Հայաստանն ու Ադրբեջանը 6-րդ օրն է` շարունակում են փոխադարձ մեղադրանքները. Երեկ Պաշտպանության նախարարությունը հայտնեց ադրբեջանական գնդակից հայ զինծառայողի մահվան մասին, այսօր էլ 2 անգամ հերքեց Բաքվի պնդումները, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Առավոտյան Բաքուն հայտարարել էր, թե հայկական զորքերը երեկ երեկոյան կրակել են Քելբաջարի ու Լաչինի դիրքերի ուղղությամբ, կեսօրից հետո, որ Լաչինի շրջանում կրակահերթի տակ է հայտնվել շինաշխատանքներ կատարող քաղաքացիական մեքենա։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջին հաղորդագրությունում Ադրբեջանի պնդումները իրականությանը չհամապատասխանող, երկրորդում՝ ապատեղեկատվություն որակեց:
Չնայած ադրբեջանցիները պնդում են, որ պատասխան քայլեր են ձեռնարկել, Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց՝ իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է:
«Երբ նշում ենք հարաբերականորեն կայուն է, այսինքն, այդ պահի դրությամբ էական միջադեպեր ու հրադադարի խախտումներ չեն արձանագրվել: Էական խախտում վերջին անգամ եղել է սեպտեմբերի 5-ին, և հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը», - ասաց Թորոսյանը:
Քելբաջարին սահմանակից Վերին Շորժայի ու Կութի գյուղապետերը ևս փոխանցեցին, որ գիշերը իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։
Կութի գյուղապետ Գեորգի Ավագյանն ասում էր՝ կրակոցներ սովորականի նման լսել են, բայց դրանք գյուղի ուղղությամբ չեն եղել. - «Չգիտենք կոնկրետ դիրքերի ուղղությամբ է, թե ինչի: Երեկ երեկոյան է եղել, այսօր առայժմ առավոտից մի երկու հատ ու վերջ, էլ չենք լսել»:
Իսկ Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը հավաստիացնում էր, որ դիրքերից կրակոցների ձայներ չեն լսվել. - «Չկա կրակոց»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկաս
Երևանի ու Բաքվի փոխադրաձ մեղադրանքների ֆոնին այս շաբաթ տարածաշրջան է ժամանում ղարաբաղյան բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերը։
Երկու շաբաթ առաջ Ռիքերի նշանակմանը կոշտ էր արձագանքել Ղարաբաղի հարցը փակված համարող, Մինսկի խմբին պարբերաբար թոշակի ուղարկող պաշտոնական Բաքուն։ Բայց ինչպես Վաշինգտոնում նախօրեին հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը, ամերիկացի դիվանագետը հանդիպումներ կանցկացնի Հարավային Կովկասի երեք երկրներում էլ։
«Դեսպան Ռիքերը կմեկնի այսօր երեկոյան և կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Բոլոր երեք երկրներում կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանի հիմնական խնդիրները, ինչպես նաև ուղիներ փնտրելու՝ աջակցելու գործընկերներին՝ ուղիղ ու կառուցողական համագործակցության համար՝ առկա խնդիրները լուծելու ու տարածաշրջանային հետագա համագործակցության նպատակով», - նշել է Վեդանտ Պատելը։
Բայց թե հատկապես ո՞ր երկրից է սկսելու ամերիկացի պաշտոնյայի տարածաշրջանային այցը, ե՞րբ, Հայաստանում Ռիքերն ո՞ւմ հետ է հանդիպելու, իշխանություններն այս պահին ձեռնպահ են մնում մանրամասնել։ Միայն հայտնի է, որ Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի տարածաշրջան։
Եթե Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում սա Ռիքերի առաջին այցն է տարածաշրջան, ապա անցած տարի ամերիկացի դիվանագետը Երևանում ու Բաքվում էր որպես պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատար։ Հայտարարել էր, թե Վաշինգտոնը ցանկանում է տեսնել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը, վերադարձ բանակցություններին, ընդգծել էր հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը։
Իսկ Ռիքերին նշանակելով՝ ԱՄՆ պետքարուղարը հայտարարեց, թե հանձնառու են օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Հենց այս ձևակերպումն էլ հարուցել էր Բաքվի զայրույթը։