Մատչելիության հղումներ

«Մինչև չստանանք, չենք հեռանա». Աղավնոյի բնակիչները սպասում են բնակարանի գնման հավաստագրերին


Աղավնոն հավաքում է ճամպրուկները. Անի Հովսեփյանը Բերձորից Աղավնո հարս է եկել 12 տարի առաջ, այստեղ մեծանում են նրա երեք երեխաները։ Տան բոլոր անկյուններում արկղեր են, դասավորել-պատրաստել է, որ Երևան վարձով տուն տանի, իսկ ի՞նչ անի ծաղիկներով, թիթեռներով նկարազարդված պատը, Անիի ամենասիրելի տեսարանն է:

«Իմ շատ լավ ընկերն ա նկարել, իմ հարևանը, լավ օրեր ենք ունեցել էդ նկարելու ընթացքում, լավ հիշողություն ա», - ասաց Անին:

Մայրաքաղաքային բնակարան չի կարող տանել մյուս սիրելիներին՝ Ռիժիկն է ու ձագուկները. -«Կտանեմ մի տեղ բաց կթողնեմ»:


Աղավնոյի 177 բնակիչներից ոչ ոք առայժմ գյուղից չի հեռացել, երկու շաբաթ է մնացել ու գյուղը ադրբեջանական կդառնա:

«Մենք մնալու ենք վերջին օրը դուրս գանք, տեսնենք ինչ ա լինելու վերջին օրը», - նշեց Անի Հովսեփյանը:
Արցախի կառավարությունը բնակարանի գնման հավաստագրեր պիտի տա՝ 8-12 միլիոն դրամի: «Մինչև չստանանք, չենք հեռանա», - բնակիչները հաստատակամ են: Նաև նրանց հորդորել են՝ տները կրակի չտալ, դուռ, պատուհան կտուր չհանել, թե չէ՝ հավաստագիր չեն ստանա:

«Ոչ էլ կայրեմ, ձեռքս չի գնա, համ էլ միգուցե մի օր հետ կգանք», - ասաց Անին:​


Աղավնոյի բնակիչները ենթադրում են՝ կառավարությունը ձգձգում է հավաստագրի տրամադրումը, որպեսզի իրենք կարմիր տանիքներով, գեղեցիկ, խնամված իրենց առանձնատները անվնաս թողնեն:

«Աշխատում ենք, որ էդպես ստացվի, կարծում եմ, կստացվի», - նշեց Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:​

Քաշաթաղի վարչակազմի ղեկավարն էլ չգիտի, թե երբ կլինեն այդ սերտիֆիկատները, գիտի այն, որ վաղվանից տեղահանվողներին կսկսեն տրամադրել փող՝ Աղավնոյից իրերը տեղափոխելու և անձամբ հեռանալու համար. - «Կտրամադրվի 125 հազար դրամ միանվագ և երկու ամիս անընդմեջ 70 հազար դրամ գումար կփոխանցվի, իսկ մեկ շնչից ավելի ընտանիքները կստանան 250 հազար դրամ և նույնպես շնչի հաշվարկով 70 հազար դրամ»​:


Ովքեր Աղավնոյում գույք ունեն, բայց իրենք այստեղ չեն ապրում, կստանան միայն վառելիք՝ իրերը տանելու համար:

Լիդա Սմբատյանի ընտանիքն էլ սպասողական անորոշ վիճակում է. - «Կոմպոտը պիտի տանեմ, հագուստը: Քանդել ենք, ավիրել ենք»:​

Շատ բան տանել չեն կարող, միայն անկողին, հագուստը, գույքը թողնում են, որովհետև չգիտեն, թե ուր են գնալու. - «Էսպես քոռ ու փուչ, փոշման, մեր 30 տարվա տանջանքը: 94 թվից եկել ենք, 94 թվի մայիսից մենք ստեղ տանջվել ենք»:​


Սիրուն ծաղիկներ է աճեցնում տիկին Լիդան, ողջ ձմեռ փրկել է ցրտից, հիմա շքեղ ծաղկել են, կման Աղավնոյում, բայց ո՞վ կջրի, անհանգստանում է. - «Իմ ամբողջ ուրախությունը իմ ելակներն էին, իմ ելակի արտը, խաղողները, խնդրեմ, գետնին թափված, լոլիկը հասած»​:

Այգում բոլոր ծառերը ճղակոտոր են առատ բերքի ծանրությունից, բանջարեղենի երկրորդ ցանքսն էր արել՝ աշնանն ուտելու համար:

Եկվորները օրհնանքով, թե՝ անեծքով կուտեն իր բերքը, ասում է՝ չգիտեի:

XS
SM
MD
LG