Մատչելիության հղումներ

Ի՞նչ անվտանգության երաշխավոր. որտեղ կա Ռուսաստանը, այնտեղ լարվածություն է. Տիգրան Պասկևիչյան


Լեռնային Ղարաբաղում առհասարակ պետք է փորձեն գնահատել ու վերագնահատել իրավիճակը, փորձեն հասկանալ` ինչ է իրենց հետ կատարվել, այս համոզմանն է լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված նրա հետ հարցազրույցից.

«Ազատություն». - Ի՞նչ ճակատագիր եք տեսնում Լեռնային Ղարաբաղի համար:

Տիգրան Պասկևիչյան. - Լեռնային Ղարաբաղում առհասարակ պետք է փորձեն գնահատել ու վերագնահատել իրավիճակը, փորձեն հասկանալ` ինչ է իրենց հետ կատարվել: Վերջերս մեր Թաթուլը հարցազրույցներ էր արել մի շարք, և այդ հարցազրույցներից ես չստացա, բացառությամբ Վահրամ Աթանեսյանի, չստացավ տպավորություն, որ մարդիկ հասկացել են` ինչ է կատարվել իրենց հետ: Հարց է տալիս, ասում է` հնարավո՞ր է, որ Արցախն ուղիղ խոսի Ադրբեջանի հետ, Արցախի արտգործնախարարը պատասխանում է` այո, բայց հավասարը հավասարը դիրքերից: Դրանից հետո կարելի է անջատել այդ հաղորդումն ու չշարունակել նայել, որովհետև դու հասկանում ես, որ այդ մարդիկ իսկապես չեն հասկացել, որ իրենք այլևս, ոչ թե այլևս, իրենք առաջ էլ հավասարի դիրքերում չէին, բայց հիմա առավել ևս հավասարի դիրքերում չեն:

Բայց ես կարծում եմ, որ եթե մտքի հասունություն լինի, պետք է գնալ Ադրբեջանի հետ խոսելու, և կարծում եմ` լավ կլինի, որ Արցախն ու Հայաստանը Ադրբեջանի հետ խոսեն սեպարատ` առանձին և իրենց խնդիրները փորձեն առանձին ներկայացնել:

«Ազատություն». - Դուք լավ բան տեսնո՞ւմ եք, որ Ռուսաստանը` անվտանգության երաշխավորն այսօրվա մի լավ օրի չէ, երես են թեքում բոլորը նրանից:

Տիգրան Պասկևիչյան. - Գիտեք, այդ անվտանգության երաշխավորը Ռուսաստանի պիտակն է, իրականում ի՞նչ անվտանգության երաշխավոր. Ռուսաստանը որտեղ կա, այնտեղ կա լարվածություն, լարվածության էսկալացիա, և Ռուսաստանի ներկայությունը միայն այդ լարվածությունն է ավելացնելու: Այսօր ի վերջո շատ նոմինալ բան է` իրենք խաղաղապահ են... այնտեղ ներկա լինելը խոսում է նրա մասին, որ իրենք կարող են...Այստեղ մեր խնդիրն է, մենք ինչո՞ւ բերեցինք, ամեն ինչ հասցրեցինք նրան, որ ռուսական ներկայություն առաջացավ, մենք արեցինք դա, որովհետև չգնացինք դիվանագիտական ճանապարհով: Եթե գնայինք դիվանագիտական ճանապարհով, այդ ներկայությունը կարող է լիներ նորից, բայց կարող է լիներ ոչ այս չափի և ոչ այս ազդեցության պոտենցիալով: Պետք էր գնալ խոսակցության, պետք էր գնալ քննարկումների, և պետք չէր ամեն ինչ միանգամից կորցնել:

«Ազատություն». - Ձեր վերջին հոդվածներից մեկում կանխատեսել եք, որ Բրյուսել-Մոսկվա, Արևմուտք-Ռուսաստան այս դիմակայությունն ի վերջո Հայաստանի սահմաններ է տեղափոխվելու: Ի՞նչ նկատի ունեք:

Տիգրան Պասկևիչյան. - Ես օրինակ էի բերել, որ իրենք, այնուամենայնիվ, ասենք, նստեցին Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ու կիսեցին իրար հետ ամեն ինչ, և այդտեղ էր, որ Ստալինն ուզում էր մտնել Թուրքիա, իբր մեր տարածքներն ազատագրել, բայց հետո ի՞նչ եղավ, ասացին` չէ, արևելյան Եվրոպան` քեզ, բայց այդ կողմերը դու չես գնում, նեղուցներ դուրս չես տալիս, Տրապիզոն և այլն, այս կողմերը չես հասնում, այսինքն` իրենք գերտերություններ են, մեծ տերություններ են, միշտ իրար հետ կարողանում են լեզու գտնել:

Հիմա Ուկրաինայի պատերազմից հետո էլ շատ հնարավոր է, որ քանի որ այս պահին մենք նկատում ենք, որ Արևմուտքը ճիշտ է` կռվում է Ռուսաստանի հետ անուղղակիորեն, բայց նաև վախենում է, ուրեմն ինչ-որ բան տալու է Ռուսաստանին, իսկ ի՞նչ կարող է տալ, կարող է այս անգամ հակառակը լինի, տա այս կողմերը, ասի` այս կողմերում դու ինչ ուզում ես` արա, բայց Ուկրաինայի հետ գործ չունես, կամ այն, ինչ որ գրավել ես, դրանից առաջ չպիտի գնաս: Հազար ու մի բան կարող է լինել, մենք պետք է արթուն լինենք, մենք պետք է զգաստ լինենք ու երբեք չտրվենք այն բաներին... Ես ինչի համար էի դա գրել, որովհետև մի հատ հայտարարություն Բրյուսելից է հնչում, մի հատ` Վաշինգտոնից, ու բոլորը միանգամից ասում են` վայ, մենք արդեն արևմտամետ ենք, արևմտյան աշխարհը մեզ հետ է: Չէ, մենք պիտի հասկանանք, կշռադատենք մեր գլխին գալիքը ու պատրաստ լինենք դրան դիմակայելու:

«Ազատություն». - Հայաստանի փողոցում էլ չէ՞ կան Արցախը փրկողներ, որոնք ասում են` մենք լինենք իշխանության, այսպես չի լինի:

Տիգրան Պասկևիչյան. - