Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցը Երևան, այնուհետև Բաքու առաջին հերթին մեկ նպատակ ունի՝ կազմակերպել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի ու Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի հանդիպումը, որին էլ առաջիկայում կհաջորդի արդեն Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը Բրյուսելում, կարծում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Անցած ամիս նախատեսվում էր Հաջիև-Գրիգորյան հանդիպում, սակայն, ըստ Հայաստանի վարչապետի, այն չկայացավ ադրբեջանական կողմի պատճառով։
«Կարծես թե կա ձևավորված մեխանիզմ, որ սկզբում լինում է հանդիպում երկրորդ մակարդակում՝ քննարկումներ, հարցեր։ Ինչ-ինչ հարցեր, որոնք քիչ թե շատ պարզաբանված են, դրանք դրվում են ղեկավարների սեղանին, հետևաբար, ամենայն հավանականությամբ, ես կարծում եմ, որ մինչև գոնե հուլիսի 20-ը կամ առնվազն 24-ը, մենք կունենանք անվտանգության խորհրդի քարտուղարի և Հաջիևի հանդիպում և երևի թե հուլիսի վերջ օգոստոսի սկիզբ, նախքան, ինչպես ասում են, արձակուրդային սեզոնի վերջնական մեկնարկը, մենք կունենանք նաև ևս մեկ հանդիպում Բրյուսելում երկու պետությունների ղեկավարների միջև՝ էլի Շառլ Միշելի միջնորդությամբ», - ասաց Բենիամին Պողոսյանը։
Եվրամիության հատուկ ներկայացուցիչը երեկ է ժամանել Երևան։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղարի և վարչապետի հետ։
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Արմեն Գրիգորյանի ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներին, մասնավորապես, անդրադարձ է եղել Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներին ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ մայիսին էին հանդիպել։ Պայմանավորվել էին սահամազատման աշխատանքային խմբի առաջին նիստի անցկացման շուրջ, ինչպես նաև ընդհանուր հայտատարի էին եկել տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ:
Կլաարը հուլիսի 15-ին էլ մեկնելու է Ադրբեջան, որտեղ, ըստ նրա խոսնակի, կհանդիպի Ադրբեջանի ղեկավարության հետ:
«Ուշադրության կենտրոնում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցն է լինելու»
Բենիամին Պողոսյանի խոսքով՝ առաջիկայում Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպմանը հենց հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցն է ուշադրության կենտրոնում լինելու։
«Համենայն դեպս, մոտ մեկ շաբաթ առաջ դրական հայտարարություններ հնչեցին Մոսկվայից և մեր փոխվարչապետը հաստատեց, որ լուրջ առաջընթաց կա հաղորդակցության ուղիների վերագործարկման առումով։ Չեմ բացառում, որ Բրյուսելում փորձ կարվի, այսպես ասենք, վերջնական համաձայնությունները փաստաթղթային տեսքով գոնե նախնական ֆիքսել Բրյուսելում։ Ես հուսամ, որ ամեն դեպքում Եվրամիությունն էլ է այստեղ դրական դեր կատարում և միայն Մոսկվան չէ», - ասաց քաղաքագետը։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր հայտարարել, որ Փաշինյանն ու Ալիևը խոստացել են պահպանել սերտ շփումներն ու նույն՝ եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում էլ անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Քաղաքագետը չի բացառում՝ Բրյուսելում օգոստոսի սկզբին հնարավոր է կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ ձեռքբերեն ու փաստաթղթեր ստորագրվեն։
«Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերջնականացում, այսինքն՝ կոնկրետ փաստաթղթերի ստորագրում, որտեղ կֆիքսվեն ուղիները, անցման ընթացակարգերը, սահմանային, մաքսային հսկողության իրականացումն, ում կողմից իրականացումը, և նաև հանձնաժողովների աշխատանքի մեկնարկը, այսինքն, որ գոնե այդ առաջին երկու նիստերը կայանան, որից հետո նոր հասկանալի կլինի, թե ուր է գնում դելիմիտացիայի գործընթացը։ Դրանց շուրջ կոնկրետ պայմանավորվածություններ Բրյուսելում կարող են ձեռք բերվել», - ասաց քաղաքագետը։
Բենիամին Պողոսյանը, մինչդեռ, չի պատկերացնում, թե առաջիկայում Երևանն ու Բաքուն առաջընթաց ունենան խաղաղության պայմանագրի կնքման շուրջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը «պատրաստ է և' խաղաղության պայմանագրի կնքմանը, և' կոմունիկացիաների վերաբացմանը»