Մատչելիության հղումներ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին


ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին:

ԵՄ խորհրդի նախագահը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ նշել է, որ կողմերը սկզբունքային համաձայնության են եկել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով, և Հայաստանի տարբեր մասերի միջև Ադրբեջանի տարածքով հաղորդակցության կառավարման հարցերի շուրջ: «Արմենպրեսը» հարցրել է, թե Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին քննարկումը ինչի մասին է:

«Խոսքն այն մասին է, որ օրինակ Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի և հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան», - ասել է Գրիգորյանը:

Իսկ Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար ինչո՞ւ պիտի օգտագործվի Նախիջևանի տարածքը, հարցին նա արձագանքել է, որ դա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով:

«Քննարկվող թեման տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման մասին է, և գոյություն ունեցող բոլոր կոմունիկացիաների բացման և գործունեության սկզբունքների հարցը պետք է լուծվի: Քննարկումները տեղի են ունենում հենց այս տրամաբանությամբ», - շեշտել է ԱԽ քարտուղարը:

Արմեն Գրիգորյանը հիշեցրել է, որ նույն համատեքստում քննարկվում է նաև ՀՀ-ից Նախիջևանի տարածքով Իրան ու Ադրբեջանի արևելյան հատվածներով դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ տրանսպորտային կապի հարցը:

XS
SM
MD
LG