Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերին կմեկնի Երևան և Բաքու՝ երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքները շարունակելու նպատակով, ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը։
«Խաղաղ պայմանագրի մշակման հարցը կարևոր տեղ ունի հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված մեր ջանքերում։ Ռուսական օժանդակության պահանջվածությունը հաստատել են թե՛ Բաքվում, թե՛ Երևանում։ Մեզ համար, դա իհարկե, ահռելի պատասխանատվություն է, այլ ոչ թե ինքնագովազդ», - հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։
Գոնչարի խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դեռ նոր է մեկնարկում։
«Ակնհայտ է, որ մենք այժմ գտնվում ենք երկու երկրների հաշտեցման դժվարին ուղու ամենասկզբում։ Հարատև արդյունքների հասնելու համար կողմերից զգալի ջանքեր և ժամանակ կպահանջվի», - նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղում տիրող կացության մասին՝ Գոնչարը ընդգծել է, որ վերջին շրջանում ձեռք բերված գլխավոր պայմանավորվածությունը վերաբերում է Լաչինի միջանցքով անցնող նոր ճանապարհի գործունեությանը։
«Ընդհանուր փոխըմբռնում կա, որ Լաչինի միջանցքով անցնող նոր ճանապարհը շահագործման է հանձնվելու 2023 թվականի ապրիլի 1-ին», - նշել է Գոնչարը։