Մատչելիության հղումներ

Հայաստանի հետ խաղաղության և ռազմաշունչ հայտարարություններից զերծ մնալու կոչերն Ադրբեջանում պատժվում են


Ադրբեջանցի իրավապաշտպան Ահմեդ Մամեդլի, արխիվ
Ադրբեջանցի իրավապաշտպան Ահմեդ Մամեդլի, արխիվ

«Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու և ռազմաշունչ հայտարարություններից զերծ մնալու կոչերն Ադրբեջանում պատժվում են», - պնդում են բաքվեցի իրավապաշտպանները՝ հայտարարելով, թե սեպտեմբերի 13-ի բախումներից հետո Ադրբեջանի իշխանությունները հալածանքների նոր ալիք են սկսել խաղաղասիրական դիրքերից հանդես եկող երիտասարդ ակտիվիստների դեմ։ Վերջին ամիսներին արձանագրված մի քանի նման դեպքերի մասին օրերս պատմում էր Բեռլինում գործող ընդդիմադիր Meydan TV կայքը։

«Երբ [սեպտեմբերի 13-ին Հայաստանի հետ սահմանին] բախումներ սկիզբ առան, ես Ֆեյսբուքում և Թվիթերում գրեցի, որ դրանց գլխավոր մեղավորը Իլհամ Ալիևն է։ Ես գրել էի, որ սահմանային բախումների համար Ալիևը մեղավոր է ոչ միայն ադրբեջանցիների, այլև հայերի առջև», - Meydan TV-ին պատմել է բաքվեցի ակտիվիստ, ընդդիմադիր «Ժողովրդավարություն 1918» շարժման հիմնադիր Ահմեդ Մամեդլին։

Այդ գրառումների հրապարակումից մեկ շաբաթ անց Մամեդլին բերման էր ենթարկվել ոստիկանություն, հաջորդ օրն էլ Սաբաիլի շրջանային դատարանի կողմից դատապարտվել 30-օրյա վարչական կալանքի։ Բանտից դուրս գալուց հետո էլ, սակայն, ադրբեջանցի երիտասարդն իր դիրքորոշումը չի փոխել։ Նրա համոզմամբ՝ Ալիևը խաղաղություն չի ցանկանում։ «Ավտորիտար ղեկավարներին միշտ էլ արտաքին թշնամիներ են հարկավոր, քանի որ հակառակ դեպքում ներքին խնդիրներին դիմակայելը նրանց համար պարզապես անհնարին է դառնում», - պնդում է Մամեդլին։

Meydan TV-ի ռեպորտաժի հերոսներից ևս մեկը՝ Ռուստամ Իսմաիլբեյլին դատախազություն էր կանչվել առաջին հայացքից տարօրինակ թվացող մի պատճառով՝ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի խոսքերը Twitter-ում մեջբերելու համար։

«Քանի դեռ ժողովրդի ազատությունը վտանգված չէ, պատերազմ սկսելը հանցագործություն է». - Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի՝ Twitter-ի իմ օգտահաշվում մեջբերված այս խոսքերի համար ինձ կանչեցին դատախազություն և պաշտոնական նախազգուշացում տվեցին», - պատմում է բաքվեցի ակտիվիստը՝ նշելով, որ իրավապահների պնդմամբ՝ իր այդ գրառումը սպառնալիք էր Ադրբեջանի ազգային անվտանգությանը։

Ադրբեջանցի մեկ այլ քաղաքացիական ակտիվիստի՝ նախկին քաղբանտարկյալ, 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունները քննադատելու համար բերման ենթարկված Գիյաս Իբրահիմովի խոսքով էլ՝ խաղաղության կողմնակիցների թիվն Ադրբեջանում ավելացել է, բայց ոչ թե բացարձակ թվերով, այլ՝ համեմատած նախորդ պատերազմի հետ։

«2020 թվականին պատերազմի դեմ հանդես էր գալիս մարդկանց փոքրաթիվ, մարգինալ մի խումբ։ Այն ժամանակ շատ քչերն էին դեմ պետության կողմից վարվող քաղաքականությանը, բացի այդ՝ պատերազմի պայմաններում ռազմական գործողություններին ընդդիմանալը որոշակի համարձակություն էր պահանջում։ 2022 ին նման մարդկանց թիվն ավելացել է», - պնդում է ադրբեջանցի ակտիվիստը՝ նշելով, այդուհանդերձ, որ Իլհամ Ալիևը չի ցանկանում, որպեսզի Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու թեմայով որևէ այլ կարծիք հնչի բացի իշխանականից։ «Պաշտոնյաների համոզմամբ՝ միայն պետությունը կարող է որոշել, թե ինչպիսին է լինելու այդ խաղաղությունը», - նշում է ակտիվիստը։

Ռուստամ Իսմաիլբեյլիի համոզմամբ էլ՝ այսօր Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ այլընտրանքային կարծիքների ի հայտ գալն Ադրբեջանում գրեթե անհնարին է։

«Իշխանությունները քարոզչության վրա միլիոններ են ծախսում։ Այդ քարոզչության ազդեցության տակ հայտնված ժողովուրդն էլ դավաճան է համարում բոլոր այն մարդկանց, ովքեր այս հարցում այլընտրանքային մոտեցում ունեն», - նշում է Ռուստամ Իսմաիլբեյլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG