Պաշտոնական Վաշինգտոնը և Բրյուսելը ողջունել են հինգ հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք: Այդ մասին Թվիթերում գրառումներ են արել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Մենք ողջունում ենք հայ ձերբակալվածների հայրենիք վերադարձի մասին հաղորդումները, ինչը դրական զարգացում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ գործընթացի համար։ Մենք հուսով ենք, որ մնացած բոլոր կալանավորները շուտով կվերադառնան տուն, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և առկա տարաձայնությունները լուծելու համար»,- Թվիթերում գրել է Փրայսը:
«Ողջունելի են այսօր Բրյուսելում Ադրբեջանի կողմից հինգ հայ ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ լուրերը, օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած ղեկավարների հանդիպումից հետո: Կարևոր մարդասիրական ժեստ է և հատկանշական է նաև, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների», - իր հերթին գրել է Կլաարը։
Ադրբեջանական կողմը երեկ Հայաստանին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ երկրի գերագույն դատարանը «մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները և ազատ արձակել նրանց»։
Մինչև այժմ Ադրբեջանից 155 գերի է հայրենադարձվել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին հայտարարեց, որ հաստատված 39 գերի կա Ադրբեջանում։ Նրանցից մեկը ապրիլի 23-ին Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերից գերեվարված Էդուարդ Մարտիրոսովն էր, որ մայիսի 26-ին վերադարձվեց հայկական կողմին։ Իսկ 38 գերիների մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է շուրջ ութ տասնյակ հայ գերի։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում հայ գերիների դատավարություններն, ըստ Գրիգորյանի, ակնհայտ և հիմնավոր կերպով արհեստական են