«Խաղաղության դետալացված համաձայնագրի դեպքում կարող ենք դժվարություններ ունենալ», - այսօր ԱԺ - կառավարություն հարցուպատասխանի ժամին պաշտոնական Երևանի մոտեցումը այսպես բացատրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. - «Այսպես ասած, շրջանակայանի համաձայնագրի մոդելի մոտեցում, երբ որ շրջանակն է գծվում, առանց շատ մեծ կոնկրետությունների»։
Այն, որ Հայաստանը համաձայնել է տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հարցից, Փաշինյանի պնդմամբ, չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվել է Արցախի հայության անվտանգությունից և իրավունքներից. - «Եվ եթե մենք այս խնդիրը լուծում ենք, իհարկե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ»։
Վարչապետ Փաշինյանն այս մասին խոսելիս անուղղակի նշեց, թե ինչու Լեռնային Ղարաբաղի կագավիճակի հարցը վերափոխվեց անվտանգության և իրավունքի հարցի. - «Նաև ռուսական դիրքորոշումը ընդունելն է պատճառը, որ մենք առաջ ենք քաշում ոչ թե կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը»։
Փաշինյանը մեկ այլ դրվագով ևս ծավալուն անդրադարձ կատարեց ռուսական առաջարկներին՝ հայտարարելով, որ իշխանությունների դիրքորոշումը նույնական է ընդդիմության և Արցախից հնչող դիրքորոշման հետ և որ Հայաստանը շատ ավելի վաղ է համաձայնություն տվել այդ առաջարկին։
Իսկ առաջարկը Փաշինյանը ձևակերպեց այսպես՝ անորոշ ժամանակով հետաձգել Արցախի հարցը. - «Կառավարությունը հենց շատ վաղուց՝ դեռևս 2021 թվականի հունվարից էդ պայմանավորվածությունը ընդունել է։ Դրա մասին չի խոսել՝ զուտ կոռեկտությունից ելնելով, բայց քանի որ, և ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ թեման այնուամենայնիվ պարզաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց, և եթե մեր կառավարության դիրքորոշումը խուսափողական է, մենք ըստ էության էսօրվա մեր դիրքորոշումը այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել»։
Փաշինյանը հույս հայտնեց, որ նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովին ռազմական դաշինքը հստակ կաջակցի Հայաստանի այն դիրքորոշմանը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից և զբաղեցնեն 2021 թվականի մայիսի դրությամբ ունեցած դիրքերը։
Միջազգային հանրության կողմից այդ աջակցությունը կա, վստահեցրեց վարչապետը. - «Որովհետև թվում է, թե հակառակը պետք է լիներ, ՀԱՊԿ-ը պետք է պաշտպաներ հստակ, և մենք մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց հիմա ուղիղ հակառակը ունենք. հիմա չենք ուզում ՀԱՊԿ - Ադրբեջան պատերազմ հրահրել։ Ո'չ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ և մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված»։
Փաշինյանը, ըստ էության, այսօր փակագծեր բացեց՝ ասելով, որ օկուպացված տարածքներից դուրս գալու փոխարեն Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանն էլ դուրս գա Ադրբեջանի օկուպացված տարածքներից, առանց հստակեցնելու, թե որ տարածքները նկատի ունի Բաքուն։
Չնայած Փաշինյանը անկլավների անունները այդպես էլ չհնչեցրեց, բայց հյուսիս -արևելք կոորդինատները տվեց՝ հայտարարելով, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների. - «Մենք չենք մերժում դա։ Ինչո՞ւ նաև։ Որովհետև հենց էդ նույն տարածքներում հայկական չորս գյուղերի տարածքների մեծամասնությունը օկուպացված է։ Ես կարող եմ բերել կոնկրետ օրինակ. Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը օկուպացված է։ 1991 թվականին ա դա եղել, 92-94 թվականը։ Ցույց տվեք սահմանի գիծը և ցույց տվեք, թե էդ սահմանի ձեր ցույց տված գիծը ինչ իրավական հիմնավորում ունի։ Էդ դեպքում նաև մենք պատրաստ ենք, ինչպես ասեմ եմ իմ վերջին հարցազրույցներից մեկում, իրադրությունը զարգացնել մինչև ամբողջ սահմանի երկայնքով ո'չ ադրբեջանական, ո'չ հայաստանյան օկուպացված տարածքներ չլինեն։ Մենք պատրաստ ենք գնալ այդ լուծումների, և ես էդ պատասխանատվությունը պատրաստ եմ վերցնել ինձ վրա»։
Խաղաղության պայմանագրի ժամկետների մասին խոսելով՝ Փաշինյանը այսօր արդեն խոստովանեց, որ իրատեսական չէ սահմանների դելիմիտացիան ավարտել մինչև խաղաղության պայմանագրի կնքումը կամ ուժի մեջ մտնելը։ Բայց Հայաստանը իր լուծումն է առաջարկում այս խնդրին. - «Զորքերի հետքաշման սխեմայով մենք առաջարկում ենք վերցնել ուղղակի 1990 թվականին փաստացի գոյություն ունեցածը, զորքերի հայելային հետքաշում իրականացնել, մոնիտորինգի մեխանիզմ ստեղծել, զորքեր ընդհանրապես սահմանային հատվածում չունենալ, այդ ամբողջ հատվածը հանձնել սահմանապահ ծառայությանը, էս թեման առնվազն սահմանի գծի մասին պատկերացումը ֆիքսել, նոր հանգիստ պայմաններում գնալ դելիմիտացիայի գործընթացի, որը իսկապես կարող է շատ երկար տարիներ տևել»։
Պաշտոնական Երևանի այս մոտեցումները Փաշինյանը ներկայացրեց խորհրդարան - կառավարություն հարցուպատասխանի ժամին շուրջ 17 րոպեանոց ելույթի շրջանակներում՝ խախտելով «ԱԺ կանոնակարգ» օրենքը։ Նիստը վարող Հակոբ Արշակյանը, ով անգամ չէր հերթագրվել հարց տալու համար, Փաշինյանին հրավիրեց ամբիոնի մոտ հնարավորություն տալով նրան առանց ընդհատման խոսելու, մինչդեռ հարցուպատասխանը հստակ սահմանված ժամանակացույց ունի՝ նախատեսված հարց տվողի և պատախսանողի համար։
Երեկ շուրջ կես տարվա բոյկոտոից հետո խորհդրան վերադարձած ընդդիմոււթյունը հարցուպատասխանին ներկա չէր։