Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը դիտարկում է ընդդիմությանն անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու հարցը. Սաղաթելյանը սա քաղաքական ճնշում է որակում


Ընդդիմադիրները լքում են խորհրդարանի նիստերի դահլիճը, արխիվ
Ընդդիմադիրները լքում են խորհրդարանի նիստերի դահլիճը, արխիվ

Ազգային ժողովի նախագահը դիտարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիրներին անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու հեռանկարը։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հարցը կքննարկվի, երբ նստաշրջանն ավարտվի, հունիսի 17-ից հետո։ ​

«Ես անձամբ համարում եմ, որ մենք պետք է այդ հարցին շատ լուրջ մոտենանք։ Ինչ որոշում կկայացվի՝ ես չգիտեմ։ Ներողություն եմ խնդրում, սա проходной двор չի էլի, այսինքն՝ երբ ուզում եմ՝ ես բոյկոտեմ, հետո գալիս եմ, ներս եմ գնում», - շեշտում է ԱԺ նախագահը։

Ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ի պատասխան հայտարարում է՝ իշխանությունը փորձում է քաղաքական ճնշում բանեցնել, ազդել փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրների վրա։

«Իրենք չեն կարող, իրենց հոր տնից չեն տվել այդ մանդատները, որ մի հատ էլ զրկեն։ Թող սկսեն, դա այնքան երկրորդական է, իրոք շատ երկրորդական է», - պնդում է նա։

ԱԺ լրատվականից «Ազատությանը» փոխանցել են վերջին՝ գարնանային նստաշրջանում քվեարկություններից ամենաշատը անհարգելի բացակայած պատգամավորների ցանկը։

Խորհրդարանի տրամադրած տվյալը մեկ շաբաթ առաջվա պատկերն է ներկայացնում։ Ըստ դրա՝ մինչև մայիսի 11-ը տեղի է ունեցել 193 քվեարկություն ու գրանցում, 10 պատգամավորներ՝ 9-ը «Հայաստան», 1-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ դրանցից ավելի քան կեսից անհարգելի բացակայել են։ Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում արդեն 13 ընդդիմադիրների մասին էր խոսում, որ բացակայել են ավելի շատ, քան թույլատրելի է։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն, ըստ ԱԺ-ի, 115 բացակա ունի, բոլորն՝ անհարգելի։ «Հայաստան»-ից ամենաշատ բացակայողների ցանկում խորհրդարանում ներառել են Արմեն Չարչյանին՝ 153 բացակա, 34-ը՝ հարգելի, Գեղամ Մանուկյանին՝ 129 բացակա, մեկը՝ հարգելի, Իշխան Սաղաթելյանին՝ 101 բացակա, կրկին մեկը՝ հարգելի։ Ազգային ժողովը, սակայն, չի մանրամասնում՝ ինչ հիմքով են բացակաները հարգելի կամ անհարգելի համարել։

«Թող գան, վատ դրության մեջ դնեն վարչապետին». ԱԺ նախագահ

«Օրինակ՝ Ասպրամ Կրպեյանը, զրո ելույթ, զրո օրենսդրական նախաձեռնություն, 98 բացակայություն», - նկատում է Ալեն Սիմոնյանը։

Ազգային ժողովի նախագահը մանրամասն տեղյակ էր ընդդիմադիրների բացակայություններից, ու դրանցից քանիսն են հարգելի, քանիսն՝ անհարգելի։ Դա չի՞ վկայում, որ իշխանությունը որպես մահակ է ուզում օգտագործել բացակայությունները վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիրների դեմ։

«Ես գիտեմ՝ ով ինչքան աշխատավարձ է ստանում, ով քանի անգամ է բացակայում, ում օգնականներն ինչով են զբաղված շենքում, և ում վարորդներն ինչով են զբաղված գործից դուրս։ Այո, տեղեկացված եմ, դա իմ աշխատանքն է։ Ինչ վերաբերում է մահակին, այնպես չի չէ՞, որ ընդդիմությունն այդ մանդատից զրկվում է, ես վերցնում եմ, դա տալիս եմ «Քաղաքացիական պայմանագրի» հաջորդ համարին, հաջորդ իրենց համարն է գալու», - նշում է խորհրդարանի նախագահը։

2018-ին Սերժ Սարգսյանն էր Փաշինյանի գլխավորությամբ ընդդիմադիր պատգամավորներին փողոցից ԱԺ վերադառնալու կոչ անում, հիմա` Փաշինյանի թիմակից Սիմոնյանը. «Թող չբացակայեն, թող գան, վատ դրության մեջ դնեն վարչապետին։ Բա եթե փողոցում են իրենք իրենց տեղը գտնում, ես ի՞նչ անեմ», - ասում է նա։

Այսօր պայքարի օրակարգը փողոցում է. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմադիր Սաղաթելյանն այսօր էլ կրկնեց՝ խորհրդարան վերադառնալու են բացառապես իրենց օրակարգով. «Իրենք փորձում են քաղաքական ճնշում բանեցնել ու մտածում են, որ դա ինչ-որ կերպ կարող է մեզ վրա ազդել, բայց ի տարբերություն իրենց՝ մենք ո՛չ մանդատով, ո՛չ պաշտոններով, մեր կյանքի նպատակը երբեք դա չի, հետևաբար այսօր պայքարի օրակարգը փողոցում է, և մենք շարունակում ենք անհնազանդության, բողոքի ակցիաները՝ կազմակերպելով ժողովրդի հանրային ճնշումը և այս ճանապարհով հեռացնելու ենք իշխանություններին»։

Մանդատներից զրկելու հարցում վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է

Օրենքով պատգամավորը մանդատը կորցնելու վտանգի տակ է, եթե մի կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է։ Թե որ բացակայությունները կարող են հարգելի համարվել, օրենքով նկարագրված են՝ օրինակ, գործուղումները, կալանքը կամ ձերբակալությունը, քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու խմբակցության հայտարարությունը։ Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերջնական որոշումը ԱԺ նախագահի նախաձեռնությամբ հրավիրած նիստում խորհուրդն է կայացնում։ Կազմում են ԱԺ նախագահը, փոխխոսնակները, խմբակցությունների ու հանձնաժողովների նախագահները։ Այստեղ իշխող կուսակցությունն ունի մեծամասնություն։

Եթե խորհրդի նիստում չի ընդունվում որոշումը, հարցը չի փակվում. առնվազն 22 պատգամավոր դեռ կարող է հավաքվել ու կոլեգայի լիազորությունների դադարեցման հարցով դիմել ՍԴ։ Չնայած կարգավորումն օրենքում վաղուց է, բացակայությունների հիմքով պատգամավորին մանդատից զրկելու նախադեպ չի եղել, իսկ նախաձեռնություն, այո, Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում։ Չնայած տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանն ամենաշատ բացակայողներից էր, բայց մանդատից զրկելու մասին Հանրապետական իշխանությունը խոսեց հանրահավաքային պայքար սկսելու մասին նրա հայտարարություններից հետո միայն։ Երբ ԲՀԿ առաջնորդն իշխանական ակնհայտ ճնշումների ներքո՝ 2015-ին որոշեց քաղաքականությունից առժամանակ հեռանալ, այդժամ Ծառուկյանի անհարգելի բացակայությունները հանկարծ դարձան հարգելի։

Խորհրդարանի աշխատանքներին տարիներ շարունակ հետևող ParliamentMonitoring ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նկատում է՝ բացակայություններն ընդդիմադիրները նոր չկուտակեցին, բայց իշխանությունը դրանց մասին այսօր՝ ընդդիմության փողոցային պայքարի փուլում բարձրաձայնեց։

«Ունենք իրավիճակ, որն ունեցել ենք նախկինում էլ, բայց ինչ հանգուցալուծում կստանա այդ իրավիճակը, մնում է սպասել, բայց շատ մեծ հավանականությամբ այդ բացակայությունները այս դեպքում հարգելի չեն համարվի, կարծես թե կունենանք իրավիճակ, երբ առաջին անգամ պատգամավորի բացակայության հարցը կդիտարկվի մանդատից զրկվելու համատեքստում», - նշում է նա։

Մանդատներից զրկելու հարցում վերջին խոսքը Սահմանադրական դատարանինն է։ Կարող է կա՛մ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու, կա՛մ ԱԺ-ից ստացած դիմումը մերժելու որոշում կայացնել։

XS
SM
MD
LG