«Սա հնարավորությունների պահ է տարածաշրջանի համար, և ԱՄՆ-ն կանի ամեն ինչ` օգնելու ՀՀ-ին հասնել խաղաղության»
«Իրավիճակը Հարավային Կովկասում շատ կարևոր է: Կարծում եմ, որ այստեղ հնարավորություն կա: Նախևառաջ, դուք` հայերդ, պետք է աշխատեք ձեր հարևանների հետ՝ փորձելով առաջ տանել հաշտեցման այդ օրակարգը: Բայց ես ուզում եմ հստակեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է և ներգրավված և ցանկանում է օգտակար լինել այդ գործընթացում», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասաց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը:
Երևան ժամանելուց առաջ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ էր ունեցել Վրաստանում ու Ադրբեջանում։
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
«Ազատություն». - Տիկին Դոնֆրիդ, միանգամից անցնեմ տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ ղարաբաղյան խնդրին: Վերջերս վարչապետ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանի միջազգային գործընկերները ակնկալում են, որ Երևանը «մի փոքր կիջեցնի նշաձողը» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում` ապահովելու համար միջազգային մեծ կոնսոլիդացիա Հայաստանի և Ղարաբաղի շուրջ»։ Արդյո՞ք Միացյալ Նահանգներն այդ գործընկերների շարքում է, և եթե այո, կարո՞ղ եք նշել, թե ինչ է դա նշանակում` «իջեցնել նշաձողը»: Որքանո՞վ։ Ու ի՞նչ կարելի է սպասել այդ կոնսոլիդացիայից։
Քերըն Դոնֆրիդ. - Ես չեմ ուզում մեկնաբանել ձեր վարչապետի խոսքերը: Կարծում եմ՝ ավելի լավ է, որ դուք իրենից հարցնեք, թե ինչ նկատի ուներ: Բայց ես տեսնում եմ, որ տեղի է ունենում երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը, հուսով եմ, կհանգեցնի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը: Եվ հիմա լինելով երեք երկրներում՝ ես իսկապես խաղաղ կարգավորման ցանկություն եմ զգացել, որովհետև այն հնարավորություն կտա բացահայտել այն ներուժը, որը կարող է ի հայտ գալ տարածաշրջանային ինտեգրման արդյունքում:
Խոսելով այս հարցում ԱՄՆ-ի դերի մասին` ես կասեի՝ մենք շատ ենք ցանկանում օգտակար լինել: ԱՄՆ-ը նաև անդամ է Մինսկի խմբի համանախագահության, որը կարևոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ մենք հավատարիմ ենք մնում այդ գործընթացին։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը ևս կարևոր դեր է խաղում։ Այնպես որ, ես զգում եմ, որ սա հնարավորությունների պահ է տարածաշրջանի համար, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք Հայաստանին հասնել խաղաղության։
«Ազատություն». - Տարածաշրջան գալուց առաջ, ինչպես նաև օրերս հենց Բաքվում Դուք հայտարարեցիք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաշտության լավ հեռանկար կա։ Բայց արդյոք հնարավո՞ր է հասնել տևական խաղաղության, երբ Ձեր այցից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը կրկին վերադառնում է ռազմատենչ հռետորաբանությանը, խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին ու տասնյակ հայերի շարունակում է պահել բանտերում:
Քերըն Դոնֆրիդ. - Կարծում եմ՝ կարևոր է, որ բոլորս մտածենք, թե ինչ հռետորաբանություն ենք գործածում: Անկասկած, բառերը կարևոր են: Այնպես որ, մենք պետք է ուշադիր լինենք դրանք գործածելիս։ Կարծում եմ, որ գործողությունները նույնպես կարևոր են: Բայց եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցման ուղղությամբ առաջընթաց պետք է լինի, ապա կասկած չկա, որ մարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց խոսքերի նկատմամբ և հետևեն իրենց գործողություններին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու աջակցությունը տարածաշրջանային կայունության հաստատմանը․ դեսպան«Ազատություն». - Դուք հիշատակեցիք Մինսկի խումբը։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված ագրեսիայից հետո Արևմուտքը խզեց իր հարաբերությունները Մոսկվայի հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Արդյոք հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ԱՄՆ-ն ու Ֆրանսիան` որպես համանախագահներ, պատրաստ են վերականգնել այս ձևաչափն ու նորից նստել Մոսկվայի հետ մեկ սեղանի շուրջ։
Քերըն Դոնֆրիդ. - Նախ, ես գնահատում եմ, որ Դուք խոսեցիք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մասին։ Ինչպես գիտեք, մենք հստակ ասել ենք, որ այս պատերազմը [Ուկրաինայի կողմից] հրահրված չէ, դաժան է և չարդարացված։ Միացյալ Նահանգները փորձում է օգնել վերջ դնել դրան, մենք աջակցում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանությանը։ Եվ ես շատ հուսով եմ, որ Վլադիմիր Պուտինը կորոշի վերջ տալ այդ պատերազմին, քանի որ նա միակ մարդն է, ով այսօր կարող է որոշել դադարեցնել այն։
Դուք ենթադրեցիք, որ այդ համատեքստում ԱՄՆ-ը դադարեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացը։ Դա ճշգրիտ չէ։ ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում:
«Ազատություն». -. Համագործակցելո՞վ Ռուսաստանի հետ:
Քերըն Դոնֆրիդ. - Այո՛։ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ, այո՛: Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը։
«Ազատություն»․- Բայց կա ևս մեկ խոչընդոտ. Ալիևն ասում է` «ոչ, շնորհակալություն»:
Քերըն Դոնֆրիդ. -Դե, Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին։ Միացյալ Նահանգներն աջակցում է, և մենք մասնակցում ենք այդ գործընթացին և կշարունակենք մասնակցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք արդեն մեսիջ ենք ստացել, որ Մինսկի խմբի ինստիտուտն այլևս չի գործի». Ալիև«Ազատություն». Դուք հնարավորություն ունեցե՞լ եք այս մասին խոսել նախագահ Ալիևի հետ։
Քերըն Դոնֆրիդ.- Ես ընդարձակ զրույց եմ ունեցել նախագահ Ալիևի հետ։ Այն ընդգրկում էր բազմաթիվ թեմաներ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թեման նրանցից մեկն էր:
«Ազատություն». - Ուկրաինայի վերջին զարգացումները ցույց տվեցին նաև, թե որքան միասնական և ամուր կարող է լինել Արևմուտքը՝ պաշտպանելու այն երկրին, որը հարձակման է ենթարկվում ռազմատենչ հարևանի կողմից: Արդյո՞ք Հայաստանը կարող է Արևմուտքից ակնկալել նման ուժեղ և տեսանելի օգնություն, միգուցե՝ ռազմական աջակցություն, եթե ստիպված լինի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը։
