«Սուրմալու» առևտրի կենտրոնում 16 մարդու, այդ թվում հղի կնոջ և երեխայի կյանք խլած պայթյունից մեկ ու կես ամիս է անցել, իսկ փլուզված շենքը դեռ տեղում է: Թեև երկու շաբաթ առաջ պատերից մեկը անգամ քամու ուժգնությանը չէր դիմացել, քաղաքապետարանն այս ընթացքում սպասել է, մինչև սեփականատերը քայլեր ձեռնարկի:
Երկու շաբաթ առաջ ուժեղ քամուց շենքի պատերից մեկը փլուզվեց՝ վնասելով 3 անձի։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ուղիղ մեկ ամիս առաջ էր եզրահանգել, որ շենքը ենթակա է անհապաղ քանդման։ Շինության սեփականատերը, որին դեռ պայթյունից հետո էին պարտավորեցրել քանդել իրեն պատկանող կառույցը, միայն անցած շաբաթավերջին է դիմել քաղաքապետարան՝ քանդման թույլտվություն ստանալու համար։
Ապամոնտաժման աշխատանքներ կատարող ընկերության ղեկավար Վահե Թորոսյանի խոսքով, կփորձեն մեկ ամսվա ընթացքում ազատվել պայթյունի հետևանքներից. - «Մեր պայմանագիրը երեք ամսով ա կապված, բայց մաքսիմում մի ամսից կփորձենք վերջացնել, որովհետև թե' տեխնիկան, թե' աշխատուժը մենք մաքսիմալի ենք հասցնում, որպեսզի էս ճանապարհը բացվի առաջին հերթին, էս շենքը քանդենք»։
Ճարտարապետ Տիգրան Գալստյանը տարակուսում է՝ ինչո՞ւ պետք է քաղաքի կենտրոնում կիսաափլուզված, վտանգավոր շենքի ճակատագիրը ամիսներ շարունակ թողնվի սեփկանատիրոջ հայեցողությանը, ով, ըստ տեսչականի, տարածքի անվտանգության հարցում արդեն իսկ տասնյակ խախտումներ էր թույլ տվել անցած տարիներին:
Գալստյանի կարծիքով, նման արտակարգ իրավիճակում կառավարությունը ինքը պետք է քայլեր ձեռնարկեր. - «Սպասել, թե սեփականատերը երբ է ապամոնտաժելու, էդքան էլ ճիշտ չի։ Քաղաքակիրթ երկրում իհարկե պետությունը կպատվիրակեր կամ ինքը անձամբ կքանդեր և սեփականատիրոջից կպահանջեր աշխատանքների գումարը։ Կարող է սեփականատերը, օրինակ, ամիսներով չքանդել, կամ սնանկ ճանաչվել, կամ ինչ-որ այլ իրավիճակ լինի, որտեղ սեփականատերը նույնպես տուժի և կենդանի չլինի... ումի՞ց պիտի պահանջեն...»
«Ազատության» հարցին, թե ինչու իրենք չեն իրականացրել ապամոնտաժումը՝ չսպասելով սեփականատիրոջը, Արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանն արձագանքեց՝ դա իրենց գործառույթը չէ, իրենց խնդիրն է եզրակացություն տալ ու տեղեկացնել մյուս գերատեսչություններին, որ պետք է քանդել. - «Եթե մարդկանց անվտանգությանը սպառնող ուղղակի վտանգ կա, ԱԻՆ-ը էդտեղ գործառույթ ունի։ Ինչի՞ համար ենք մենք էդ ակնադիտական հետազննությունը արել։ Որպեսզի առհասարակ բացառենք էդ տարածքում մարդկանց մուտք ու ելքը։ Մեր առաջարկով, էդ եզրակացության մեջ նշված էր, որ մարդկանց ելքն ու մուտքը առհասարակ պետք է արգելվի և տասնչորդ մետր էդտեղ անվտանգության գոտի լինի»։
Փաստացի հստակ չէ՝ եթե սեփականատերը չգտնվեր կամ չցանկանար քանդել, հարցն ինչպես էր լուծվելու:
Մինչ այդ Քննչական կոմիտեն շարունակում է քննել քրեական գործը՝ դեռևս չմանամասնելով, թե ինչու մինչ օրս Սուրմալուի սեփականատերը ոչ միայն չի հարցաքննվել, այլև մեղադրյալ էլ չէ։ Անվտանգության կանոնների չպահպանման հոդվածներով հարուցված քրեական գործով մեղադրյալ է 4 հոգի, այդ թվում առևտրի կենտրոնի փոխտնօրենը, մյուս երեքից մեկը տեսչական մարմնի պաշտոնյա է, իսկ երկուսը՝ Սուրմալուի պահեստի աշխատակիցներ։
Երկու շաբաթ առաջ քամու հետանքով փլուզումից հետո հարուցված գործով էլ դեռ որևէ կասկածյալ ու մեղադրյալ չկա: Չնայած դատախազությունը շաբաթներ առաջ առաջարկել էր տեսչական մարմնին շուկան փակել մինչև անվտանգության խդիրները լուծվեն: Խանութները սակայն, այսօր էլ շարունակում էին ակտիվ առևտուր անել։
Այսօր արդեն Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ շուկան փակելու առաջարկից հետո տեսչական մարմինը նոր ստուգումներ է արել, դեռ արդյունքներն է ամփոփում: Կդադարեցվի առևտուրը թե ոչ հարցին «Ազատությանը» սպառիչ պատասխան չտվեցին նաև տեսչական մարմնից, որի ղեկավարն օրերս սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից։
Արդյո՞ք պայթյունն էր պատճառը, և եթե այո, ապա Գեղամ Շահբազյանի հրաժարականին կհետևի՞ նաև քրեական հետապնդում, առայժմ հստակ չէ: