Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճռի դեմ բողոքի քննությունը. Աղամալ Հարությունյանը ներկա էր նիստին


Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկեց 19 տարի առաջ Երևանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճիռը վերանայելու Գլխավոր դատախազության դիմումի քննությունը։

Դատական նիստին ներկա էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը, որը տարիներ առաջ 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել 43-ամյա դաշնակցական, Վրաստանի քաղաքացի Պողոսյանին անզգուշությամբ սպանելու համար։

Աղամալ Հարությունյանը չպատասխանեց լրագրողների հարցերին։ Փոխարենը իր փաստաբան Ռոբերտ Բեջանյանի միջոցով դատարանին խնդրեց իրենց չնկարահանել։

Անազատության մեջ ոչ մի օր չանցկացրած Աղամալ Հարությունյանն այս բողոքի շրջանակում ունի դատապարտյալի կարգավիճակ, նրա նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված չէ և, ըստ այդմ, կարող է դուրս գալ երկրից, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբանը։

Գլխավոր դատախազությունը պահանջում է բեկանել տարիներ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը, քանի որ, ըստ իրավապահ կառույցի, ի հայտ են եկել նոր հանգամանքներ՝ գործը վերաբացելու և նոր մեղադրյալներ ներգրավելու համար։

Այսօրվա դատական նիստը կարճ տևեց՝ Աղամալ Հարությունյանի փաստաբանը ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար. - «Տրամադրվի թե՛ 1-12 քրեական գործի նյութերը, թե՛ սույն վարույթի նյութերը, ինչպես նաև դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և վերաքննիչ բողոքի նյութերը»:

Տարիներ առաջ քննված քրեական գործի համաձայն՝ Աղամալ Հարությունյանը Պողոս Պողոսյանին ծեծի էր ենթարկել սրճարանի զուգարանում։ Դատախազ Հայկ Խաչատրյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, որ հարցաքննվել են տասնյակ անձինք, այդ թվում՝ Պողոս Պողոսյանի հետ սրճարան գնացած Ստեփան Նալբանդյանը, բայց Աղամալ Հարությունյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չեն հարցաքննվել՝ նման անհրաժեշտություն դեռևս չկա։ Ըստ դատախազության՝ ուսումնասիրվել են նախկինում կատարված՝ դիակի դատաբժշկական փորձաքննության տվյալները, և եզրահանգել՝ տարիներ առաջ ընկերոջ հետ «Առագաստ» սրճարան այցելած և այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բարևելուց հետո սրճարանի զուգարանում ծեծի ենթարկված Պողոսյանի մահը վրա է հասել ոչ թե ընկնելու, այլ ծեծի հետևանքով։

Դատարան էր եկել նաև Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը։ Եթե վերաքննիչը բավարարի գլխավոր դատախազության դիմումն ու գործն ուղարկի նոր քննության, Սամվել Պողոսյանին կճանաչեն տուժողի իրավահաջորդ։ Նա համոզված է՝ հորեղբորը սպանել են մի քանի հոգով:

«Մեր ցանկացածը միայն մի բան է, որ արդարությունը վերականգնվի, արդար դատաքննություն և դատավարություն ընթանա, և մեղավորները պատժվեն, ով ինչ չափով մեղավոր է, ով կատարել է, ով հրաման է տվել, արդյո՞ք մեղավոր են, թե՞ մեղավոր չեն, այդ ամենը պետք է դատարանը որոշի և պատժի, կարծում եմ:

Ես անուններով չգիտեմ, ճիշտն ասած, ովքեր են եղել, բայց եղել են բոլոր վկայություններով այդ ժամանակվա 7-8 հոգի: Մի քանի հոգով են ծեծել, սպանել, բայց մենակ Աղամալ Հարությունյանի վրա է գործ հարուցվել, որ իբր անզգուշությամբ մահ է պատճառել, ուղղակի մի անգամ բրդել է, ընկել և մահացել է»:

Սամվել Պողոսյանը կարծում է՝ քիչ հավանական է, որ դեպքը տեղի ունենար առանց Քոչարյանի իմացության. - «Դա դեռևս ապացուցված չէ, բայց կարծում եմ, որ առանց նրա հրամանի չէին կարող իրականացնել, այսինքն՝ առանց հրահանգի, որ գնան, պատժեն, հիմա ես չեմ կարող ասել՝ ասել է՝ սպանեք, թե մի սպանեք, ուղղակի ծեծեք կամ վախեցրեք, որպեսզի հասարակությունը վախենա ընդհանրապես այդ մեթոդներով: Ես չեմ կարող ասել՝ ոնց է եղել, կարծում եմ՝ դատաքննությունը դա պետք է պարզի նաև»:

Սամվել Պողոսյանը հիշեցրեց դեպքից հետո Ռոբերտ Քոչարյանի խոսքերը՝ հայտարարելով՝ նախկին նախագահը պետք է գա դատարան և պատասխանի որոշ հարցերի։

«Նախագահն այն ժամանակ էլ չէ՞ հեռուստացույցով ինչ-որ բաներ ասել է, ասել է՝ ես, հլա որ կենդանի լիներ, մի երկու բան էլ ավել կուզեի ասել: Թող գա, տեսնենք՝ ինչ էր ուզում, թող պատասխան ինչ խնդիր էր», - նշեց նա:

2002 թվականին դատարանում Աղամալ Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Ավելին՝ պատմել է, թե Պողոսյանին դիտողություն է արել, իսկ նախագահին ուղեկցելուց և վերջինիս հեռանալուց հետո նկատել է, որ մյուս թիկնապահ Գուրգեն Արսենյանը իր հետ չէ: Եվ քանի որ դեռ սրճարանում նստած ժամանակ իր կապի միջոցը խափանվել էր, ուստի ստիպված էր անձամբ գնալ և պարզել, թե ինչ է պատահել: Աստիճանների մոտ էլ տեսել է, թե ինչպես մի տղամարդ, այսինքն՝ Պողոս Պողոսյանը և մի քանի երիտասարդ կռվում են, իսկ իր գործընկեր Գուրգեն Արսենյանը փորձում է նրանց հանգստացնել: Ինքն էլ միացել է գործընկերոջը: Այդ ժամանակ, ըստ Աղամալ Հարությունյանի, Պողոս Պողոսյանը մի կողմ է հրավիրել իրեն, որպեսզի պատմի կռվի պատճառներն ու մանրամասները: Բայց, երբ հասել են դեպի զուգարան տանող միջանցքին, Պողոսյանը հարվածել է Աղամալ Հարությունյանի դեմքին և կանխելով Պողոսյանի երկրորդ հարվածը՝ թեթևակի հրել է նրան, երկուսով ընկել են։ Ընկած ժամանակ ամբաստանյալը նկատել է, որ հատակը թաց է: Եվ առանց նայելու, թե ինչ վիճակում է Պողոսյանը, վերցրել է գետնին ընկած բջջային հեռախոսն ու դուրս եկել:

Այս գործի վերաբացման համար առիթ դարձավ անցած տարի Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյութոնի հաղորդումը հայաստանյան իրավապահներին։ Ըստ դատախազության՝ ականատես Նյութոնի հայտարարությունները վկայում են, որ Պողոս Պողոսյանին կյանքից զրկել են ոչ թե անզգուշությամբ, այլ նրան դիտավորյալ, խուլիգանական դրդումներով սպանել են մի խումբ անձինք։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG