«Առագաստ» սրճարանի զուգարանում սպանված Պողոս Պողոսյանի վերաբացված գործին զուգահեռ նոր քննություն է սկսվել, որով դատախազությունը հաստատել է՝ 21 տարի առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծված Պողոս Պողոսյանի մահվան փորձաքննությունը կեղծված է։
Ըստ իրավապահների, եթե 2001-ին փորձագետները եզրահանգել էին, որ Պողոսյանի մահը վրա է հասել ընկնելու հետևանքով, ապա երկու տարի առաջ, երբ մահվան գործը վերաբացվեց, փորձաքննությունը տրամագծորեն հակառակ պատկեր էր արձանագրել՝ ջավախքցի տղամարդը մահացել է ծեծի հետևանքով։
Վերաբացված գործով վկան՝ Պողոս Պողոսյանի ընկերն ավելի վաղ «Ազատությանը» պատմել էր մահացածի կյանքի վերջին դրվագի մասին. «Երբ որ տեսա Յուրային էլ հարվածեցին ընկավ սեղանի վրա, ես տեղիցս վեր կացա արդեն՝ վազելով դեպի էդ կռիվը, հասա այն պահին, երբ աղմուկ էր, սեղանները ջարդուփշուր, այն պահին, որ ծնկի բերելով, ծեծելով մի 7-8 հոգով մտցնում է զուգարան Պողոսին»:
Նոր քրեական վարույթը վերահսկող ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը «Ազատությանը» հայտնեց, որ կեղծիքը կատարել են երկու փորձագետներ։ Նրանց տվյալները չեն հրապարակվում, նրանք դեռ դեռ կարգավիճակ չունեն։
«Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, արդեն այդ փորձաքննության եզրակացությամբ՝ պատճառված վնասի առաջացման մեխանիզմի հետ կապված փորձագետները տվել են ամբողջությամբ դրան չհամապատասխանող եզրակացություն և նշել են, որ այդ գանգուղեղային վնասվածքն այդ պայմաններում, այսինքն, մարմնի՝ ցանկացած արագության դեպքում բարձրությունից վայր ընկնելու ներգործությամբ հնարավոր չէր, և նշել են, որ այդ վնասվածքի առաջացումը հետևանք է բութ, կոշտ առարկաների ուղղակի ներգործության», - ներկայացրեց Մնացականյանը:
Տարիներ առաջ անզգույշ սպանության համար մեղավոր էր ճանաչվել նախկին նախագահի թիկնազորի անդամներից «Կուկու» մականունով Աղամալ Հարությունյանը և դատապարտվել երկու տարվա պայմանական ազատազրկման՝ մի օր անգամ չանցկացնելով անազատության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ըստ Աղամալ Հարությունյանի փաստաբանի, վերաքննիչ դատարանը Պողոս Պողոսյանի սպանության գործն ապօրինի է վերաբացել Եվս մեկ ականատես պատրաստ է վկայություն տալ Պողոս Պողոսյանի սպանության գործով43-ամյա Պողոսյանի մահվան գործը վերաբացվել էր 2019-ին՝ դեպքի ականատես Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյութոնի բողոքից հետո։
Այս գործով միակ մեղադրյալը դարձյալ Աղամալ Հարությունյանն է նույն՝ անզգույշ սպանության հոդվածով։ Դատավարության ընթացքում պետք է ապացուցվի՝ արդյո՞ք տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահն ավելի ծանր հանցանք է կատարել, թե՝ իսկապես անզգույշ սպանություն է տեղի ունեցել։
Ըստ դատախազության՝ նոր քննության հիմքում դրվել է նաև դիակի նոր՝ հինը հերքող փորձաքննության եզրակացությունը։
Եվ մինչ նոր քննության շրջանակում կհարցաքննվեն փորձագետները, Աղամալ Հարությունյանի փաստաբանը պնդում է, թե գործը փակման ենթակա է, այդ պատճառով էլ դիմել է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի։ Դատարանը, սակայն, ըստ Ռոբերտ Բեջանյանի, անօրինական հետաձգել է այս հարցի քննությունը։
«Վերագրվող հանցանք կլինի, կասկածելի հանցանք կլինի, ինչ ուզում են իրենք անունը կոչեն, այս քրեական գործով բոլոր տեսակի վաղեմության ժամկետները անցել են», - նշեց փաստաբանը:
Ինքը՝ Աղամալ Հարությունյանը, մեկուկես տարի առաջ առաջին դատական նիստի օրը այդպես էլ չէր պատասխանել «Ազատության» հարցին՝ ընդունում է մեղադրանքը, թե՝ ոչ
Փաստաբանը նաև հակադարձում է՝ գործը վերաբացվել է ոչ թե նոր փորձաքննության, այլ վկա Սիթվեն Նյութոնին լսելու նպատակով, իսկ վերջինս մինչ օրս չի էլ կանչվել դատարան։ Փաստաբանի պնդմամբ՝ դատարանն անտեսում է նաև համաներման իր առաջարկը։
«Դատարանը որևէ հիմք չունի համաներում չկիրառի, այլ համաներում կիրառելու միջնորդությունը հետաձգի, այսինքն, պետության դեմ է դուրս գալիս տվյալ դեպքում դատարանը, եթե համաներում չկիրառի», - ասաց Բեջանյանը:
Այս գործով դատախազ Հայկ Խաչատրյանը մինչդեռ «Ազատությանն» այսօր ասաց՝ գործը վերաբացելիս վերաքննիչը հնարավորություն է տվել քննել՝ արդյո՞ք Աղամալ Հարությունյանի կատարած արարքն ավելի ծանր հանցագործություն չէ, հետևաբար քննությունը պետք է մինչև վերջ ընթանա։