Մատչելիության հղումներ

«Պինգ պոնգ է հիշեցնում». «Սուրմալու»-ի քանդված շենքի չմոնտաժելը կառույցները միմյանց վրա են բարդում


Սուրմալուի շուկայի ողբերգական պայթյունից 40 օր է անցել, բայց կառավարությունում ու քաղաքապետարանում դեռ չեն որոշել ու հայտարարել, թե ի վերջո ով պետք է ապամոնտաժի շենքի խարխուլ կմախքը, որն օրերս մասամբ փլուզվեց՝ առաջացնելով նոր ավերածություններ։

Քաղաքապետարանը քանդման գործառույթ չունի, պնդում է ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, միևնույն ժամանակ նկատում` այս ամենը պինգ պոնգ է հիշեցնում։

«Իշխանական համակարգում թիվ մեկ խնդիրը հենց այդ պատասխանատվության պինգ պոնգն է, որ մի կառույցը գցում է մյուսի վրա», - ասում է նա:

Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակն, իր հերթին, շտապում է վստահեցնել՝ իրենք ևս քանդման որևէ գործառույթ չունեն, տարածքում փրկարարներն իրենց գործն ավարտել են ուղիղ մեկ ամիս առաջ, երբ դադարեցին որոնողական աշխատանքները, իսկ սեպտեմբերի 2-ին արձանագրություն են կազմել, ուղարկել մի քանի գերատեսչությունների։

«Փաստաթղթավորված ուղարկել ենք չորս գերատեսչությունների` քաղաքապետարան, Քաղաքաշինության կոմիտե, Քննչական կոմիտե…, և միայն կնշեմ, որ մենք հստակ նշել էինք, որ շենքն այդ վիճակում չի կարող մնալ, և պետք է ապամոնտաժել անվտանգությունից ելնելով, նաև առաջարկել էինք, որ առնվազն 14 մետր հեռավորությամբ անվտանգության գոտի ստեղծվեր, և քաղաքացիների մուտքն ու ելքն այդ հատվածում ընդհանրապես արգելվի», - ասաց Հայկ Կոստանյանը:

Քաղաքացիների մուտքն ու ելքը ոչ միայն չէր արգելվել, այլև սեպտեմբերի 21-ին այստեղ տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժել էր 3 հոգի, ականատեսների խոսքով՝ բարեբախտաբար, ոչ աշխատանքային օր էր, տարածքում շատ մարդիկ չկային, հակառակ դեպքում տուժողները ավելի շատ կլինեին։

«Ազատությունը» երեկ շուկայի տարածքում նկատեց ոստիկանության ժապավենը, որով փլատակներն ի վերջո առանձնացվել էին շուկայի մնացած հատվածից։

Մինչև փլուզումը, 2 ավտոմեքենայի ու մի քանի խանութների ջախջախումը, փաստորեն, ոստիկանության մտքով չէր անցել, որ տարածքը հարկավոր էր ժապավենով փակել։

Քննչական կոմիտեն քամուց տեղի ունեցած փլուզումից հետո շտապել է նոր քրեական գործ հարուցել, մինչ այդ շարունակում են Սուրմալուում պայթյունի գործով քննությունը, մեղադրյալ է 4 հոգի, որոնցից կալավորված են 3-ը` տեսչական մարմնի աշխատակիցներ, իսկ 4-րդ մեղադրյալը, որը «Սուրմալուի» փոխտնօրենն է, գրավի դիմաց ազատ է արձակվել։ Խոսնակ Վարդան Թադևոսյանը «Ազատությանը» հայտնեց, որ դեռ անցյալ շաբաթվանից շուկայի տարածքում քննչական գործողությունները ավարտված են եղել, ու քանդման արգելք ավելի քան 10 օր չկա։

«Քանդման որևէ արգելք չկա, կամ ԱԻՆ-ը պիտի դա կատարի, կամ քաղաքապետարանը, կամ սեփականատերը: Հիմա թե ով կքանդի, որ կազմակերպությունը, հետագայում իրենք կորոշեն», - ասաց նա:

Հինգշաբթի օրը կառավարության նիստին փաստորեն անգամ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը տեղյակ չէր, որ տարածքում քննչական գործողություններ այլևս չեն անցկացվում։

«Նաև տեղյակ եմ, որ այնտեղ որոշ հարցերով քննություն է ընթանում տվյալ հատվածում, ամեն դեպքում սեփականատիրոջ հետ աշխատանքներ, ըստ իմ ունեցած տեղեկատվության, քաղաքապետարանն աշխատանքներ տանում է, և կարծեմ առաջիկայում մենք փլուզման այլ դեպք չենք արձանագրի, և տարածքը կմաքրվի», -ասել էր նա:

Արդյոք երևանի քաղաքապետարանը պատրաստվո՞ւմ է սպասել, մինչև վերջապես մի օր սեփականատերը կորոշի ապամոնտաժել այլված շենքի կմախքը, ի վերջո ի՞նչ է պայմանավորվել Երևանի քաղաքապետարանը շուկայի սեփականատիրոջ հետ. վերջին 3 օրվա ընթացքում այս հարցի պատասխանը քաղաքապետարանից այդպես էլ չտվեցին, իսկ տարածքի սեփականատեր 86-ամյա Ռազմիկ Զախարյանը որևէ հարցազրույց պայթյունից ի վեր չի տվել, և նրա հետ հնարավոր չէ կապ հաստատել։

Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի գնահատականը, թե գերատեսչությունները պինգ պոնգ են խաղում, չափազանց մեղմ է, ասում է սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանը։

«Անվտանգությունը մղված է երկրորդ պլան մեր երկրում, և անվտանգության նկատմամբ վերաբերմունքը մատների արանքով է, և սա դրա հերթական դրսևորումը և ապացույցն էր, որովհետև պետությունում անգամ ողբերգությունից, անգամ այդքան մարդկային զոհերից և վիրավորներից հետո չհասկացան` անվտանգության նկատմամբ ինչպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերի», - ասաց նա:

Գործադիրի ու քաղաքապետարանի դանդաղկոտությունը կառավարության նիստին հունից հանել էր անգամ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին։ Արմեն Ղուլարյանի առաջարկն էր արագ սկսել քանդել ու չսպասել, որ դա կանի սեփականատերը։

XS
SM
MD
LG