Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Ֆրանսիայի Սենատի երեկ ընդունած բանաձևը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Փարիզի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը՝ որպես երկրի, որը մտադրություն է հայտնում նպաստելու հայ - ադրբեջանական կարգավորմանը։
«Խրախուսելով Հայաստանի ռևանշիստական ուժերին՝ Սենատի բանաձևը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և հեռու է բանաձևի վերնագրում նշված «կայուն խաղաղության խթանումից», - ասված է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:
Փաստաթղթում արված պնդումները, ըստ Բաքվի, «կեղծ են, զրպարտիչ ու բացահայտ սադրանք՝ խաթարելու բանակցությունները»:
Արտգործնախարարությունը հատուկ ընդգծել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված անբաժանելի տարածքն է, իսկ այնտեղ ապրող հայ բնակչության իրավունքներն և անվտանգությունը՝ «Ադրբեջանի ներքին գործը». «Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» մասին բանաձևում տեղ գտած մտքերը զավեշտալի են»: