Պաշտոնական Երևանը ժամեր անց արձագանքեց դաշնակցային փոխգործակցության մասին ռուս-ադրբեջանական հռչակագրի ստորագրմանը։ Արտաքին գերատեսչությունից հույս են հայտնում, որ Մոսկվայի ու Բաքվի միջև կնքված փաստաթուղթը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը, ինչը, ըստ Արտգործնախարարության, կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը:
Մոսկվայում երեկ Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած 43 կետից բաղկացած փաստաթղթում անդրադարձ կա ռուս-ադրբեջանական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ ռազմական, քաղաքական, տնտեսական, առողջապահական ու մշակութային։ Երկու երկրները պայմանավորվել են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը, Ռուսաստանն ու Ադրբեջանը հռչակագրով հարգում են միմյանց պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու երկու երկրների պետական սահմանների անձեռնմխելիությունը։
Այս փաստաթուղթը չուսումնասիրած Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը դրանում վիճահարույց բան չի տեսնում։
«Հիմա, եթե մենք ասում ենք, որ որևէ երկրի հետ եթե մենք դաշնակցություն ենք անում, այդ երկիրը մեկ ուրիշ երկրի հետ չպիտի ունենա, դա նշանակում է, որ Հայաստանը որևէ բազմաթիվ այլ երկրների հետ, մասնավորապես Եվրոպական միության, միգուցե նաև այլ միջազգային հարթակներում պիտի առաջնորդվի իր ունեցած այլ պայմանագրերի շրջանակներում», - ասաց նա։
Ընդդիմությունը սա իշխանության հերթական ձախողումն է որակում
Մինչդեռ հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքված հռչակագիրը համարում է գործող իշխանության արտաքին քաղաքականության հերթական ձախողումը։
«Այդ փաստաթուղթը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի իշխանությունների կատարյալ ձախողված արտաքին քաղաքականությունը: Մենք կորցրեցինք հին ընկերներին, նոր ընկերներ ձեռք չբերեցինք, հարաբերությունները Ռուսաստանում կապիտալ կերպով ձախողեցին, և դրա ականատեսն ենք մենք ամեն օր, նաև այս փաստաթուղթը ցույց է տալիս, որ հարաբերություններում ինչ-որ մի բան այնպես չէ», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Ինձ շատ հետաքրքիր է, թե ժամանակային երբ է հետ կանչվելու Ռուսաստանի Հայաստանի դեսպանը և փոխարինվելու, բայց դե բոլորս գիտենք, որ դա տեղի չի ունենալու», - հավելում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Նա կարծում է, որ այս փաստաթղթով հայկական կողմը մեծ կորուստ ունեցավ։
Ըստ պատգամավորի՝ Հայաստանը չկարողացավ Հարավային Կովկասում լինել Ռուսաստանի վստահելի դաշնակիցը. «ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքի արդյունավետությունը և թե ինչպես ստացվեց, որ Ռուսաստանին անհրաժեշտ եղավ Հարավային Կովկասում ունենալ ևս մեկ դաշնակից երկիր դաշնակցի կարգավիճակով, այս հարցի հետ կապված շատ հարցեր ունեմ մեր ԱԳՆ-ին և այսպես կոչված արտաքին քաղաքականություն վարող սուբյեկտին»:
Պետք չի գերագնահատել այդ բոլոր իրողությունները. Արշակյան
Իշխանությունները չեն ընդունում մեղադրանքը, թե Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող պետության ու հակառակորդ պետության միջև կնքված դաշնակցային հռչակագիրը պաշտոնական Երևանի ձախողումն է։ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը նման հայտարարությունները չափազանցություն է համարում։
«Հիմա, եթե դուք կարծում եք, որ Հայաստանը կարող է իր որևէ գործողություններով ազդել նմանատիպ գործողությունների վրա, ես կարծում եմ` պետք չի գերագնահատել այդ բոլոր իրողությունները», - նկատեց Արշակյանը։
Արտաքին գերատեսչությունն իր հերթին հայտարարում է, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունը իր բնույթով ինքնաբավ է և պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով, եթե դրանք կողմերը չեն զարգացնում ի վնաս հայ-ռուսական դաշնակցության: