Մատչելիության հղումներ

Լաչինի այլընտրանքային ճանապարհի «այլընտրանքն» էլ դեռ կառուցված չէ, ահազանգում են Աղավնոյից


Ինչպե՞ս է ապահովվելու Հայաստան - Արցախ կապը առաջիկա 8 ամիսների ընթացքում, մինչև որ եկող տարվա գարնանը հայկական կողմը ավարտի Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի Կոռնիձորի հատվածի շինաշխատանքը:

«4 կիլոմետրանոց հողային ճանապարհ կա, որը միանում է այս պահին գործող մայրուղուն. մի մասը` Հայաստանի, իսկ մյուս մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է: Մենք ժամանակավոր կերթևեկենք այդ 4 կմ-ով: Դա նույնպես միջանցքի տրամաբանությամբ կգործի, մինչև հիմնական ճանապարհի կառուցումը», - ասաց Արցախի տարածքային կառավարման նախարարի օգնական Վիկոտրիա Պետրոսյանը:

Պետրոսյանի տեղեկացմամբ՝ հողային այս ճանապարհն էլ ռուս խաղաղապահների հսկողության տակ կլինի: Օգոստոսի 25-ից Արցախից Հայաստան երթևեկությունը կանցնի Հագարի գետի վրա ադրբեջանցիների կառուցած կամրջով:

«Կամրջից անցնում ա, Աղավնոյի վերևով արդեն աջ ես անում արոտավայրերի, դաշտերի կողքով գնում ես», - ներկայացրեց Աղավնոյի բնակիչ Անուշ Առաքելյանը:

Նորակառույց կամրջից այս կողմ, սակայն, միայն անորոշություն է, Աղավնոյի բնակիչները շեշտում են՝ ճանապարհը երթևեկելի չէ մարդատար մեքենաների համար:

«Էս պահին անցանելի չի, բայց դե պիտի աշխատանքներ կտարվեն. ցածր մեքենաներ չեն կարա գնան», - ասաց Աղավնոյի բնակիչ Կարեն Հակոբյանը:​

4 կիլոմետրանոց այս ճանապարհը ժամանակավոր է, բայց որպեսզի այն իսկապես ծառայի մարդկանց, պետք է բարեկարգվի: Թե՛ Կոռնիձորի ու թե՛ Աղավնոյի բնակիչներն ասում են՝ որևէ աշխատանք առայժմ չի կատարվում: Դիմեցինք Հայաստանի ճանապարհային դեպարտամենտ՝ ճշտելու արդյոք ծրագրում են կարգի բերել այն արահետը, որ 15 օրից միակ կապն է լինելու Հայաստանի ու Արցախի միջև, պատասխանեցին՝ Ճանապարհային դեպարտամենտն այդ մասին տեղեկություն չունի: Արցախից էլ պատասխանը միայն հարցեր է առաջացնում:

«Հնարավորինս աշխատանքներ են տարվում, որպեսզի կարողանանք 25-ից հետո, գոնե, դրանով երթևեկել, մինչև հիմնական ճանապարհը կառուցվի, ամեն բան կարվի», - ասաց Վիկտորիա Պետրոսյանը:​

եթե հողային այդ ճանապարհը, ըստ գյուղացիների, հիմա է դժվարանցանելի, ի՞նչ է լինելու աշնանային անձրևների ու հետո էլ ձյան պայմաններում: Աղավնոյից լավ լուր էլ կա՝ ասում են նորակառույց կամրջից եկող այդ ճամփան ձորի մեջ տաքուկ տեղ է, ձյունը շուտ կհալվի:

XS
SM
MD
LG