Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը խորհրդարան գնալու է բացառապես իր օրակարգով. Իշխան Սաղաթելյան


Շաբաթներ շարունակ փողոցային պայքարի դուրս ելած խորհրդարանական ընդդիմությունը չի հստակեցնում արդյոք մասնակցելու են խորհրդարանի՝ աշնանը մեկնարկող նիստերին։ Ընդդիմադիրները կրկին պնդում են՝ Ազգային ժողով վերադառնալու են բացառապես իրենց օրակարգով։

Խորհրդարանի նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր «Ազատությանը» մանրամասնեց՝ ընդդիմության օրակարգը Արցախի հարցն է, հայ-թուրքական հարաբերությունները և Փաշինյանի հեռացումը։

«Ընդդիմությունը խորհրդարան գնալու է բացառապես իր օրակարգով: Ո՞րն է մեր օրակարգը, այդ օրակարգը ձևավորել է մեր ժողովուրդը, այդ օրակարգի համար պայքարում է «Դիմադրության շարժումը», դա Արցախի հարցն է, Հայաստանի անվտանգությունը և Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Մենք եթե գնանք խորհրդարան, գնալու ենք բացառապես այդ օրակարգով, մնացած պարագաներում բացառված է և այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել ենք», - նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, - «մեր դիրքորոշումը մշտապես հայտնի է եղել և այդ մասին հայտարարել ենք: Օրինակի համար, եթե մենք այն արտահերթ նիստը, այն օրակարգով, որ տեղի ունեցավ, որ հրավիրել էին հունիսի 3-ին, եթե որոշենք, որ նման արտահերթ նիստ և իմ հնչեցրած որևէ օրակարգով արտահերթ նիստ հրավիրել Ազգային ժողովի, մենք հրավիրելու ենք և այդ օրակարգով գնալու ենք: Այսինքն՝ մենք գնալու ենք բացառապես մեր օրակարգով, այն օրակարգով, որը հայտարարել է «Դիմադրության շարժումը»: Նպատակահարմար կգտնենք այդ օրակարգերով արտահերթ նիստ հրավիրել և գնալ, գնանք, չենք հրավիրի, չենք գնա: Այսինքն՝ այստեղ գլխավորը մեր օրակարգի սպասարկումն է, մնացածն արդեն երկրորդական են»:

Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավորին փոխանցեցինք՝ իշխանության ներկայացուցիչները տարակուսած են, թե ինչպես է ընդդիմությունը հաջողելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու գործընթաց նախաձեռնել Ազգային ժողովում, եթե չունի դրա համար բավարար թվով ձայներ։

«Իմփիչմենթի մասին մենք շատ հանգամանալից և մանրամասն կխոսենք սեպտեմբերին: Մեր դիրքորոշումն այս մասին ևս ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ մենք այդ գործընթացը կսկսենք այն ժամանակ, երբ որ դրա հաջողությանը հասնելու համար լինեն բավարար պայմաններ և հիմքեր: իսկ ինչպե՞ս, էդ նույն հարց տվողները կտեսնեն, թե ինչպես: Հիմնական օրակարգից իրենք փորձում են շեղել ու այս ամեն ինչը դարձնել խորհրդարան գնալ-չգնալու կամ պայքար իշխանության համար: Այդ նույն պատգամավորները թող ասեն՝ Արցախից ի՞նչ կա, Հայաստանի անվտանգությունից ի՞նչ կա», - արձագանքեց Սաղաթելյանը:

Ընդդիմությունը պարզապես փորձում է ինչ-որ ելք գտնել իր համար. Վահագն Ալեքսանյան

Խորհրդարանում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով, տապալված փողոցային պայքարից հետո ընդդիմությունը պարզապես փորձում է ինչ-որ ելք գտնել իր համար։

«Դե սա տրամաբանական շարունակություն է, կարծում եմ, որովհետև փողոցային պայքարն ակնհայտորեն ձախողվեց ու ակնհայտորեն ստացավ հանրային աջակցություն, ոչ մի տեսակի աջակցություն, ու բնական է, որ ընդդիմությունը պետք է ինչ-որ ելքեր գտներ իրավիճակից ու վերադառնար խորհրդարան, որովհետև փաստացի, եթե նույնիսկ այն սկզբնական շրջանում փողոցում էին ու Ազգային ժողովում չէին, ապա փողոցի այդ փոքրիկ ռեսուրսն էլ են արդեն մսխել ու հիմա վերջին ամսում ոչ Ազգային ժողովում էին ու ոչ էլ փողոցում: Հետևաբար տրամաբանական է, որ ստիպված են լինելու վերադառնալ: Ինչ վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի կամ իմփիչմենթի գործընթացին, որը նրանք, ըստ Իշխան Սաղաթելյանի, փորձելու են նախաձեռնել, հաջողություն նրանց այդ գործում: Պաշտոնից հեռացման մի շատ լավ դեպք վերջերս Ազգային ժողովում առնվազն ունեցանք՝ Իշխան Սաղաթելյան անունով Ազգային ժողովի փոխնախագահ այլևս չունենք, թող փորձեն, ինչ ասեմ», - նշեց Ալեքսանյանը:

Ազգային ժողովի ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Արցախը փրկելու և Փաշինյանին հեռացնելու կոչերով մայիսից մոտ մեկուկես ամիս փողոցային պայքարի մեջ էին՝ վրաններ տեղադրելով Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակում։ Շուրջ մեկ ամիս առաջ ընդդիմադիրները հայտարարեցին պայքարի մարտավարությունը փոխելու մասին և դադարեցրին նստացույցը։ Հետո պատգամավորական մանդատը վայր դրեցին «Պատիվ ունեմի» ղեկավար Արթուր Վանեցյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

XS
SM
MD
LG