Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի ընտրության գործընթացը կեղծ օրակարգ է համարում։ Հակված չեն թեկնածու առաջադրել, «Ազատությանն» ասաց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Մենք համարում ենք, որ սա կեղծ օրակարգային հարց կարող է դիտվել, թեև Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված ժամկետներ կան: Բայց նկատի առնելով քաղաքական մեծամասնության իրենց իսկ գործողություններով Ազգային ժողովը ոչ լեգիտիմ դարձնելու վարքագիծը, մենք այս պահին առնվազն գոնե պատրաստ չենք նման քննարկումների», - ընդգծեց Մինասյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի առաջին կեսին։ Այս ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ սկսվում է նախագահի ու ԿԸՀ վեց անդամների թեկնածուների առաջադրման գործընթացը։ Խմբակցությունները թեկնածուներին ներկայացնում են Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողով, որտեղ էլ քվեարկությամբ որոշվում է՝ ովքեր են թեկնածուները։ Իշխող ուժը մեծամասնություն ունի նաև այս հանձնաժողովում։
«Նրանց համար չկա ավելի կարևոր օրակարգ, քան իրենց խմբի անձանց պաշտոնների նշանակելը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Թեկնածուների առաջադրման առաջին ժամկետը երկու օր առաջ լրացավ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի հայտարարում՝ պաշտոնապես թեկնածու առաջադրել է, թե ոչ։ Մի քանի օր է՝ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը չեն արձագանքում «Ազատության» զանգերին։ Շրջանառվում է իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանի անունը։ Նա «Ազատության» հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր իր հնարավոր առաջադրումը։ Իշխանականներից Մարիա Կարապետյանն ասաց՝ հիմա ներքին քննարկումների փուլում է խմբակցությունը։
«Որոշ ժամանակ անց արդյունք կարձանագրվի, բայց դեռևս, այսպես ասած, ներքին քննարկումների փուլում ենք», - ասաց Կարապետյանը:
Ինչ վերաբերում է թեկնածուի ընտրությանը, պատգամավոր Կարապետյանն էլ հստակ ոչինչ չի ասում, նա էլ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է իր կուսակցի առաջադրման լուրերը. - «Ես կարծում եմ՝ պետք է մի քիչ համբերենք, մինչև այդ քննարկումները արդյունք տան, էթիկապես, քաղաքականապես ճիշտ չէ դրանց մասին իմ վաղաժամկետ խոսելը»:
Վահագն Հովակիմյանը վարչապետ Փաշինյանի տասնամյակների գործընկերն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Նա երկար տարիներ աշխատել է Փաշինյանի ընտանիքի «Հայկական ժամանակ» թերթում որպես լրագրող, ապա անդամագրվել Փաշինյանի հիմնադրած կուսակցությանն ու նրա թիմով հասել խորհրդարան։
Ընդդիմությունը շեշտում է՝ անգամ նախկին իշխանությունները այսպես բացահայտ մերձավոր թիմակցին չէին դիտարկում ապաքաղաքական կառույցների ղեկավարի պաշտոնում։
«Նախկինում, նույնիսկ եթե որևէ իշխանական հովանավորության տակ գտնվող անձի առաջադրում էին, էնքան էին արդարացնում, այնքան էին փորձում հիմնավորումներ տալ, որ հանրության մոտ գոնե այդ պատկերացումը լիներ, որ այնուամենայնիվ փորձ է արվում քննարկել նաև ընդդիմության հետ: Փորձ էր արվում գոնե ոչ կուսակցական թեկնածուի առաջադրեին, էս մարդիկ արդեն դա էլ են ոտնատակ տվել, միանգամից բաց տեքստով են գործում, բաց խաղաքարտերով ու ոտնահարում են բոլոր սկզբունքները», - ասաց Արծվիկ Մինասյանը:
Ըստ Սահմանադրության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:
Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունում ԿԸՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը դեռ չեն քննարկել, փոխանցեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու անդամները ընտրվում են փակ քվեարկությամբ պատգամավորների ձայների մեծամասնությամբ։ Իշխող ուժի ձայները բավարար են իրենց առաջադրած թեկնածուներին ընտրելու համար։