«Լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միանշանակորեն պահպանվում է», - այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև հիշեցրել է, որ առաջիկայում տարածաշրջան է մեկնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած առաքելությունը։
«Այդ առաքելության անդամները զեկույց կներկայացնեն անդամ պետությունների ղեկավարներին, որոնք կքննարկեն այն», - նշել է Պեսկովը։
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունների ֆոնին պաշտոնական Երևանը հերթական անգամ դիմել է ՀԱՊԿ-ին։ Թե ինչ խնդրանքով, հայտնի չէ. Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև ՀԱՊԿ ղեկավարությունը չեն հստակեցրել՝ ինչ է կոնկրետ խնդրել Երևանն իր դաշնակիցներից՝ ռազմական օգնությո՞ւն, թե՞ խորհրդատվական աջակցություն։ Սակայն, երեկ, Հավաքական անվտանգության խորհրդի հեռավար գագաթնաժողովի ընթացքում, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակը գնահատելու համար Հայաստան ուղարկել ՀԱՊԿ առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ։