Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս համարվում է անհայտ կորած․ Պաշտպան


44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում, հայտնում է մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ վկայակոչելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2022-ի օգոստոսին ներկայացրած տվյալները։

Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առթիվ իր ուղերձում Պաշտպանը նկատում է՝ ադրբեջանական իշխանությունների կողմից գերիների ու անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների չտրամադրման կամ այդ տեղեկությունների աղճատման շարունակվող գործելակերպը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների հարցերն օգտագործել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված քաղաքական նպատակների համար։

Բռնի անհետացումների դեպքերին միջազգային արձագանքման մեխանիզմների արդյունավետության պակաս կա, շեշտում է Գրիգորյանը՝ խստորեն դատապարտելով բռնի անհետացման անխտիր բոլոր դեպքերը և կոչ անում միավորել ջանքերն ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ բռնի անհետացած անձանց գտնելու և վերջիններիս ու նրանց ընտանիքների իրավունքների արդյունավետ երաշխավորման ուղղությամբ։

Պաշտպանը նաև նշում է, որ պատրաստ են աշխատելու Հայաստանի կառավարության հետ՝ անհայտ կորած անձանց ու նրանց հարազատների իրավունքների ապահովման վերաբերյալ ներպետական օրենսդրության ու ինստիտուցիոնալ շրջանակի բարելավման ուղղությամբ։

XS
SM
MD
LG