2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ տարածած ուղերձում։
Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհայտ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված՝ նաև շեշտում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն՝ ընդգծելով՝ Ադրբեջանի համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում անհայտ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը, և անհետացածների ճակատագրի կամ գտնվելու վայրի և ողջ լինելու վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումը։
Պաշտոնական Երևանը նկատում է՝ Ադրբեջանը շարունակում է անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ Ադրբեջանում հայ պատանդների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացված հրատապ միջոցները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական քաղաքականությունը։
«Անհետացումների խնդիրը մարդասիրական առաջնահերթություն է, որը պետք է ապաքաղաքականացվի և կարգավորվի ամուր քաղաքական կամքով և համագործակցությամբ։ Նման մոտեցման բացակայության պարագայում արդարությունն ու սոցիալական առողջացումը, հետևաբար՝ երկարաժամկետ խաղաղությունը կմնան վերացական», - ասված է հայտարարությունում:
Երևանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար, որը կարող է մեղմել առկա հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև Բռնի անհետացումների միջազգային օրը համերաշխություն է հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տառապում են այս անմարդկային արարքներից:
«Մենք պայքարում ենք անհետացածների իրավունքների համար, շարունակում ենք պայքարել արդարության համար և այս հանցագործության անպատժելության դեմ։ Վերահաստատում ենք մեր հրատապ կոչը՝ վերջ դնելու բռնի անհետացումների անպատժելիությանը», - ասված է հայտարարությունում։
Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը 2010 թվականին սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես բռնի և հարկադրված անհետացումների հետևանքով մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների մասին հիշեցում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին հայտարարեց, որ հաստատված 39 գերի կա Ադրբեջանում։ Նրանցից մեկը ապրիլի 23-ին Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերից գերեվարված Էդուրադ Մարտիրոսովն էր, որ մայիսի 26-ին վերադարձվեց հայկական կողմին։ Իսկ 38 գերիների մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է ևս 80 հայ գերի։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։ Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել։