Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագիրը» չի սկսի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց


Այս պահին «Քաղաքացիական պայմանագիրը» չի սկսի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց։ Բայց նաև չեն բացառում, որ հարցին կրկին կանդրադառնան։ Օրինակ՝ սեպտեմբերին, ասում է իշխանական մեծամասնության ներկայացուցիչ Հրաչյա Հակոբյանը։

Այսօր երեկոյան նշանակված է ԱԺ-ի խորհրդի արտահերթ նիստ՝ ընդդիմադիր 33 պատգամավորներին՝ «Հայաստան» խմբակցության ողջ կազին, «Պատիվ ունեմ»-ի մեծամասնությանը մանդատներից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցով։ Հիմնավորումը 6 ամսվա մեջ քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայություններն են։

«Մենք որոշում ենք կայացրել այս փուլում նման գործընթաց չսկսել և չենք բացառել, որ մի օր կվերադառնանք այդ քննարկմանը՝ մանդատներից զրկելու։ Չեմ բացառում, որ սեպտեմբերին կամ հոկտեմբերին խմբակցությունը ևս մեկ անգամ այդ հարցի վերաբերյալ քննարկում կազմակերպի։ Թե ինչպիսի որոշում կկայացվի, այս պահին նույնպես չեմ կարող ասել», - «Ազատությանն» ասաց Հրաչյա Հակոբյանը։

Ո՞ւր կորավ իշխանականների հաստատակամությունը, Ազգային ժողովի նախագահը վճռական էր մանդատից զրկելու գործընթաց սկսել, ընդամենը 2 օր առաջ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն էր ասում՝ չնայած քննարկումները շարունակում են, բայց հետ չեն կանգնել մտքից, որ բացակայող պատգամավորները պետք է զրկվեն մանդատներից։

Ո՞րն է պատճառը, արդյոք գիտակցումը, որ գործընթացը ժողովրդավարական չէ, կարող է դիտվել որպես ընդդիմադիրներին հետապնդելու քայլ։

Հրաչյա Հակոբյանն ասում է՝ պայմաններ են ստեղծում խորհրդարան ընդդիմության վերադարձի համար. «Մեզ հարցնում եք, ասում եք՝ ինչո՞ւ չեք ստեղծում պայմաններ, որպեսզի ընդդիմությունը վերադառնա խորհրդարան։ Հիմա սա այդ պայմաններից մեկն է, որպեսզի նրանք թողնեն իրենց փողոցի այսպես ասած՝ պայքարը, ինչպես իրենք են սիրում ասել, ժողովուրդն իրենց մանդատ է տվել, որ իրենք փողոցում պայքարեն, և վերադառնան խորհրդարան, սա այդպիսի մի գրծընթաց է։

Ամեն դեպքում, այո, ՀՀ-ում, Ազգային ժողովում պետք է լինի ընդդիմություն, և եթե իրենք իրենց տեղում չեն, դա վատ է անդրադառնում մեր երկրի վրա։ Մի քիչ հայրենասիրություն գտնեն իրենց մեջ և գան, հանուն Հայաստանի Հանրապետության աշխատեն իրենց աշխատասենյակներում և դահլիճում»։

Փողոցում 2.5 ամիս վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը մանդատներից զրկելու՝ իշխանության սկսած գործընթացը քաղաքական հետապնդման փորձ է որակում։ Իսկ ինչո՞ւ հրաժարվեցին, Գեղամ Մանուկյանը կարծում է. «Ենթադրում եմ՝ մի խելոք մարդ, ոչ պատգամավոր վստահաբար ասել է՝ տղե՛րք, համը հանում եք, երկիրն եք խայտառակ անում, ժողովրդավարության բաստիոնի փլուզված վերջին քարերն եք հրում գետիններ, դրա համար նման հայտարարություն են արել։ Իրենք իրենց իսկ հրաժարումով պարզեցին իրենց բուն նպատակը, իսկ մնացած բոլոր լոլոները՝ պարլամենտարիզմի, նիստերին մասնակցելու, ժողովրդի մանդատի և այլն, այդ ամբողջը քողարկում էր ՔՊ-ական միահեծանությունն ու քաղաքական անհանդուրժողականությունը»։

Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է՝ ԱԺ վերադառնալու միտք այս պահին չունեն, բայց նա. մանդատներից չեն հրաժարվի։ Իշխանությունն ասում է՝ պայմաններ են ստեղծում բոյկոտը դադարեցնելու համար։ Ընդդիմադիրները չեն շտապում մեկնաբանել՝ իրենք ընդառաջ քայլ կանե՞ն։

«Իմ 30 տարվա քաղաքական փորձով եկեք ժամանակս խնայեմ և Հրաչյա Հակոբյանին չմեկնաբանեմ», - ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանդատներից զրկել-չզրկելու որոշումը ՍԴ-ն է կայացնում։ Հենց դիմելու հարցը այսօր երեկոյան պիտի քննարկվի խորհրդում։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են՝ չեն մասնակցի խորհրդի այսօրվա նիստին։ Ընդդիմադիրների բացակայության պայմաններում խորհրդում հարցի քննարկումը կհետաձգվի մեկ շաբաթով ու տեղի կունենա արդեն անկախ նրանց ներկայությունից: Բայց գլխավոր հարցերից մեկն այն է՝ խորհուրդը կհավաքվի՞ նիստ անելու, թե՞ ՔՊ-ականները նույնպես չեն գա, և քվորումի բացակայության պատճառով նիստը կտապալվի։ Ու եթե այսօր հարցի քննարկումը սկսվի, օրենքը երկշաբաթյա ժամկետ է նախատեսում ՍԴ դիմելու համար։ Եթե չսկսվի, ԱԺ-ն էլ գնա արձակուրդ, սեպտեմբերին կրկին կարող են անդրադառնալ հարցին զրոյից։ Իշխանականները հնարավոր այս սցենարը չեն բացառել՝ հայտարարելով, թե ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցին կրկին կանդրադառնան սեպտեմբեր-հոկտեմբերին՝ հաշվի առնելով «ընդդիմադիրների պահվածքը»։ Եթե որոշում էլ չընդունեն, դրանից հետո մեկ ամիս էլ պատգամավորներն ունեն՝ սեփական նախաձեռնությամբ ՍԴ դիմելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG