Երևանը որոշակիորեն հետքաշված է պահում իրեն մի կողմից ռուսական կողմի պատասխանատվությունը բարձրացնելու, մյուս կողմից Արցախի սուբյեկտության որոշակի տարածություն բացելու համար, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Երևանը Բերձորի, Աղավնոյի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հարցով տևական լռություն պահպանում։
Ըստ Բադալյանի, Հայաստանը փորձում է ստեղծել մի իրավիճակ, երբ Ադրբեջանը թեկուզ ոչ ֆորմալ, թեկուզ չբարձրաձայնված, բայց ստիպված լինի շփվել և ինչ-որ հարցեր լուծելու համար հաղորդակցվել արցախյան կողմի հետ՝ թեկուզ ռուսների միջոցով։
«Այս տեսանկյունից, ի դեպ, հատկանշական է, որ տեղեկություն եղավ, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը ռուսների և ադրբեջանական կողմի հետ ինչ-որ հարցեր քննարկելու համար եղել է Բերձորում՝ Աղավնոյում», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Մյուս կողմից, Բադալյանի համոզմամբ, Երևանը որոշակիորեն էս պասիվությունը պայմանավորում է նրանով, որ Ադրբեջանը չփորձի Հայաստանի ուղղությամբ ինչ-որ գործողություններով ընդլայնել շանտաժի դաշտը և փորձի այլ օրակարգեր և քաղաքական պահանջներ բերել մեջտեղ։
«Հատկապես Ադրբեջանն, ըստ ամենայնի, Հայաստանից չի ստանում այն, ինչն ակնկալում էր միջանցքային տրամաբանության մեջ, և դրա համար փորձում է ինչ-որ պահանջներ դնել Լաչինի մասով՝ էդ ուղղությամբ զարգացումներն արագացնելու առումով», - ասաց Բադալյանը՝ նկատելով՝ Հայաստանի պահվածքը նաև թելադրված է պատերազմի հետևանքով՝ պարտության՝ մանևրել գլխավոր, առանցքային, կենսական հարցերի շուրջ և տակտիկական որոշակի զիջումների շնորհիվ՝ պահել դիրքերն առավել կարևոր և կենսական հարցերում։
«Ես կարծում եմ, որ սա իհարկե ամենևին լավագույն վիճակը չէ, լավագույն ռեժիմը չէ քաղաքականություն վարելու, բայց այսօր կա այն, ինչ կա, և Երևանը փորձում է մանևրել այդ եղածի շրջանակում», - ասաց քաղաքական մեկնաբանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը հաղորդում է Լաչինը շրջանցող ճանապարհի իր հատվածի կառուցումն ավարտելու մասին