Քերըն Դոնֆրիդ.- Ուկրաինայում պատերազմը հետևանքներ է թողնում բազմաթիվ հարթություններում: Դա առաջին հերթին ողբերգական է Ուկրաինայի համար։ Եվ ես հպարտ եմ այն դերակատարությամբ, որն ունի Միացյալ Նահանգները, ես հպարտ եմ այն աջակցությամբ, որը Միացյալ Նահանգները ցուցաբերում է Ուկրաինային: Բայց ամեն օր, երբ այս պատերազմը շարունակվում է, անմեղ ուկրաինացիներ են զոհվում։ Իրավիճակը, որում մենք այսօր գտվում ենք, սարսափելի է։
ԱՄՆ-ն, աջակցելով Ուկրաինային, ցույց է տալիս, որ խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ։ Խոսքը նաև հիմնարար սկզբունքների մասին է, այն է՝ հարգանքը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, յուրաքանչյուր երկրի՝ իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը ընտրելու իրավունքի նկատմամբ: Սրանք սկզբունքներ են, որոնց Միացյալ Նահանգները հավատում է և պաշտպանում: Եվ այն աշխարհում, որտեղ մենք ցանկանում ենք ապրել, մենք կարծում ենք, որ այս սկզբունքներն ու արժեքները էական են: Մեր նպատակն է ապահովել, որ Ռուսաստանը երբեք չձեռնարկի նման ագրեսիվ ներխուժում որևէ այլ երկրի նկատմամբ:
Ես նաև ուզում եմ հստակ ասել, որ որքան էլ կարևոր լինի այդ պատերազմը, որքան էլ կարևոր լինի մեր աջակցությունը Ուկրաինային, իսկ մենք վերջին ամիսներին մեծ ուշադրություն ենք դարձրել այս հակամարտությանը, դա չի նշանակում, որ մենք ուշադրություն չենք դարձնում այլ խնդիրների, Եվրոպայի այլ մասերին։ Եվ ես հույս ունեմ, որ իմ այցն այստեղ դրա շատ վառ օրինակն է: Իրավիճակը Հարավային Կովկասում շատ կարևոր է: Կարծում եմ, որ այստեղ հնարավորություն կա: Նախևառաջ, դուք` հայերդ, պետք է աշխատեք ձեր հարևանների հետ՝ փորձելով առաջ տանել հաշտեցման այդ օրակարգը: Բայց ես ուզում եմ հստակեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է և ներգրավված և ցանկանում է օգտակար լինել այդ գործընթացում:
«Ազատություն». - Մի փոքր խոսենք ներքին քաղաքականության մասին: Վերջերս հայաստանյան ընդդիմությունը քննադատում էր Արևմուտքին Հայաստանում մարդու իրավունքների խախտումների վրա աչք փակելու համար։ Ի՞նչպես կարձագանքեք այս մտահոգություններին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիրները Արևմուտքին մեղադրում են հայաստանյան իրադարձությունները չդատապարտելու ու երկակի ստանդարտներ կիրառելու համարՔերըն Դոնֆրիդ. - Ինչպես հենց նոր նշեցի Ուկրաինայի դեպքում, կարծում եմ, որ ժողովրդավարական իրավունքները, հարգանքը միջազգային հիմնարար սկզբունքների նկատմամբ կարևոր բաղադրիչն են այն աշխարհի, որտեղ մենք ապրում ենք: Եվ երբ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, իսկ այժմ արդեն 30 տարիների հարաբերություններ ունենք, երբ մենք շարունակում ենք խորացնել այս հարաբերությունները, դա Հայաստանի հետ մեր ունեցած համապարփակ օրակարգն է, որի նպատակն է զարգացնել տնտեսական բարգավաճումը, առաջ տանել անվտանգության և պաշտպանության խնդիրները, ինչպես նաև ժողովրդավարության օրակարգը: Եվ այստեղ ես կասեի, որ ժողովրդավարությունը վերջնակետ չէ։ Դա գործընթաց է։
Մենք՝ ամերիկացիներս, ամեն օր աշխատում ենք մեր ժողովրդավարությունը ամրապնդելու ուղղությամբ: Եվ սա Հայաստանի հետ մեր երկխոսության կենսական կարևորության հարցերից է։ Արդեն ասացի, որ ձեր արտգործնախարարը վերջերս Վաշինգտոնում էր՝ մասնակցելու հայ-ամերիկյան Ռազմավարական երկխոսությանը: Եվ այդ երկխոսության առանցքներից մեկն էլ հենց քննարկումն էր՝ ինչպես կարող ենք ամրապնդել ժողովրդավարությունը, ինչպես կարող ենք ուժեղացնել մեր հարգանքը հիմնարար իրավունքների նկատմամբ: Այդ զրույցի մի մասը վերաբերում էր, մասնավորապես, թե ինչպես կարող ենք ուժեղացնել հաշվետվողականությունը, երբ խոսքը վերաբերում է ոստիկանությանը և իրավապահ համակարգին:
Այսպիսով, դրանք օրակարգային կարևոր հարցեր են, որոնց մասին մենք պարբերաբար զրուցել ենք մեր հայաստանյան գործընկերների հետ։ Եվ մենք հանձնառու ենք օգնելու Հայաստանին, որպեսզի իր ժողովրդավարությունն ավելի ուժեղ և դիմացկուն լինի: Եվ ինչպես գիտեք, ձեր վարչապետը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, որը նախագահ Բայդենը հյուրընկալել էր անցած տարվա դեկտեմբերին: Դրա արդյունքում մասնակից յուրաքանչյուր երկիր կազմել է գործողությունների ծրագիր, որի վրա առաջիկա տարում մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի: Այնպես որ, կարծում եմ՝ մենք մեծ հնարավորություն ունենք ամրապնդել մեր համագործակցությունը նաև այս հարցերի շուրջ:
«Ազատություն». - Դուք նշեցիք Վաշինգտոնում կայացած Ռազմավարական երկխոսության հանդիպումը, որին ներկա էին պետքարտուղարը և Հայաստանի արտգործնախարարը։ Եվ դուք {Երևանում} մի քանի հանդիպումներ եք ունեցել հայ պաշտոնյաների հետ՝ նշելով, որ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության խորացմանը։ Այսպիսով, ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանի շարքային քաղաքացին այս համագործակցությունից, կապերի խորացումից։
Քերըն Դոնֆրիդ. - Նախ ասեմ, թե որքան հաճելի է մարդկանց հետ անձամբ հանդիպելը։ Կարծում եմ՝ բոլորս էլ ունեցել ենք քովիդի պայմաններում մի քանի տարի ապրելու փորձ: Դե, լավ է մարդկանց հետ հեռախոսով զրուցելը, ու մենք բոլորս շատ հմտացել ենք Zoom-ն օգտագործելու հարցում: Սակայն դա չի կարող համեմատվել զրուցակցիդ հետ նույն սենյակում նստելու և շփվելու հետ: Եվ սա իմ առաջին հնարավորությունն էր հանդիպել ձեր վարչապետին, և դա ինձ համար պատիվ էր։ Հանդիպեցի ձեր արտաքին գործերի նախարարին, որի հետ զրուցել էի ամիսներ շարունակ, ինչպես նաև Հայաստանի կառավարության այլ պաշտոնյաների հետ։ Կային մի շարք հարցեր, որոնց շուրջ զրուցեցինք։ Բայց ժամանակի զգալի մասը տրամադրել ենք տարածաշրջանում հաշտեցման հեռանկարների շուրջ քննարկումներին։
Եվ ձեր հեռուստադիտողներին կասեի, որ ես խորապես հավատում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր առաքելությունն ունի այս աշխարհում։ Եվ եթե կան բաներ, որոնց մենք հավատում ենք, և բաներ, որոնք մենք ցանկանում ենք, ապա մենք պետք է թե՛ միասնաբար, թե՛ անհատապես հետամուտ լինենք դրանց: Ու ես կարծում եմ, որ հաշտեցման օրակարգն այն օրակարգն է, որը վերաբերում է յուրաքանչյուր հայի։ Ես տեղյակ եմ, թե ինչ ցավալի պատմություն կա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ ես գիտեմ, թե որքան դժվար է առաջ նայել և այլ ապագա պատկերացնել: Բայց ես համոզված եմ, որ ձեր հեռուստադիտողներից յուրաքանչյուրն ավելի լավ ապագա է ցանկանում հայերի հաջորդ սերնդի, բոլոր հայերի համար: Այնպես որ, իմ հանձնառությունն է ասել, որ մենք Միացյալ Նահանգներում ցանկանում ենք օգնել ձեզ՝ հասնել դրան: Եվ ես կարող եմ Ձեզ հավատացնել, որ մենք դա կանենք։