Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց տարիներ առաջ Երևանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճռի դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը։
Դատական նիստին ներկա էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը, ով, հիշեցնենք, այդ գործով երկու տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել անզգույշ սպանության հատկանիշներով։
Մեկնարկից մոտ 40 րոպե անց դատական նիստն ընդմիջվեց Աղամալ Հարությունյանի կողմի միջնորդությամբ։ Նրանք խնդրեցին ժամանակ տալ գործի նյութերին ծանոթանալու համար։ Հաջորդ դատական նիստը մարտի 27-ին է։
2001 թվականին մայրաքաղաքի «Առագաստ» սրճարանում սպանվել էր Վրաստանի քաղաքացի, 43-ամյա դաշնակցական Պողոս Պողոսյանը՝ այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Պրիվետ Ռոբ» արտահայտությամբ դիմելուց հետո։ Ըստ քրեական գործի, նրան ծեծի էր ենթարկել Աղամալ Հարությունյանը սրճարանի զուգարանում։
Այժմ Գլխավոր դատախազությունը պնդում է, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ՝ գործը վերաբացելու և նոր մեղադրյալներ ներգրավելու համար։
Բեկանելու դեպքում գործը կուղարկվի Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։