Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը՝ այն որակելով շոշափելի առաջընթաց եռակողմ հանդիպումից հետո։
«Ջերմորեն ողջունում եմ հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին նիստը՝ միջպետական սահմանի սահմանազատման և կայուն իրավիճակի լավագույնս ապահովման վերաբերյալ քննարկումներն առաջ մղելու նպատակով», - երեկ Թվիթերում գրել է Միշելը։
Գրիգորյանն ու Մուստաֆաևը հանդիպեցին երեկ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին։ Հանդիպմանը կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ, քննարկեցին հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը նաև պայմանավորվեցին երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։
Փաշինյան-Ալիև բրյուսելյան բանակցություններից հետո հայտարարվեց Հայաստանում և Ադրբեջանում սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ ստեղծելու մասին։ Մեկ օր անց Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին հանձնաժողովների կազմը։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պարագայում հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, որոնք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների անդամներ են։