Ավելի քան մեկ ամսվա ամառային դադարից հետո իշխանությունների հեռացումը պահանջող ընդդիմությունը կրկին փողոց է դուրս գալիս՝ հանրահավաքներն ու բողոքի ցույցերը սեպտեմբերից կշարունակվեն։
Ընդդիմությունը վերջին անգամ հանրահավաք էր հրավիրել հուլիսի 29-ին, հետո դադար վերցրին։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը պնդում է՝ այս ընթացքում իրենք ակտիվ աշխատել են, պայքարը չէր դադարել։
«Դիմադրության» շարժման անդամները ակտիվ աշխատել են և՛ Երևանում, և՛ Հայաստանի տարբեր մարզերում: Մեր պայքարը հավաքները դադարեցնելով չէր ավարտվել, և նախանշել, թե նոր փուլ է, նոր իրավիճակ է, այդպես չէ: Այդ պայքարը չի ավարտվում, պայքարը շարունակվում է», - ասաց Մանուկյանը:
Արցախի հարցում իշխանություններին անհարկի զիջումների համար մեղադրող խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստանն» ու «Պատիվ Ունեմ»-ը վարչապետ Փաշինյանի հեռացման պահանջով մայիսի 1-ից փակել էին Ֆրանսիայի հրապարակը, գրեթե ամեն օր ցույցեր, անհնազանդության ակցիաներ էին կազմակերպում։ Մեկուկես ամիս անց, իշխանությունների հեռացմանը չհասնելով, նրանք նախ բացեցին հրապարակը, ապա դադարեցին նաև հանրահավաքներ հրավիրել։
«Այս իշխանության մեկ օրն անգամ իշխանության ղեկին մնալը մեր երկրի անվտանգության, արտաքին քաղաքական դերի, տեղի թուլացման, Արցախի հայաթափման վտանգի ավելացման նոր սպառնալիք է: Երբեմն, որ ասում են՝ «դուք չհաջողեցիք», իրականում ոչ թե մենք չհաջողեցինք, մեր ժողովուրդը չհաջողեց», - ընդգծեց Գեղամ Մանուկյանը:
Արձագանքելով փողոցային պայքարը վերսկսելու ընդդիմադիրների որոշմանը՝ իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դա զավեշտալի որակեց։
«Արդեն հանրության մոտ զավեշտի են նմանվում իրենց այս գործողությունները, երբ, օրինակ, եղանակային պայմաններից ելնելով հայտնվում են փողոցում, հանրահավաքներ են անում, հետո երբ եղանակային պայմանները Երևանում բավականին շոգ են լինում, նրանք իրենց հանգիստն են սկսում կազմակերպել տարբեր ծովափնյա երկրներում, հետո հանգստից վերադառնում են և հայտարարում են, որ «հիմա էլի փողոցային պայքարը կվերսկսենք», - նշեց Հակոբյանը:
Կկարողանա՞ ընդդիմությունն այս անգամ ավելի մեծ թվով մարդկանց փողոցներ հանել՝ իշխանափոխության հասնելու համար։ Դաշնակցական Գեղամ Մանուկյանի համոզմամբ՝ օրեցօր իշխանություններից հիասթափությունն ու դժգոհությունները մեծանում են. - «Մեր ժողովուրդը նոր հարված է ստանում և այս օրերի զարգացումները դրա վառ վկայությունն են: Այս իշխանությունը ձեռքերն ամբողջովին լվացել է արցախյան խնդրից, թողել է բեռը արցախցիների, Արցախի ղեկավարության վրա ու կարծես ոչինչ տեղի չի ունեցել, ոչինչ չի պատահել: Բացում է Հայաստանի սահմանները թշնամու առաջ շատ հանգիստ, բոլոր ճանապարհները բացում է ու առաջիկայում Ալիևի հետ հանդիպումը անկանխատեսելի նոր զարգացումների նաև վտանգ են պարունակում»:
Ընդդիմադիրները քննարկում են նաև վարչապետին անվստահություն հայտնելու հարցը, դրա համար, սակայն, անհրաժեշտ ձայներ երկու ոչ իշխանական խմբակցությունները չունեն։ Դաշնակցական Գեղամ Մանուկյանի խոսքով՝ կօգտագործեն այդ գործիքը, երբ բավարար քվեներ կունենան։
«Հայաստանի կյանքում եղել են տարբեր առիթներ, երբ իշխող խմբակցությունը մի գիշերվա մեջ փլուզվել է, շատ-շատ», - ընդգծեց նա:
Ընդդիմադիր պատգամավորները գարնանը փողոցային պայքար սկսելուց հետո Ազգային ժողովի նիստերին չէին մասնակցում՝ շեշտելով՝ խորհրդարան կվերադառնան միայն իրենց օրակարգով։ Դիրքորոշումը նույնն է մնացել, ասում է Գեղամ Մանուկյանը:
Հուլիսին բացակայությունների պատճառաբանությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնանկ արեց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանին փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոններից։ Ընդդիմությունը սա քաղաքական հետապնդում որակեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաղաթելյանն իրեն ու Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելը քաղաքական հետապնդում է համարումԱյնուհետև Աժ-ում պաշտոններ զբաղեցնող ընդդիմադիրների մեծ մասը հայտնեցին հրաժարականների մասին՝ պահպանելով միայն պատգամավորական մանդատը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» անցած ամիս քննարկելով ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը, այդուհանդերձ, որոշեց այդպիսի գործընթաց չսկսել: Իշխող խմբակցությունից Հրաչյա Հակոբյանը չի բացառում՝ այս հարցը գուցե կրկին ՔՊ-ի օրակարգ մտնի:
«Միանշանակ չի բացառվում, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ինչ-որ մի օր կարող է նաև կրկին քննարկել ընդդիմադիր որոշ պատգամավորների, ովքեր որ անհարգելի բացակայությունների չափը հատել են, իրենց մանդատներից զրկելու հարց քննարկի», - ասաց Հակոբյանը:
Ընդդիմադիրները առանց մանրամասների հայտարարում են, որ առաջիկայում սպասվող բողոքի ակցիաների ձևաչափը նախորդներից տարբերվելու է։
Your browser doesn’t support HTML5