Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բրյուսելում փակ դռների ետևում մոտ չորս ժամ տևած հանդիպումն ավարտվեց։
Հայաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպմանը քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հաղորդագրությունում մանրամասներ նշված չեն։
Աղբյուրը տեղեկացնում է նաև՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործնախարարների մակարդակով շարունակել «առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ», և որ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն մեկ ամսվա ընթացքում:
Ինչ վերաբերում է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ նիստին, վարչապետի գրասենյակը հայտնում է, որ այն տեղի կունենա նոյեմբերին՝ Բրյուսելում։
Նույն ամսում, աղբյուրի համաձայն, կհանդիպեն նաև Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։
Պաշտոնական Բաքուն դեռ սահմանափակվում է հանդիպման փաստը հաստատելով, հայկական կողմի հայտնած պայմանավորվածությունների մասին Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում որևէ խոսք չկա։
Երևանն իր հերթին չի հստակեցնում՝ այսօրվա հանդիպմանը քննարկվե՞լ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող աշխատանքային խմբի ձևավորման հարցը: Որ այդ հարցը հանդիպման օրակարգում ընդգրկված է՝ անցած օրերին հայտնել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Թե ի՞նչ սկզբունքների հիման վրա են ընթանալու խաղաղության պայմանագրի բանակցությունները, նույնպես հստակ չէ։ Բաքուն իր 5 սկզբունքն էր ներկայացրել, Երևանն իր կողմից այն վեցով էր լրացրել, Ադրբեջանի իշխանությունները, սակայն, դրանք մերժել են՝ պնդելով, որ Ղարաբաղի հարցը փակված է և Հայաստանից պահանջել միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջների բացառում, նաև՝ սահմանազատում, դիվանագիտական հարաբերություններ հաստատում, կոմունիկացիաների բացում։
Երևանն ընդունելի է համարել Բաքվի առաջարկները, մինչ օրս, սակայն, Հայաստանի իշխանությունները չեն հստակեցրել` Ղարաբաղի համար ինչ կարգավիճակ են պատկերացնում, միայն հայտարարել են, որ հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։
Այսօր Բրյուսելում մեկնարկած հանդիպումը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների արդեն հինգերորդ դեմառդեմ հանդիպումն է, որից չորսը տեղի են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ։ Մինչ այդ երկու երկրների միջև բանակցությունները հիմնականում ընթանում էին Ռուսաստանի միջնորդությամբ, իսկ մինչ 44-օրյա պատերազմը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։
Պաշտոնական Մոսկվան պնդում է՝ Երևանի և Բաքվի միջև առարկայական բանակցությունները ընթանում են Մոսկվայի, այլ ոչ թե Բրյուսելի միջնորդությամբ, այս մասին Փաշինյան-Միշել -Ալիև եռակողմ հանդիպման նախաշեմին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հերթական անգամ եվրոպացիներին մեղադրելով միջնորդության դափնիները յուրացնելու փորձերի մեջ։
«Դա եվրոպացիների կեղծ նախաձեռնությունն է։ Դա ավելի շատ միջնորդության դափնիների անամոթ յուրացման է նման։ Մենք ենք աշխատում որպես միջնորդներ, և այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է տալիս, կողմերն էլ համապատասխանաբար գնահատում են դա», - ասել է Զախարովան։
Եվրամիության միջնորդությամբ հայ-ադրբեջանական հերթական բանակցություններին արձագանքել են նաև Վաշինգտոնից՝ կոչ անելով կողմերին ինտենսիվացնել դիվանագիտական ներգրավվածությունն ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը վերահաստատել է Նահանգների հանձնառությունը խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։