Մատչելիության հղումներ

Եվս մեկ ականատես պատրաստ է վկայություն տալ Պողոս Պողոսյանի սպանության գործով


Գայանե Շագոյան
Գայանե Շագոյան

«Պրիվետ, Ռոբ» դիմելաձևը լսած և դրան հաջորդած ծեծին ականատես եղած ևս մեկ վկա է բարձրաձայնում այն մասին, որ 2001 թվականին «Առագաստ» սրճարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից ջավախահայ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո իրավապահ մարմինները ոչ նախաքննության, ոչ էլ դատավարության ընթացքում իր վկայությունը չեն լսել:

Ազգագրագետ Գայանե Շագոյանը վստահ չէ, որ 18 տարի անց թիկնազորի անդամների դեմքերը կմտաբերի, բայց սրճարանից դուրս եկող Քոչարյանի դեմքի արտահայտությունը Պողոս Պողոսյանի բարևից հետո մոռանալ չի հաջողվում․ - «Ի տարբերություն մյուսների, մենք ծափ չտվեցինք Քոչարյանին: Եվ այդ տիրած լռության մեջ լսելի դարձավ ինչպես կողքի սեղանից մեկը ասեց՝ պրիվետ, Ռոբ: Ընկերոջս հետ նույնիսկ իրար նայեցինք ու ժպտացինք: Որովհետև պարզ էր, որ մի հարբած մարդ էս իրավիճակին․․․ Ու հետո վերջին պահին զգացի, որ Քոչարյանի կողքին նաև Շարլ Ազնավուրն է: Բայց հիշում եմ, ճիշտն ասած, Քոչարյանի դեմքը: Այդ դեմքի արտահայտությունը քիչ բաներից է, որ երևի շատ երկար կմնա հիշողությանս մեջ, որովհետև այդ զայրույթը, գույն փոխելը և փորձը իրեն տիրապետել, այդ ամբողջը արտատպվեց այդ դեմքին»:

Հաջորդը, որ մտաբերում է Շագոյանը, այն է, թե ինչպես է, թիկնազորի անդամներից մեկը սրճարանի այգում ծեծում Պողոս Պողոսյանին և միայն մատուցողի ու Պողոսյանի սեղանակցի միջամտությունից հետո երկրորդ նախագահին բարևած անձը այլայլված վերադառնում է իր սեղանի մոտ:

Այս անգամ արդեն նրան մոտեցել է թիկնազորից մեկ այլ՝ ավելի ներկայանալի տեսք ունեցող անդամ․ - «Գուցե սա նույն անվտանգության ծառայության աշխատողների ղեկավարն է, որը եկել է երևի ներողություն խնդրի այն աշխատողի արածի համար: Որովհետև իմ համար դա շատ տրամաբանական կլիներ այդ իրավիճակում: Ու երբ որ փորձում էր այդ մարդուն տանել, ընկերս ասեց իրենց մյուս սեղանակիցներ՝ ի՞նչ եք անում, մի թողեք գնա: Ու այդ մարդը շուռ եկավ ու մեզ ասեց՝ չէ, մի անհանգստացեք, 15 րոպեով, խոսենք, հետ կգա: Ու այդպես իրենք հեռացան ինձ համար անհայտ ուղղությամբ»:

Ավելի քան 15 րոպե անց սրճարանում լսվում է բրիտանացի Ստիվեն Նյութոնի բացականչությունը՝ մինչ դուք այստեղ ջազ եք լսում, զուգարանում մարդ են սպանել:

Նյութոնը գործով հիմնական վկան է: Նրա այս տարվա սեպտեմբերին դատախազություն ներկայացրած դիմումի հիմնա վրա էլ Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր վարույթ է հարուցվել և ուղարկվել Քննչական կոմիտե, որտեղից տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեց, որ սպանության գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` 2 տարի պատժի դատապարտված թիկնապահ Աղամալ Հարությունյանը նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով հարուցված վարույթի շրջանակում կկանչվի հարցաքննության:

Հարությունյանը հավելեց․ - «Նախաքննական մարմինը առաջիկայում կլսի Նյութոնի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին, ով պետք է նախաքննական մարմին ներկայանա օրերս: Նախաքննական մարմինը պատրաստվում է Աղամալ Հարությունյանին ևս լսել»:

Քննչական կոմիտեից չբացառեցին Գայանե Շագոյանին և հրապարակային հարցազրույցներում դեպքին ականատես լինելու մասին հայտարարած այլ անձանց հարցաքննության հրավիրելու հնարավորությունը:

Շագոյանը դեռ 2001 թկականին «Ա1 պլյուս»-ի եթերում է պատմել այն ամենը, ինչ այդ օրը տեսել է, սակայն իրավապահ մարմինները նրան որպես վկա ներգրավելու անհրաժեշտություն չեն տեսել:

Նման գործընթացի արդյունքն եղել է այն, որ գործով միակ մեղադրյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման՝ անզգուշ սպանության համար:

Գայանե Շագոյան․ - «Հնարավորություն տվեց այդ հոդվածը այդ մարդուն, որը բոլորի աչքի առաջ սկզբից ծեծել էր ոչ զուգարանում, այլ դրսում, որից հետո զուգարանում այս մարդը մահացել է, և դա որակվել է որպես անզգույշ սպանություն: Այս մարդը, ըստ էության, դատարանի դահլիճից դուրս եկավ ու գնաց»:

Մինչդեռ նոր երևան եկած հանգամանքներով, վարույթը հարուցվել է խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության հանցակազմով: Բացի այդ, խոսվում է հանցանքի կատարմանը այլ անձանց մասնակցության մասին:

Պողոս Պողոսյանի իրավահաջորդների փաստաբանն էր Ռոբերտ Քոչարյանի ներկայիս փաստաբանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանը, ով ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ գործի վերաբացումը պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի անձով, ու կարծիք էր հայտնել, որ այս նոր վարույթը որևէ հեռանկար չունի:

XS
SM
MD
LG