Մատչելիության հղումներ

«Առագաստ» սրճարանում Պողոսյանի սպանության գործով նոր քրեական վարույթ է նախաձեռնվել


2001-ին Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանի սպանության դեպքով հարուցված քրգործով նոր վարույթ է նախաձեռնվել՝ փորձագետների կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով, փոխանցում է Գլխավոր դատախազությունը։

Դատախազությունը մանրամասնում է՝ այս գործով 2019-ին նոր հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ Պողոսյանի դիակի զննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքների մի մասի վերաբերյալ դիակի դատաբժշկական առաջնային փորձաքննություն իրականացրած փորձագետներ Շ.Գ.-ի և Գ.Հ.-ի կողմից չեն արձանագրվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

2001-ի սեպտեմբերի 25-ին Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում մահացել էր Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ, Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանը՝ սրճարան եկած երկրորդ նախագահին ողջունելու փորձ անելուց հետո։

Պողոսյանի սպանության գործով մեղադրյալ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանը։ Նա, մեղադրվում է անզգույշ մահ պատճառելու հոդվածով։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հարությունյանին 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել՝ անզգույշ սպանության համար, պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։ Աղամալ Հարությունյանն անազատության մեջ մի օր անգամ չի անցկացրել։ Նա ստորագրություն է տվել չհեռանալու մասին։

Անցած տարի Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության բողոքը, բեկանել էր դատարանի 2002 թվականի վճռին ու ուղարկել նոր քննության։

Այս գործը վերաբացվեց 2020-ին Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի դիմումից հետո։ Նյուտոնը 2001-ին Հայաստանում էր աշխատում և դեպքի օրը գտնվել էր սրճարանում։ Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով նրա հայտարարությունը և կատարելով մի շարք այլ ուսումնասիրություններ, եզրահանգել էր, որ Վրաստանի 43-ամյա քաղաքացուն կյանքից զրկել են ոչ թե անզգույշ ծեծի հետևանքով, այլ տեղի է ունեցել ավելի ծանր հանցագործություն՝ սպանություն, այն էլ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ։

XS
SM
MD
LG