Մատչելիության հղումներ

«Հայաստան»-ն ու «Պատիվ ունեմ»-ի մեծ մասը հայտնվել են մանդատները կորցնելու վտանգի առաջ


Ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցությունը ողջ կազմով, «Պատիվ ունեմ»-ի մեծ մասը՝ հայտնվել են մանդատը կորցնելու վտանգի առաջ։ Ազգային ժողովի խորհուրդը պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելուն կանդրադառնա, ամենայն հավանականությամբ, 2 օրից՝ հուլիսի 14-ին։ Համենայն դեպս, ԱԺ-ից ընդդիմադիրներին այդպես են ասել։

Խորհրդարանից «Ազատությանը» տրամադրել են մինչև հուլիսի 1-ը նիստերի քվեարկություն- գրանցումից անհարգելի բացակայած պատգամավորների անունները։ 33 հոգանոց ցանկում բացառապես ընդդիմադիրներ են՝ 29-ը «Հայաստան» խմբակցությունից՝ անխտիր բոլոր պատգամավորները, 4-ը՝ «Պատիվ ունեմ»-ից։

Բացակայում են վերջերս մանդատից հրաժարված Արթուր Վանեցյանի փոխարեն պատգամավոր դարձած Մարտուն Գրիգորյանի ու Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ղեկավար Թագուհի Թովմասյանի անունները։ Թե ինչո՞ւ, նա էլ ընդդիմության բոյկոտի պայմաններում խորհրդարան չէր գալիս, չհաջողվեց պարզել, Թովմասյանի հեռախոսն անհասանելի էր։

Ազգային ժողովի նախագահը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու հարցով ԱԺ խորհրդի նիստ է հրավիրում, եթե մի կիսամյակի ընթացքում նա քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է։ Սա պարտադիր է, իսկ ահա դրանից հետո ՍԴ դիմել-չդիմելը նախ խորհրդի որոշելիքն է։

Իշխանականները, որ խորհրդի կազմում մեծամասնություն ունեն, չեն բացահայտում՝ ի՞նչ տրամադրվածություն ունեն՝ ՍԴ դիմելու, թե՞ չդիմելու։ Մանդատներից զրկելու հարցում վերջնական որոշումը բարձր դատարանինն է։

Ռուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան

Խորհրդի կազմում ընդգրկված ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն «Ազատության» եթերում հրաժարվել է հայտնել իր տեսակետը՝ արժե՞ ընդդիմադիրներին զրկել մանդատներից. - «Իմ տեսակետը կարտահայտեմ, երբ որ մենք համապատասխան որոշում կայացնենք կամ չկայացնենք»:

Ազգային ժողովի փոխխոսնակի և հանձնաժողովի նախագահի պաշտոններից ընդդիմադիրները զրկվեցին «Քաղաքացիական պայմանագրի» որոշմամբ՝ այս դեպքում ի՞նչ որոշում ունեն: Ըստ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ քննարկումները շարունակվում են։ Նիստից առաջ, ասաց, խմբակցությունն իր դիրքորոշումը կփոխանցի խորհրդին։

«Կոլեգիալ որոշում է կայացվում մեզ մոտ ցանկացած դեպքում, ըստ էության, խորհրդի որոշումը նույնական է խմբակցության որոշման հետ այս դեպքում, և, այո, ճիշտ եք, մեծամասնությունը, ըստ էության, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն են: Նաև մի այլ առանձնահատկություն կա, որ ընդդիմությունը, ըստ էության, կրկին չի մասնակցելու խորհրդի նիստին: Այսինքն՝ խորհրդի նիստի օրն, ըստ էության, որոշման մասին կտեղեկացվի հանրությանը», - ասաց Հովհաննիսյանը:

Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացն այսօր «հաճելի» է որակել Ազգային ժողովի նախագահը, ով առաջինն էր այդ մասին խոսել, երբ խորհրդարանի աշխատանքը բոյկոտող «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստանը» փողոցում պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

Արթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան

Այնուհանդերձ, ի տարբերություն ընդդիմադիրներին պաշտոններից հեռացնելու հարցին, իշխանականները չեն շտապում կոնկրետացնել դիրքորոշումը։ Ինչպես Հովհաննիսյանն ասաց՝ ցանկացած որոշում իրենք կհիմնավորեն, իսկ դրա հիմքում ժողովրդավարական պետություն ունենալու իմիջն է լինելու։ Իշխանականներին ամենևին չի անհանգստացնում, որ բացակայությունների հիմքով պատգամավորին մանդատից զրկելու նախադեպ չի եղել, իսկ ընդդիմադիրները գործընթացը քաղաքական հետապնդում են որակում։

«Ցանկացած որոշում բխելու է մեր ժողովրդավարական պետություն ունենալու իմիջից նաև ու նաև, իհարկե, այն գործընթացներից, որ պետք է վերջապես մանդատ ստացած պատգամավորները սպասարկեն իրենց մանդատները, չխաբեն իրենց ընտրողներին: Մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր պատգամավորները դեռևս շարունակում են խոսել նրա մասին, որ չեն գալու Ազգային ժողովի նիստերին ընդհուպ սեպտեմբերին: Եվ, ըստ էության, եթե անգամ այս պահին կայացվի մի որոշում, որով չի ուղարկվի Սահմանադրական դատարան այս հարցը, ապա սա չի բացառում, որ մենք պարզապես փակել ենք այս հարցը, մենք այս հարցին հնարավոր է անդրադառնանք մի փոքր ուշ՝ հաշվի առնելով ընդդիմադիր պատգամավորների պահվածքը», - ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Եթե Ազգային ժողովի խորհրդի նիստում չի ընդունվում որոշումը, հարցը չի փակվում. առնվազն 22 պատգամավոր դեռ կարող է մեկ ամսվա ընթացքում հավաքվել ու կոլեգայի լիազորությունների դադարեցման հարցով դիմել ՍԴ։ Հովհաննիսյանը թերևս այս սցենարը նկատի ուներ։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, որի անունը ևս կա անհարգելի բացակայածների ցանկում, հայտարարեց՝ մանդատը իրենց տվել է ժողովուրդը, իսկ դրանից զրկելու գործընթացը հետապնդում համարելը դեռ մի բան էլ մեղմ է:

Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան

«Մանդատը մեզ տվել է հայ ժողովուրդը ու ՔՊ-ն ընդհանրապես իրենից որևէ կարևորություն չի ներկայացնում, իսկ այս պարագայում բացարձակ որևէ կարևորություն չի ներկայացնում, որպեսզի ժողովրդի տված մանդատը հետ վերցնի: Իմ համար ավելի կարևոր է, որ մեզ ընտրող քաղաքացիների ու նաև մեզ չընտրող քաղաքացիների աչքերում մենք արդյունավետ և ազգանվեր գործ վարենք: Թե ՔՊ-ն ինչ գործընթաց կսկսի, չի սկսի, էդ ինձ, ճիշտն ասած, շատ քիչ է հետաքրքրում, իրենք շարունակում են ամրապնդել ժողովրդավարության «բաստիոնի» իրենց գործելաոճը», - նշեց Մամիջանյանը:

Հայտարարեց՝ մտադիր չէ մասնակցելու իշխանությանն նախաձեռնած «քաղաքական ֆարսին»։ Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ հարցը խորհրդում քննարկվում է առանձին: Ասաց՝ մյուս ընդդիմադիրների հետ չեն քննարկել՝ արդյոք բոլորը չեն մասնակցի։ Եթե չմասնակցեն, Խորհրդի նիստում հարցի քննարկումը մեկ շաբաթով կհետաձգվի ու արդեն կքննարկվի անկախ նրանց ներկայությունից:

XS
SM
MD
LG