Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական ուղիների վերաբացման շուրջ համաձայնություն դեռ չկա. Փաշինյան 


Հայ-ադրբեջանական ուղիների վերաբացման շուրջ ավելի քան մեկուկես տարվա բանակցություններից հետո պաշտոնական Երևանը հայտարարում է՝ վերջնական համաձայնություն դեռ չի կայացվել, և պատճառը իրավական կարգավորումների շուրջ կողմերի տարաձայնություններն են։

Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ժամեր առաջ կայացած հանդիպմանը այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չմանրամասնելով, սակայն, թե իրավական որ կարգավորումներն են Երևանի ու Բաքվի տարաձայնության առարկան։

«Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից Հայաստան կարող են մուտք գործել և ելք անել տրանսպորտային միջոցներ, մենք դեմ չենք, ընդհակառակը` կողմ ենք, որ նույնը տեղի ունենա Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Եվ այդ հարցի շուրջ դեռևս չի հաջողվել վերջնական համաձայնության գալ, դա կապված է որոշ այսպես ասած` իրավական կարգավորումների հետ, որտեղ մեր տեսակետները դեռ վերջնականորեն չեն համընկել, բայց ես ուզում եմ շատ հստակ ասել, որ այս հարցում համաձայնության գալուց հետո մենք շատ արագ և՛ երթուղիների հարցը կլուծենք, և՛ գործնական ճանապարհների բացման հարցը կլուծենք», - նշեց նա:

Հայտարարելով, որ ճանապարհների բացումը Հայաստանի տարածքով միանշանակ ձեռնտու է Երևանին, և դա կբերի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ՝ Փաշինյանը միաժամանակ հրապարակեց այս հարցում Բաքվի դիրքորոշումը, թե «Ադրբեջանը ուզում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ»։ Փաստորեն, ըստ վարչապետի, Բաքուն ցանկանում է, որպեսզի Ադրբեջան-Նախիջևան կապը դուրս մնա Հայաստանի իրավազորությունից։

«Ես ուզում եմ` շատ հստակ լինի, որ մենք Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ միջանցքով որևէ մեկին չենք տալու, ես ուզում եմ սա մենք բոլորս շատ հստակ արձանագրենք, բայց մենք ճանապարհ տալու ենք և ճանապարհ բացելու ենք և պատրաստ ենք սա անել ցանկացած պահի: Ես սա ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, մենք նաև առաջարկներ ենք փոխանցել: Որ պահին Ադրբեջանն այդ առաջարկներն ընդունի, արդեն այդ առաջարկների հիման վրա կարելի է կոնկրետ փաստաթուղթ ստորագրել և ինչքան հնարավոր է արագ իրագործել այդ պայմանավորվածությունները: Ես հավաստիացնում եմ` դա որևէ սպառնալիք չի ստեղծում», - նկատեց է վարչապետը:

Այդուհանդերձ, Հայաստանի ղեկավարը հավաստիացրեց՝ ճանապարհների վերաբացման շուրջ եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են։

Վարչապետի այս հայտարարությունները հաջորդում են նախորդ շաբաթների զարգացումներին՝ Ադրբեջանի ղեկավարի հետ նրա բրյուսելյան բանակցություններին, դրան հաջորդած սահմանային լարվածությանը, իսկ սրանից մեկ ամիս առաջ էլ իրավիճակը սրվել էր Արցախում։ Օգոստոսի 4-ին՝ Արցախում ռազմական գործողությունների հաջորդ օրը, որոնց հետևանքով հայկական կողմը երկու զոհ և մոտ երկու տասնյակ վիրավոր տվեց, կառավարության նիստում վարչապետը հանձնարարեց ԱԱԾ ու ՊԵԿ ղեկավարներին միջոցներ ձեռնարկել ապահովելու Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ։

«Պարոն Աբազյան և պարոն Բադասյան, ես ձեզ հանձնարարում եմ, որ ևս մեկ անգամ, ես այս հրապարակային հայտարարությունն անում եմ, ապահովեք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ այդ հնարավորությունը, նաև Իջևանի, Նոյեմբերյանի հատվածում: Թող ադրբեջանցիներն ասեն` որտեղով են ուզում հատեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն և, իհարկե, անվտանգության ապահովում, որը մենք, երթևեկության անվտանգության ապահովում, որտեղ նաև ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք և պատրաստ ենք և կապահովենք, որևէ կասկած մենք դրանում չունենք», - ասել էր Փաշինյանը:

Երկու շաբաթ անց՝ օգոստոսի 18-ին, այս երկու գերատեսչությունները իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում հրապարակեցին Երասխում, Սոթքում և Քարահունջում երեք նոր սահմանային անցակետերի ու մաքսակետերի ստեղծման մասին նախագծեր։ Հանրային քննարկման վերջնաժամկետը սեպտեմբերի 2-ն էր, որի ավարտից հետո նախաձեռնության ճակատագիրը առայժմ անորոշ է։ Արդյո՞ք նախագծերը տեղ գտնելու են կառավարության օրակարգում, որպեսզի որոշում կայացվի, և եթե այո, ե՞րբ է դա տեղի ունենալու։ Գործադիրի այսօրվա նիստում, համենայն դեպս, նման նախագիծ չկար։

Թե՛ ԱԱԾ-ից, թե՛ ՊԵԿ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ ի մի են բերում քննարկման կարծիքները, բայց թե նախագծերը երբ կհայտնվեն գործադիրի նիստի օրակարգում, խորհուրդ տվեցին դիմել կառավարություն։ «Ազատությունը» դիմել է, դեռ չեն պատասխանել։

Սրելով իրավիճակը սահմանին՝ Բաքուն փորձում է ճանապարհի հարցում զիջում կորզել Երևանից. քաղաքագետ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ ի սկզբանե հասկանալի էր, որ Երասխով, Սոթքով ու Քարահունջով ճանապարհների վերագործարկումը հայաստանյան նախաձեռնություն է, որի նպատակը ապաշրջափակման վերաբերյալ Երևանի տեսակետը առաջ տանել է։ Այնինչ, Ադրբեջանը շահագրգռված է Մեղրիով դեպի Նախիջևան ուղի ստանալու տարբերակով։

«Գիտենք, որ Ադրբեջանն ակնկալում է իրենց բառապաշարն օգտագործելով անխոչընդոտ ճանապարհ դեպի Նախիջևան կամ միջանցք, ինչպես իրենք են անվանում, այսինքն` դա նշանակում է, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական բեռնատարերը կամ այլ փոխադրամիջոցները պետք է կանգ չառնեն որևէ կետում, առանց մաքսային, սահմանային ստուգման պետք է հասնեն Նախիջևան, սակայն կարծում եմ` այլ տարբերակներ էլ են քննարկվում, օրինակ` չեմ բացառում, որ մոտ ապագայում հնարավոր է, որ Ադրբեջանն օրինակ` Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի պայմանագիր ստորագրի, ինչի արդյունքում օրինակ` այդ մաքսային ստուգման խնդիրը արանքից դուրս կգա, և Ադրբեջանը կստանա այն, ինչ ցանկանում է», - ասաց նա:

Փորձագետը Հայաստան-Ադրբեջան սահմանին այս օրերին վերստին սրվող իրավիճակը բացատրեց նաև ճանապարհի հարցում կողմերի միջև շարունակվող տարաձայնություններով. ռազմական ճնշման միջոցով Բաքուն փորձում է զիջում կորզել Երևանից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG