Մատչելիության հղումներ

Բաքուն պատրաստ է հայկական կողմին հանձնել վերջին երկու օրերին զոհված շուրջ 100 զինծառայողի մարմին


Կա առնվազն մեկ նույնականացված գերի

Բաքուն պատրաստ է հայկական կողմին հանձնել վերջին երկու օրերին զոհված շուրջ 100 զինծառայողի մարմին, դիմել են Կարմիր Խաչի միջնորդությանը։ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը հաստատում է տեղեկությունը՝ չմանրամասնելով, սակայն, թե երբ, որտեղ Երևանին կհանձնվեն զոհերի դիերը։

Հայաստանի պաշոտնական աղբյուրները չեն հաստատել, չեն մեկնաբանել, հայտնի չէ, թե երբ և որտեղ են զոհվել հայ զինծառայողները, ինչպես են նրանց դիակները հայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Իր հերթին, պաշտոնական Երևանը հաստատում է, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից սկսված ադրբեջանական հարձակման հետևանքով Ադրբեջանում առնվազն մեկ գերի ունի, որին կարողացել է նույնականացնել։ Պաշտոնապես հաստատված չէ, բայց ենթադրվում է, որ էլի գերիներ կան։

«Հայ-ադրբեջանական սահմանին երեկ սկիզբ առած ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմից գերեվարված մեկ անձ արդեն նույնականացվել է։ Երեկ առավոտից արդեն շրջանառվում էր տեսագրություն, որտեղ երևում է, որ վիրավորված մեր հայրենակիցը արդեն գերեվարված է։ Տեսանյութի խոսակցությունից հասկացվում է, որ վիրավորումը ուսի հատվածում է, առաջին բուժօգնություն ցույց էին տալիս։ Ստացվում է, որ նա փաստացի գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ», - ասում է Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Երեկ Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան գանգատ է ներկայացրել՝ խնդրելով պարտավորեցնել Բաքվին ապահովել նույնականացված ռազմագերու առողջության և կյանքի իրավունքը։

Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը դեռևս ռազմագերու անունը չի հրապարակում, խոսնակ Հասմիկ Սամվելյանի փոխանցմամբ՝ կապի մեջ են ընտանիքի հետ. - «Անուն-ազգանուն չենք ասում, բայց մենք արդեն կապվել ենք ծնողների, հարազատների հետ։ Հանդիպում նախատեսվում է շուտով։ Աշխատանքներն ընթացքի մեջ են»։

Արդյո՞ք Ադրբեջանի կառավարությունը հաստատել է հայ զինծառայողի գերության փաստը։ Սովորաբար հաստատման դեպքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի պատվիրակությունը կարող է տեսակցել ռազմագերուն, տեղեկություններ հավաքել գերության պայմանների, առողջության և այլ հարցերի վերաբերյալ և այդ մասին տեղեկացնել հայկական կողմին։

ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունու խոսքով, աշխատանքներն ընթացքի մեջ են. - «Այնպես չէ, որ մենք անմիջապես կարող ենք նույն պահին, երբ որ ստանում ենք տեղեկություններ, ստանալ որևէ հաստատում։ Սա կարող է տևել որոշակի ժամանակ։ Այս առումով չեմ կարող հստակ ասել, որ այս կամ մյուս դեպքում ինչպես է գնում ընթացքը։ Կարող եմ միայն ասել, որ ընթացքի մեջ են դեպքերը»։

Համացանցի ադրբեջանական տիրույթում հայտնված տեսանյութերը նաև զինվորներից լուր չունեցող հարազատների ուշադրության կենտրոնում են։ Կասկածների կամ զինվորին ճանաչելու դեպքում հարազատները շտապում են Կարմիր խաչի միջազգային կոմիտե։ Դեռ երեկվանից զանգերի պատասխանող, այսօր էլ հարազատներին ընդունող Կարմիր խաչում հավաքագրում են տվյալները, որ հետո փոխանցեն Բաքվի գործընկերներին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակություն մեր այցելության պահին հանդիպեցինք երկու տղամարդու, որոնք եկել էին տվյալներ փոխանցելու երկու օր առաջվա մարտերից հետո կորած զինվորի մասին։ Նրանք չցանկացան նկարահանվել, որպեսզի զինվորի մայրը չիմանա որդու անհետացման մասին։

«Մեր թիմերը այս պահին հավաքագրում են տվյալներ, նաև կարծիքները, որովհետև մարդիկ ճանաչում են կամ կարծում են, որ ճանաչում են իրենց հարազատներին։ Այսինքն՝ աշխատանքը հիմա այն է, որպեսզի մենք բոլոր տվյալները հավաքենք։ Այնուհետև փորձենք այդ տվյալները արդեն համաձայնեցնելով ճշտել մեր պատվիրակության գործընկերների միջոցով Ադրբեջանում», - ասաց Ամատունին։

Ադրբեջանական սոցցանցերում հայտնված տեսանյութերն այժմ ուսումնասիրում են Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում՝ ենթադրյալ այլ ռազմագերիներին նույնականացնելու և նրանց մասով էլ Եվրադատարան դիմելու համար։

Պետական կառույցներն առայժմ հստակ թվեր չեն ասում, թե այս վերջին ծավալուն մարտերի հետևանքով քանի զինվորական է գերի ընկել։ Ադրբեջանցիների տարածած տեսանյութերում նրանց թիվը անցնում է տասնյակը։

Այս պահին 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից հաստատված 33 հայ ռազմագերի է պահվում ադրբեջանական բանտերում։

Հայաստանյան իրավապաշտպանները կարծում են, որ այս թիվն իրականում ավելի մեծ է. - «Կան մի շարք այլ տեսագրություններ տարածվող, որոնցով հասկանում ենք, որ գերեվարված անձինք մեկից ավելի են։ Թվեր այս պահին չեմ կարող ասել, կատարվում են նույնականացման աշխատանքներ»։

Եվրոպական դատարան ուղարկված գանգատում Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է նաև սահմանային մարտերի հետևանքով երեք սահմանամերձ մարզերի բնակավայրերի ու խաղաղ բնակչության թիրախավորման մասին։

Հայաստանի կառավարությունը խաղաղ բնակավայրերի ու բնակիչների թիրախավորումը պատերազմական հանցագործություն է որակում։

XS
SM
MD
LG