Հայաստանի վարչապետն այսօր կառավարության նիստում հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին ապահովել, որ ադրբեջանական կողմը կարողանա անարգել անցնել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Միաժամանակ, ընդգծեց Փաշինյանը, դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու: Մենք ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան: Հենց այսօր», - նշեց նա:
Նոյեմբերի 9-ի հայտարարության վերջին կետը նշում է, որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև` քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Ադրբեջանական կողմից պնդում են, թե անխոչընդոտ տեղաշարժ նշանակում է, որ հայկական կողմը չպետք է որևէ վերահսկողություն իրականացնի: Ամիսներ առաջ, մասնավորապես, այդ մասին խոսել էր Ադրբեջանի նախագահը Բրյուսելում`պատասխանելով «Ազատության» հարցին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը Հայաստանի տարածքով մուտք է ցանկանում դեպի Նախիջևան, հասնելու համար նաև ռազմական շանտաժի է դիմում․ քաղաքագետ«Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանն ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է», - նշել էր Ալիևը։
Հայկական կողմը, մինչդեռ, հակադարձում է, թե ի տարբերություն Լաչինի միջանցքի` «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա:
Անդրադառնալով ազատ տեղաշարժի մասին դրույթին` Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե դա էլ պետք է լինի Հայաստանի Սահմանադրության ու օրենսդրության շրջանակներում. «Ինչ վերաբերում է հայտարարության այն կետին, որտեղ ասվում է, որ ազատ տեղաշարժ պետք է տեղի ունենա, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ գրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ազատ տեղաշարժի իրավունք: Դա չի նշանակում, որ այդ ազատ տեղաշարժը պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շրջանցմամբ»:
Փաշինյանը նշեց, թե երկրորդ փուլի քննարկման հարց է, թե հատկապես որ կետերով է Բաքուն ուզում կազմակերպել տարանցումը: Կարևոր է արձանագրել, որ տեղում պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային, մաքսային և անվտանգության հսկողություն իրականացվի: Ընդ որում, խոսելով այս հսկողության մասին` Փաշինյանը նաև ռուսական կողմին հիշատակեց: Թե ռուսական կողմն ինչ դերակատարություն է ունենալու ինքնիշխան Հայաստանի տարածքով ադրբեջանական մարդատարների և բեռնատարների ընթացքն ապահովելու գործում, Փաշինյանը չհստակեցրեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում«Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն և, իհարկե, անվտանգության ապահովում, որը մենք երթևեկության անվտանգության ապահովում, որտեղ նաև ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք և պատրաստ ենք և կապահովենք: Որևէ կասկած դրանում չունենք», - հայտարարեց նա:
Մոտ ամիսուկես առաջ «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի շուրջ կողմերը մոտ են հետևյալ պայմանավորվածության՝ նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը, այնուհետև անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։ Այս մասին հրապարակումներ էին եղել նաև այլ լրատվամիջոցներում: Պաշտոնական Երևանը, սակայն, առայժմ այդ տեղեկությունները չի հաստատել, բայց և չի էլ հերքել: