Մատչելիության հղումներ

Վերաքննիչը ստացել է Պողոս Պողոսյանի սպանության գործով Գլխավոր դատախազության բողոքը


Պողոս Պողոսյանի եղբորորդի Սամվել Պողոսյան, 23-ը հունվարի, 2020թ.
Պողոս Պողոսյանի եղբորորդի Սամվել Պողոսյան, 23-ը հունվարի, 2020թ.

Վերաքննիչ քրեական դատարանը ստացել է 2001-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից սպանված Պողոս Պողոսյանի գործով Գլխավոր դատախազության բողոքը, այս պահին քննարկվում է վարույթ ընդունելու հարցը:

Գլխավոր դատախազի տեղակալն օրեր առաջ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ դատավճիռը վերանայելու և ամբողջապես բեկանելու համար։ Ըստ իրավապահների, բողոքարկելու հիմքը նոր հանգամանքներն են։

Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանն, ով այս գործով ևս հարցաքննվել է, ասում է՝ դեպքի վերաբերյալ նախկինում բազմաթիվ վկայություններ են եղել, որոնք, սակայն, հաշվի չեն առնվել։

«Վկայություններն այն մասին էին, որ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը կողքի էին կանչել Պողոս Պողոսյանին և նրա ընկերոջը և դաժան ծեծի էին ենթարկել։ Պողոս Պողոսյանը սպանվել էր, ընկերն ավելի թեթև վնասվածքներով էր պրծել, որովհետև, ինչպես հետո հասկացանք, Սթիվեն Նյուտոնը ժամանակին հասել էր, և նրան չէին հասցրել սպանել», - ասաց Սամվել Պողոսյանը։

Գործով գլխավոր վկան Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյուտոնն է, ում՝ անցած տարի սեպտեմբերին ներկայացրած դիմումի ու հայտարարության հիման վրա էլ Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր վարույթ հարուցվեց Գլխավոր դատախազությունում և այն ուղարկվեց Քննչական կոմիտե։

Վարույթի ընթացքում կատարվել են մի շարք գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծելու հանգամանքը: Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյուտոնը:

Ըստ դատախազության, ձեռք բերված նոր փաստական տվյալները հաստատում են՝ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք:

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյուտոնը, որը 2001-ին որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Կառավարման դպրոցում, «Ազատությանն» ավելի վաղ պատմել էր, որ տեսել է, թե ինչպես է Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին, այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնավուրին և Ռոբերտ Քոչարյանին մոտենալու և «Բարև, Ռոբ» ասելու համար։

Սթիվեն Նյուտոնի ավելի վաղ տված գրավոր ցուցմունքը 2001 թվականին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահած դատարանը հաշվի չէր առել՝ հիմնավորմամբ, թե այն անգլերեն է։

Վրաստանի 43-ամյա քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությունից հետո Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից միայն «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը նստեց մեղադրյալի աթոռին, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի՝ անզգույշ սպանության հատկանիշներով, և դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման:

Այժմ, սակայն, Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ Սթիվեն Նյուտոնի ներկայացրած հայտարարությամբ պարզվել է, որ առերևույթ Պողոս Պողոսյանը կյանքից ոչ թե անզգուշությամբ է զրկվել, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության հետևանքով:

Պողոս Պողոսյանի եղբորորդին ասում է՝ այժմ ակնկալում են արդար քննություն. «Սպանվել է մարդ, որի համար ոչ ոք չի պատժվել։ Այսինքն Աղամալ Հարությունյանը ուղղակի երկու տարի պայմանական է ստացել ինչ-որ պատահական մահվան հասցնելու համար և վերջ։ Չնայած՝ էնտեղ եղել է ոչ միայն Աղամալ Հարությունյանը, այնտեղ եղել են 7-8 հոգի, և նրանք փորձել են դիտմամբ սպանել։ Դիտավորությամբ սպանություն եմ դա համարում, որովհետև նաև Ստեփան Նալբանդյանին են փորձել սպանել, և Սթիվեն Նյուտոնը եթե ժամանակին չհասցներ, մենք կունենայինք երկու զոհ մեկի փոխարեն։ Ստեփան Նալբանդյանին էնպես են վախեցրել, որ ինքը ժամանակին վախեցել է վկայություն տալ դատարանում»։

Ստեփան Նալբանդյանը եղել է Պողոս Պողոսյանի ընկերը։ Նա դեպքի օրը, եղել է Պողոսյանի հետ։ Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Նալբանդյանը այս գործով ևս հարցաքննվել է։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG