Միացյալ Նահանգներն էական փաստեր է տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքն ու զգալի վնաս հասցնում ենթակառուցվածքներին, երեկ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Լրագորղը կոնկրետ հարց էր տվել՝ կողմերից ո՞րն է մեղավոր այս լարվածության համար, և կա՞ Վաշինգտոնում ըմբռնում, թե որ կողմին է պետք առավել ճնշել՝ բռնությունները դադարեցնելու համար, ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել էր․ - «Հեռախոսազրույցների ընթացքում պետքարտուղար Բլինքենը կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը, աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր չլուծված խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների, կառուցողական դիվանագիտության միջով։ Մենք էական փաստեր ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքն ու էական վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին»։
Փաստելով, որ ադրբեջանական բանակը հրետակոծում է Հայաստանն ու էական վնաս հասցնում ենթակառուցվածքներին՝ Վաշինգտոնը միաժամանակ Ալիևին դատապարտող հայտարարություն մինչ օրս չի արել։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ ամենակարևորն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվենեն դադարեցնել ռազմական գործողություններն ու հանձնառու լինեն լարվածության թուլացմանը։
«Հիմա մեր ուշադրությունը կենտրոնացած է ռազմական գործողությունների դադարեցման և լարվածության թուլացման վրա», - ասել է Նեդ Փրայսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է փորձել «պղտորել ջրերը» հայ-ադրբեջանական հակամարտությունումՍպիտակ տունն էլ ավելի վաղ քաջալերել է Հայաստանին ու Ադրբեջանին ուղիղ երկխոսություն հաստատել։ Սպիտակ տան Ազգային Անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ջոն Քիրբին ևս անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածությանը:
«Մենք մնում ենք խորապես մտահոգված հայ - ադրբեջանական սահմանին շարունակվող հարձակումների մասին հաղորդումների, այդ թվում՝ Հայաստանի ուղղությամբ գնդակոծությունների և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների առնչությամբ։ Մենք ակտիվ շփումների մեջ ենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կառավարությունների հետ՝ տեսնելու, թե ինչ կարող ենք անել բռնությունները դադարեցնելու համար», - ասել է Ջոն Քրիբին։
Լրագրողների հարցին՝ Վաշինգտոնում մտավախություն չունե՞ն, որ Ուկրաինայում Ռուսաստանի «վերադասավորումները» կարող են նշանակել «վերադասավորում» նաև Հայաստանում, Սպիտակ տան ներկայացուցիչը պատասխանել է՝ «Մենք նման բան չենք տեսել։ Մենք կուզենայինք տեսնել, որ բռնությունները դադարել են։
Նույն օրն ԱՄՆ պետքարտուղարը մտավախություն էր հայտնել, թե Մոսկվան կարող է «պղտորել ջրերը» Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Ուկրաինայից ուշադրությունը շեղելու համար։ Բլինքենը հորդորել էր Ռուսաստանին «օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում` լարվածությունը մեղմելո՛ւ համար»։
Մոսկվան էլ այսօր հայտարարեց, թե Ռուսաստանը սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ և միջոցներ է ձեռնարկում՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շուտափույթ կայունացնելու համար։
Լարվածությունը պահպանվում է, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Դենիս Գոնչարն էլ հայտնել է, թե Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը պատրաստվում է այս ամիս այցելել Երևան և Բաքու՝ երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքները շարունակելու։
«Ռուսական օժանդակության պահանջվածությունը հաստատել են թե՛ Բաքվում, թե՛ Երևանում», - ասել է ռուսաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան՝ առանց հավելյալ մանրամասների։
Խովաևը անցած շաբաթ այցելել էր Բաքու, երեկ էլ հանդիպել Հայաստանի իշխանությունների հետ։
Ֆրանսիան էլ ընդգծել է ռազմական գործողությունները դադարացնելու հրատապ անհրաժեշտությունը, այս անգամ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Ըստ Ելիսեյան պալատի, Էմանյուել Մակրոնը պնդել է, որ անհրաժեշտ է շարունակել ու ինտենսիվացնել բանակցային ջանքերը, նաև վերահաստատել, որ բոլոր գործընկերները, մասնավորապես՝ Եվրամիությունը պատրաստ են դրանց աջակցել։
Մինչ այդ Փարիզը հայտարարել էր, թե պատրաստվում է այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել, որտեղ նախագահում է այս ամիս։ Դեռ հայտի չէ, թե երբ է կայանալու այդ նիստը։
Պաշտոնական Թեհրանն ևս այսօր կրկնել է՝ Իրանի համար անթույլատրելի է տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն։ Ընդ որում, արտգործնախար Ամիր Աբդոլահիանը այս հարցը քննարկել է Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, ու կրկին խոսել է խաղաղությունը վերականգնելու անհրաժեշտությունից։
Հայ-ադրբեջանական սահմանի ռազմական գործողություններին նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է անդրադարձել։ Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլաթանում գտնվող Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտնել է, որ անհանգստացած է Կովկասում ստեղծված լարվածության նոր օջախներով։ Նա հավատացյալներին կոչ է արել աղոթել իրադրության խաղաղ կարգավորման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին