Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության բողոքը, բեկանել է 19 տարի առաջ Երևանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործն ու այն ուղարկել է նոր քննության։ Իսկ տարիներ առաջ Վրաստանի 43-ամյա քաղաքացուն անզգույշ սպանելու համար մեղավոր ճանաչված ու պայմանական ազատազրկման դատապարտված Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանը ստորագրություն է տվել չհեռանալու մասին։ Նրա փաստաբանն այս որոշումը բողոքարկելու է վճռաբեկ ատյանում։
Ամիսներ առաջ Գլխավոր դատախազությունն էր դիմել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնը՝ մանրամասներ ներկայացնելով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած դեպքից։ Նյուտոնն այդ ժամանակ Հայաստանում էր աշխատում և դեպքի օրը գտնվել էր սրճարանում։ Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով Նյուտոնի հայտարարությունը և կատարելով մի շարք այլ ուսումնասիրություններ, եզրահանգել էր, որ Վրաստանի 43-ամյա քաղաքացուն կյանքից զրկել են ոչ թե անզգույշ ծեծի հետևանքով, այլ տեղի է ունեցել ավելի ծանր հանցագործություն՝ սպանություն, այն էլ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ։
Պողոսյանը մահացել էր սրճարանի զուգարանում, տարիներ առաջ կայացված դատավճռի համաձայն՝ «Կուկու» մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանը նրան ծեծել էր սրճարանի զուգարանում այն բանից հետո, երբ համարձակվել էր ողջունել սրճարան եկած նախագահ Քոչարյանին։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հարությունյանին 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել՝ անզգույշ սպանության հատկանիշներով, պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։
Ամիսներ առաջ այս գործը Վերաքննիչ դատարան ուղարկած դատախազ Հայկ Խաչատրյանն «Ազատությանն» ասել էր՝ ականատես Նյուտոնի հայտարարությունները վկայում են, որ Պողոս Պողոսյանին կյանքից զրկել են ոչ թե անզգուշությամբ, այլ նրան դիտավորյալ, խուլիգանական դրդումներով սպանել են մի խումբ անձինք։
«Մենք հաստատված համարել ենք, որ Աղամալ Հարությունյանը միայնակ չի կատարել այդ հանցագործությունը, այլ մի խումբ անձինք ևս մասնակցել են իր հետ Պողոս Պողոսյանին ծեծի ենթարկելու», - նշել էր Խաչատրյանը:
Ըստ դատախազի, Նյուտոնի հայտարարությունից հետո կատարված փորձաքննությունը ցույց է տվել, որ Պողոս Պողոսյանի մահը վրա է հասել ոչ թե ընկնելու, այլ ծեծի հետևանքով. - «Նախկինում քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, որ նշանակվել էր նաև լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, հնարավոր էր համարվել, փորձագետների կողմից, Պողոս Պողոսյանի մահվան անմիջական պատճառ հանդիսացած փակ գանգուղեղային վնասվածքի առաջացումը նաև սեփական հասակի բարձրությունից վայր ընկնելու հետևանքով»:
Անազատության մեջ ոչ մի օր չանցկացրած Աղամալ Հարությունյանը բողոքի շրջանակում ունի դատապարտյալի կարգավիճակ, նրա փաստաբանն ասաց՝ այս որոշումն անօրինական է։ Ռոբերտ Բեջանյանը պարզաբանեց՝ Հարությունյանը մեղադրյալի կարգավիճակ չունի։
«Դատախազությունը ուշացած վիճակում է, ժամկետը լրացած՝ չորսամսյա ժամկետը լրացած վիճակում վերաքննիչ բողոք է բերել, դատարանն էլ, արդեն իսկ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելով՝ վարույթ է ընդունել: Էդ ստորագրություն չհեռանալու մասին՝ ընդամենը խափանման միջոց ընտրելու հետ կապված հարց է, որը որ Վերաքննիչ դատարանը ինքն է որոշել և ընտրել», - ասաց փաստաբանը, ի պատասխան «Ազատության» հարցի հավելելով, որ Հարությունյանը հիմա մեղադրյալ չի համարվում:
2002 թվականին դատարանում Աղամալ Հարությունյանն իրեն մեղավոր չէր ճանաչել։ Ավելին՝ պատմել էր, թե Պողոսյանին դիտողություն է արել, իսկ նախագահին ուղեկցելուց և վերջինիս հեռանալուց հետո նկատել է, որ մյուս թիկնապահ Գուրգեն Արսենյանը իր հետ չէ: Եվ քանի որ դեռ սրճարանում նստած ժամանակ իր կապի միջոցը խափանվել էր, ուստի ստիպված էր անձամբ գնալ և պարզել, թե ինչ է պատահել: Աստիճանների մոտ էլ տեսել է, թե ինչպես մի տղամարդ, այսինքն՝ Պողոս Պողոսյանը, և մի քանի երիտասարդ կռվում են, իսկ իր գործընկեր Գուրգեն Արսենյանը փորձում է նրանց հանգստացնել: Ինքն էլ միացել է գործընկերոջը: Այդ ժամանակ, ըստ Աղամալ Հարությունյանի, Պողոս Պողոսյանը մի կողմ է հրավիրել իրեն, որպեսզի պատմի կռվի պատճառներն ու մանրամասները: Բայց երբ հասել են դեպի զուգարան տանող միջանցքին, Պողոսյանը հարվածել է Աղամալ Հարությունյանի դեմքին, և կանխելով Պողոսյանի երկրորդ հարվածը՝ Հարությունյանը թեթևակի հրել է նրան, երկուսով ընկել են։ Ընկած ժամանակ Հարությունյանը նկատել է, որ հատակը թաց է: Եվ առանց նայելու, թե ինչ վիճակում է Պողոսյանը, վերցրել է գետնին ընկած բջջային հեռախոսն ու դուրս եկել: