևս չտաք՝ այս իրավիճակում, մեր այս ուժերի հարաբերակցության վիճակում, մենք սկսե՞նք մարտական գործողություններ, իհարկե տեղական հաջողությունների հաստատ կհասնենք, բայց հետո, որ լայնամասշտաբ սկսեց, այդ հարցը կարծում եմ, որ տեղին չի լինի ինձ տալ»։

Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյան

Ճշտող հարցին, որ եթե հիմա Հայաստանը փորձի կանխել այդ բունկերների, ճանապարհների կառուցումը, կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսվի՞, պատգամավորը պատասխանեց․ - «Իհարկե՝ այո՛, հատկապես, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, հրահրում է, որպեսզի խաղաղ գործընթացները վիժեցվեն։ Այս պահի դրությամբ լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսելը Հայաստանի Հանրապետության համար կունենա շատ ծանր հետևանքներ»։

Արձագանքելով դիտարկմանը, որ այսօր Հայաստանի բազմաթիվ համայնքներ գտնվում են ադրբեջանական զինուժի դիտարկման տակ, Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը հակադարձեց, թե անգամ Երևանը կարող է նշանառության տակ լինել։

«Այդպիսի տարածք չկա Հայաստանի Հանրապետությունում, սկսած Երևանի կենտրոնից, որ բացառի նշանառության տակ գտնվելը: Այսօրվա զինտեխնիկայի պայմաններում և այն հագեցվածությունը, որ ունի Ադրբեջանը և ամբողջ աշխարհում առկա զինտեխնիկայի այս իրավիճակում 300, 400, 500 կմ-ի վրա ինչ-որ թիրախ խոցելը որևէ խնդիր չի առաջացնում: Նաև Հայաստանի Հանրապետությունը այդ ներուժը ունի 500, 400 կմ-ի վրա ինչ-որ թիրախ խոցելու: Այսինքն՝ նշանակում է, որ որտեղ է դիտարկվում, ոնց է արվում, ինչ է արվում, եթե կա որոշում հարձակման մասին ինչ-որ թիրախ խոցելու, ապա հաստատ այդ թիրախի վրա հարձակումներ կիրականցվեն՝ անկախ նրանից, թե քանի կմ հեռավորության վրա է, աչքով տեսանելի է, թե տեսանելի չէ», - նշեց Խաչատրյանը:

Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան

Խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն այսօր հրատապ գրություններ է հասցեագրել միջազգային գործընկերներին՝ ահազանգելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար։

Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը հորդորել է միջազգային կառույցներին դատապարտել Արցախի և Հայաստանի ժողովրդի հիմնարար իրավունքները խախտող Ադրբեջանի հանցավոր վարքագիծը և թույլ չտալ նոր ագրեսիա խաղաղ հայ բնակչության նկատմամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG