Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Հայաստանի տարածքով մուտք է ցանկանում դեպի Նախիջևան, հասնելու համար նաև ռազմական շանտաժի է դիմում․ քաղաքագետ


Երեկ Բրյուսելում, նախքան Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հանդիպումը, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հեռակա բանավեճի մեջ մտան․ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին մեղադրեց տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը փակուղի տանելու փորձի մեջ, երբ եռակողմ բանակցություններից ընդամեն մի քանի ժամ առաջ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի նման։

44-օրյա պատերազմից հետո Լաչինի միջանքով երթևեկելիս քաղաքացիներին անձնագրերը ստուգում են միայն ռուս խաղաղապահները։ Երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով «Ազատության» հարցին, Ալիևը պնդեց, թե «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին կետը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։

«Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելով ապրանքների և քաղաքացիների տեղաշարժի վերահսկումը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է», - ասել էր Ալիևը։

Վարչապետ Փաշինյանի արձագանքը չուշացավ. նա իր ֆեյսբուքյան էջում գրեց․ - «Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որևէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի է Հայաստանի համար»։

Հայկական կողմը ամիսներ շարունակ հայտարարում է, որ միջանցքային տրամաբանությամբ հարցեր չի քննարկում՝ ընդգծելով, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք բառը ամրագրված չէ։ Բաքուն, սակայն, մատնաշելով, նույն հայտարարության այն ձևակերպումը, որ «Հայաստանը ապահովում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել երթևեկությունը», պնդում է, թե «սա հենց միջանցք էլ նշանակում է»։

«Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարությունը նորություն չէ»

Քաղաքագետ Բենյամին Պողոսյան
Քաղաքագետ Բենյամին Պողոսյան

Քաղաքագետ Բենյամին Պողոսյանը նկատում է՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը նորություն չէ։ Ըստ նրա, Ադրբեջանը չի էլ թաքցրել, որ Հայաստանի տարածքով առանց մաքսային ու անձնագրային հսկողության մուտք է ցանկանում դեպի Նախիջևան, ինչին հասնելու համար նաև ռազմական շանտաժի է դիմում։

«Դա հիմնավորելու համար [Ադրբեջանն] օգտագործում է երկու բան, առաջինը՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետր հատվածը, որը Հայաստանը վարչապետի մակարդակով ճանաչեց որպես Ադրբեջանի մաս, որտեղ մինչև նոյեմբերի 11-ը որևէ վերահսկողություն Ադրբեջանը չէր իրականացնում և ադրբեջանցիները չէին էլ թաքցնում, որ եթե Հայաստանը համաձայնվի հրաժարվել այդ ճանապարհից, այլընտրանքային ճանապարհն ավարտելուց հետո, ապա իրենք, որպես «Զանգեզուրի միջանցքի» կամ ցանկացած տերմին օգտագործենք, որպես Սյունիքի մարզով, առանց մաքսային և անձնագրային վերահսկողության երթևեկության հիմնավորում, այդ պահանջի հիմնավորում, բերելու են Լաչինի միջանցքի օրինակը», - ասաց Պողոսյանը։

Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը հայտարարեցին, թե եռակողմ բանակցություններից հետո առաջընթաց են արձանագրել տարածաշրջանային տրանսպորտային ուղիների հարցում։

Ռուսաստանի նախագահն էլ տեղեկացրեց, որ փոխվարչապետերի աշխատանքային խումբը կհայտարարի որոշակի պայմանավորվածությունների մասին, որոնց շուրջ երեք երկրների առաջնորդներն համաձայնության են եկել։

Փոխվարչապետերը դեկտեմբերի 1-ին հանդիպեցին Մոսկվայում, սակայն որևէ հայտարարություն այդպես էլ հանդիպման արդյունքներով չտարածվեց։ Սպասում է, որ առաջիկայում փոխվարչապետերը կրկին կհանդիպեն, սակայն ոչ օրն է հայտնի, ոչ էլ բանակցությունների հստակ օրակարգը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG