Ռուսաստանն ու Ադրբեջանը կշարունակեն ամեն կերպ նպաստել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների իրականացման ջանքերին, որոնք հիմք են հանդիսանում տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման, տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման համար։ Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Մոսկվայում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրում։
Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը Ռուսաստանին համարում է իր գլխավոր գործընկերը Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար։ Նրա խոսքով, դրա հնարավորությունները կան՝ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքները սկսելու պատրաստակամության մասին, որը նաև կընդգրկի սահմանները որոշելու հարցերը։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Բաքուն Երևանից ակնկալում է, որ հայկական կողմը ամբողջությամբ կատարի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը Ղարաբաղից հայկական բոլոր ուժերը դուրս հանելու, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի ու Նախիջևանի միջև հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ, և ընդգծել, թե դա հայկական կողմի իրավական պարտավորությունն է։
Ալիևի խոսքով՝ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը միջազգային երկու ձևաչափում համագործակցում է Հայաստանի հետ, ինչը վկայում է ադրբեջանական կողմի դրական մտադրությունների մասին։ Որպես այդ երկու ձևաչափեր նա նշել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը և տարածաշրջանային համագործակցության համար ստեղծված «3+3» ձևաչափը։
Ալիևը խոսել է նաև իրենց վերահսկողությանը անցած տարածքների վերականգնողական աշխատանքներում ռուսների մասնակցության մասին՝ ասելով, թե ռուսական 14 ընկերություններից հայտեր են ստացել, որոնք ցանկանում են այդ տարածքներում գործունեություն ծավալել։
Պուտինը կարևոր է համարել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման գործընթաց սկսելը՝ ասելով, թե Ռուսաստանն իր կողմից շատ բան է արել և կշարունակի անել նշված նպատակներին ու խնդիրների լուծմանը հասնելու համար։
«Իհարկե մենք կշարունակենք հնարավոր աջակցություն ցուցաբերել ցանկացած վեճերի լուծմանը, այդ թվում՝ սահմանների կարգավորմանը, օգնելու լուծել առկա սուր խնդիրները», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Նա ասել է, որ Ալիևի հետ բանակցություններում հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների նորմալացմանը, նշելով, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Կարևոր ենք համարում, որ տարածաշրջանում կյանքն աստիճանաբար հունի մեջ է ընկնում, արդեն ավելի քան 50 հազար փախստականներ վերադարձել են իրենց տները, գործնականում լուծվում են տնտեսական ենթակառույցները վերականգնելու, պատմական, կրոնական և մշակութային օբյեկտների պահպանության հարցերը», - ասել է Ռուսաստանի նախագահը, նաև նշելով, որ ադրբեջանական կողմը բարձր է գնահատում ռուսական խաղաղապահ զորախմբի և ընդհանապես Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացման գործում։
Բանակցությունների արդյունքների մասին Պուտինն ասել է, թե պայմանավորվել են հետագայում ևս աջակցել տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի շուտափույթ ապաշրջափակմանը։ Նա ընդգծել է, որ դրանում շահագրգռված են գործընթացի բոլոր մասնակիցները, ինչպես նաև հարևանները։ Նրա խոսքով՝ Ալիևի հետ հանդիպումը հստակ ցույց տվեց, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ընդհանուր հետաքրքրություն ունեն՝ ապահովելու կայունություն և անվտանգություն Կովկասյան և Կասպյան տարածաշրջաններում, ինչպես նաև զարգացնելու ինտեգրացիոն գործընթացներն ամբողջ եվրասիական տարածքում։