Մատչելիության հղումներ

Եթե ԼՂ հարցը լուծված է, Լեռնային Ղարաբաղի հայությունը ինչո՞ւ չի զգում դա. Փաշինյանը՝ Ալիևին (լրացված)


22:29

Հարցին, թե Հայաստանի իշխանության դիրքորոշումն է, որ Արցախը Հայաստան է և վե՞րջ, թե՞ Հայաստանը վաղուց ընդունել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այս իրավիճակում, «եթե ուզում ենք աղետների առաջ չկանգնեցնել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը», այդ վետոյով միայնակ ամբողջ աշխարհի դեմ կռիվ չպետք է տալ, որովհետև չենք կարող:

Նա նկատեց, որ 1996 թվականին ամբողջ միջազգային հանրությունն արձանագրել է, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

21:44

Հայաստանն իր առաջարկներն է ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ

Հայաստանն իր առաջարկներն է ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, նաև Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայկական պատվիրակությունը իր առաջարկները, տեքստի տարբերակը ներկայացրել է քննարկման, հայտնեց վարչապետ Փաշինյանը:

21:15

Առաջին հերթին Ռուսաստանը պետք է պատասխանի՝ ռուսական առաջարկները դեռ շրջանառվո՞ւմ են. Փաշինյան

Առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունը պետք է տա հարցի պատասխանը, թե ռուսական առաջարկները դեռ շրջանառվո՞ւմ են, ընդգծեց վարչապետը:

«Մենք ասել ենք, որ դա մեզ համար ընդունելի է», - հարցազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը. «Մենք հարցնում ենք, և մենք ստացել ենք պատասխան, բայց ես կարծում եմ՝ քանի որ թեման դարձել է հրապարակային ՌԴ նախագահի արած հայտարարությունից հետո, ես Ձեր հարցը վերագրում եմ Ռուսաստանի Դաշնությանը, և թող ՌԴ-ն հրապարակային պատասխանի»:

Հայաստանի վարչապետը դեռ հոկտեմբերին հայտարարել էր, որ Երևանը սեպտեմբերի սկզբին է համաձայնել աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման Ռուսաստանի ներկայացրած հիմնական սկզբունքների և պարամետրերի շուրջ։ Փաշինյանը հավաստիացրել էր, որ Հայաստանը պատրաստ է դա հաստատել Սոչիում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Ռուսաստանը կպաշտպանի իր իսկ առաջարկները։ Վարչապետ Փաշինյանը խոսել էր նաև Արցախի հարցի կարգավորման երկու՝ ռուսաստանյան ու արևմտյան ընկալման մասին՝ առանց մանրամասներ հայտնելու և պնդել՝ իրականության հետ կապ չունեն լուրերը, թե իբր ռուսական առաջարկը դրական է Հայաստանի կամար, իսկ արևմտյանը՝ բացասական։ Արդեն Սոչիում Փաշինյանը Պուտինին վստահեցրել էր, որ ռուսական առաջարկները չեն հակասում այն պայմանավորվածություններին, որ հոկտեմբերի սկզբին ձեռք էին բերվել Պրահայում՝ Եվրամիության միջնորդությամբ։ Վարչապետն ընդգծել էր, որ արևմտյան միջնորդությամբ անցկացվող հանդիպումներում ինքը հաշվի է առել Պուտինի հայտարարությունները։

20:55

Թուրքիայի նախագահի խոսակցության բովանդակությունը և իմ ասածներն անհամատեղելի չէին իրար հետ. Փաշինյան

Հայաստանի ղեկավարը նշեց՝ Թուրքիայի նախագահի հետ առաջին հանդիպումից դրական տպավորություն է ստացել:

Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էին Պրահայում հոկտեմբերի 6-ին, քննարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի մեկնարկը տրվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:

«Դրական եմ գնահատում այն առումով, որ խոսակցությունը, բովանդակությունը մեր խոսակցության Թուրքիայի նախագահի և իմ ասածներն անհամատեղելի չէին իրար հետ, ինչի տպավորությունը երբեմն կարող է ստացվել մամուլի համար արվող հայտարարություններից: Խոսակցության մեջ իմ տպավորությունն այն էր, որ մեր խոսույթներն անհամատեղելի չեն, և եթե լինի հետևողական աշխատանք, լինի իսկապես քաղաքական կամք և ցանկություն, այդ խոսույթները կարող են համադրվել իրար հետ, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում», - հավելեց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլորին է հայտնի՝ Ադրբեջանն այդ հարաբերություններում առկա է:

20:46

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղի բնակիչներն անընդհատ սպառնալիքի ներքո. Փաշինյան

Պրահայի և Սոչիի հանդիպումներից ու հայտարարություններից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Ալմաթիի 1991թ. հռչակագրի ընդունմամբ, սահմանների ճանաչմամբ Հայաստանն, ըստ էության, ճանաչում է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: Արձագանքելով Հայաստանի վարչապետը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Պրահայի և Սոչիի հանդիպումներից առաջ էլ էր Իլհամ Ալիևը պնդում, թե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, հիմա էլ ասում է, թե Սոչիի և Պրահայի հայտարարություններով է այդ հարցը լուծվել:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երբեք էլ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը տարածքի հարց չի եղել, հավելեց՝ եթե Ղարաբաղի հարցը լուծված է, տեղի բնակչությունն ինչու դա չի զգում:

«Լեռնային Ղարաբաղի հայությունը ինչո՞ւ չի զգում դա, որ լուծված է, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ դիրքեր տեղադրել և ինչո՞ւ են կրակում Լեռնային Ղարաբաղի վրա: Սա շատ կարևոր հարց է, որի բովանդակային պատասխանը պետք է նաև միջազգային հանրությունը ստանա: Մենք դեմ չենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի կամ լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումը առաջին հերթին պետք է տեսնեն, զգան, ընդունեն այնտեղ ապրող մարդիկ, ինչո՞ւ են նրանք անընդհատ սպառնալիքի ներքո», - նշեց նա:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, ապա Հայաստանը հիմա էլ պատրաստ է ստորագրել Լեռնային Ղարաբաղում այդ առաքելության ժամկետի ավտոմատ երկարաձգումը:

«Տեսականորեն եթե նույնիսկ Ռուսաստանն ուզենա կամ որոշի դուրս բերել իր ուժերն այդտեղից, պետք է այդ առաքելության լրացուցիչ երաշխիքներ ստեղծի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

20:27

«Եթե մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991թ. սահմանը, դրանով իսկ ֆիքսվում է արդեն, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները»

Հայաստանի տարածքի մի մասը օկուպացված է, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն ՀՀ տարածքից, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ բոլոր միջազգային հանդիպումներում այդ արձանագրումն արվում է:

Հարցադրմանը, թե ինչո՞ւ Պրահայի քառակողմ համատեղ հայտարարությունում հստակ արձանագրում չկար, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում են, պետք է ազատեն այդ տարածքը, վարչապետ Փաշինյանն արձագանքեց. «Եթե մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991թ. սահմանը, դրանով իսկ ֆիքսվում է արդեն, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները, որովհետև 1991թ. սահմանը շատ կարևոր է արձանագրել, ինքը տեսական երևույթ չէ, ամբողջ աշխարհը գիտի, թե որտեղով է անցնում այդ սահմանը՝ դրանք Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմաններն են, որոնք հանրահայտ են, և այդ փաստի բերումով արձանագրվում է, որ Ադրբեջանն օկուպացրել է մեր տարածքները, և եթե ճանաչում է, իսկ արձանագրվել է, որ ճանաչում է, պետք է դուրս գա այդ տարածքներից, առավել ևս, որ հետագա քննարկումների առումով էլ արձանագրվել է, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենա սահմանների դելիմիտացիան»:

20:16

«Կարևոր է հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման:

«Դրա լավագույն ձևը գույքագրելն է ու ճշգրտելը այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ», - հարցազրույցում ասաց վարչապետը՝ հավելելով, որ խոսքը գրավոր պայմանավորվածությունների մասին է:

Ըստ նրա՝ հենց այս պատճառով է, որ այսօր ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը իր հայտարարության մեջ միջանցք բառը չի օգտագործել. «Չնայած նրան, որ Ադրբեջանի նախագահն իր խոսույթում անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, Արտաքին գործերի նախարարությունն արդեն միջանցք բառը չի օգտագործում, որովհետև ԱԳՆ հայտարարության հիմնական հասցեատերը... փորձում է վերադառնալ և տեսնել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրված, և ինչ են դրանք նշանակում»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ այսօր չկա, «խոչընդոտը միայն Ադրբեջանի իշխանության դիրքորոշումն է»:

«Նույնիսկ այսօր գրավոր ընթացակարգով կառավարությունը կարող է նաև դե յուրե այդ որոշումը կայացնել: Ուզում են Հայաստանի ճանապարհներն օգտագործել Նախիջևանի հետ կապ ստեղծելու համար, խնդրեմ: Մենք ասել ենք, որ այդ ճանապարհը ցանկացած պահի կարող է բաց լինել», - շեշտեց նա:

Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով, ասաց վարչապետւ՝ հավելելով Հայաստանը ցանկանում է գտնել լավագույն երթուղին, խնդիրն այն է, որ, գուցե, Ադրբեջանը չի ուզում, որ ՀՀ-ն եկամուտներ ստանա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG