Մատչելիության հղումներ

Դաշնակցությունն այս փուլում հրաժարվում է փողոցային պայքարից. անարդյունավետ են համարում


«Հայաստան» դաշինքի մաս կազմող, ամիսներ շարունակ Փաշինյանի դեմ ակցիաներ իրականացնող Հայ հեղափոխական դաշնակցությունն այս փուլում հրաժարվում է փողոցային պայքարից, անարդյունավետ են համարում, դա է պատճառը, որ արտահերթի արդյունքները Սահմանադրական դատարանում (ՍԴ) են վիճարկում։

«Քննարկելով բոլոր մանրամասները եկանք այն եզրակացության, որ այս փուլում և այս պահին փողոցային պայքարն այն արդյունավետությունը, որ ակնկալում ենք, չի ունենալու: Մենք վերջին ութ ամիսներին փողոցում եղել էինք և այս ամեն ինչը վերլուծելով եկանք այս եզրակացությանը», - ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի անդամներին չեն համոզել միջազգային ու տեղական դիտորդները։ Կասկածի տակ են դնում, որ արտահերթն անցկացվել է միջազգային չափանիշներին համապատասխան ու գրանցված ընտրախախտումները չեն ազդել վերջնարդյունքի վրա։ ՀՅԴ-ում վստահ են՝ ընտրությունները չեն արտացոլում իրական պատկերը. իշխանությունները զանգվածաբար վարչական ռեսուրսներ, ֆինանսական լծակներ ու կեղծիքներ են օգտագործել, զինվորներին են ուղղորդել, իսկ արդյոք նույնչափ համոզվա՞ծ են, որ առանց իրենց նշած գործոնների «Հայաստան» դաշինքինն էր հաղթանակը լինելու։

«Չէ, պատկերն այլ կլիներ: Մենք ընտրությունների, ընտրարշավի ընթացքում էլ ենք ասել՝ մենք չենք պնդում, որ իրենք աջակիցներ չունեն, մենք ասել ենք՝ այո, ունեն: Էն, որ ասում էինք՝ մաշեցնելու ենք, նկատի ունեինք, որ մտնելու ենք յուրաքանչյուր հայ մարդու ընտանիք, բացատրենք իրականությունը, մենք գիտեինք՝ իրենք ընտրազանգված ունեին, բայց որևէ սոցիոլոգիական հարցումով իրենք չեն ունեցել 30 տոկոսից ավելի աջակիցներ», - ընդգծեց Սաղաթելյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» ընդդիմությունից հնչող մեղադրանքներն իրականությունից հեռու են համարում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն մատնանշում է՝ ընտրական հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով հենց ընդդիմադիրներն են անցնում, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքից։ Գաբրիելյանը ընդդիմադիրների հայտարարություններում հակասություններ է տեսնում։

«Իրենք նոյեմբերի 9-ից հետո ամեն օր մի քանի անգամ հայտարարում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում իշխանություն չունի, դա պատճառաբանում էին նրանով, որ Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը չի ենթարկվում, պատճառաբանում էին, որ նա չի կարողանում հրամաններ կամ կարգադրություններ տալ պետական որևէ կառուցի և հետևաբար հիմա ըստ էության հակառակ բանն են ասում: Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չուներ իշխանությունը, ապա ինչպե՞ս է կիրառում վարչական ռեսուրս», - ասաց Գաբրիելյանը:

Զինվորներին իշխանության օգտին քվեարկելու ուղղորդում էլ է Գաբրիելյանն անհավանական համարում, հակառակը կասկածներ ունի, որ ընդդիմությունը կարող էր նման ուղղորդումներ իրականացնել. «Ես ուզում եմ այդ դաշինքի անդամներին հիշեցնել, որ ոչ վաղ անցյալում, ընտրություններից մի քանի ամիս առաջ ընդամենը Գլխավոր շտաբի պետը և մի քանի կորպուսի հրամանատարներ, եթե հիշողությունս չի դավաճանում, հենց Սյունիքի մարզի համար պատասխանատու կորպուսի հրամանատարը պահանջել էր և շարունակում էր պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եթե իրենք ասում են, որ բանակին, զինվորներին ուղղորդել են քվեարկության, ապա իմ մոտ կասկածներ կան, որ գուցե հենց այդ զորքին փորձել են ուղղորդել՝ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին կամ այլ ընդդիմադիր ուժի օգտին»:

«Եթե մենք գալիս ենք այն եզրակացության, որ այդ մանդատները վերցնելով մեր պայքարին նոր ուժ ենք տալու, օգտվելու ենք նաև խորհրդարանական ընդդիմության գործիքակազմից և հնարավորություններից, որը լրացուցիչ լծակ և հնարավորություն է մեր պայքարին ուժ տալու, ընդլայնելու և այս չարիքի կառավարության դեմ ավելի լայնամասշտաբ պայքարելու, ուրեմն կգնանք այդ տարբերակով՝ կվերցնենք մանդատները», - ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Հայաստան» դաշինքն այս ընտրություններում 29 մանդատ է ստացել, «Քաղաքացիական պայմանագրից» հետո ՀՅԴ ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները միավորող դաշինքը մեծությամբ երկրորդ ուժն է լինելու նոր ձևավորվող խորհրդարանում։ Իշխան Սաղաթելյանը բացառում է, թե Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքից միայն Դաշնակցությունը կլինի, իսկ արդյոք քննարկվո՞ւմ է մանդատներից հրաժարվելու տարբերակը։

«Նման քննարկումներ հատկապես սկզբնական օրերին եղել են, հիմա հակված ենք այդ մյուս տարբերակին, բայց մեր վերջնական դիրքորոշումը կհայտնենք Սահմանադրական դատարանի որոշումից հետո», - ընդգծեց Սաղաթելյանը:

Դաշնակցականների համոզմամբ՝ չնայած ընտրությունների արդյունքում նոր որակի իշխանություն չձևավորվեց, բայց հիմա նոր որակի ընդդիմություն կա։ Վճռական են՝ խորհրդարանում իշխանություններին օր ու արև չեն տալու, նաև «Պատիվ ունեմ» դաշինքի հետ միասին։

«Բնական է, որ «Պատիվ ունեմ»-ը այնտեղ, որտեղ որ համագործակցությունը առավել մեծ արդյունք կտա, իհարկե, պիտի համագործակցել և հասնել արդյունքի», - ընդգծեց Դաշնակցության գերագույն մարմնի նորընտիր անդամ Արծվիկ Մինասյանը:

XS
SM
MD
LG