«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը, սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով՝ տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել:
Ըստ հաղորդագրության՝ աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ:
Քաղաքապետարանը նշում է, որ այսօրվանից Քրիստափորի փողոցում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում առնվազն16 մարդու, այդ թվում՝ հղի կնոջ և երեխայի կյանք խլած պայթյունից գրեթե երկու ամիս էր անցել, իսկ փլուզված շենքը դեռ տեղում էր: Երեք շաբաթ առաջ ուժեղ քամուց շենքի պատերից մեկը փլուզվեց՝ վնասելով 3 անձի։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռ պայթյունից շաբաթներ անց էր եզրահանգել, որ շենքը ենթակա է անհապաղ քանդման։ Շինության սեփականատերը, որին պայթյունից հետո պարտավորեցրել էին քանդել իրեն պատկանող կառույցը, միայն սեպտեմբերի վերջին էր դիմել քաղաքապետարան՝ քանդման թույլտվություն ստանալու համար։
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից 9 օր անց միակողմանի բացվեց դրա հանդիպակաց Քրիստափորի փողոցն ու «Փեթակ» առևտրի կենտրոնը, որը փակվել էր աղետից անմիջապես հետո։ ԱԻՆ-ը հայտարարեց՝ ոստիկանության հետ որոշել են բացել ճանապարհը՝ պահպանելով անվտանգության կանոնները՝ շեշտելով, թե անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով ճանապարհի մի կողմը փակ է մնում։ «Փեթանի» աշխատողները բողքի ցույցեր էին անում ու պահանջում փողոցն ամբողջությամբ բացել՝ առևտրի նախկին տեմպը վերականգնելու համար՝ պնդելով՝ գումար են կորցնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալուի» պայթյունից մոտ երկու ամիս անց կիսավեր շենքը քանդելու որոշում է կայացվել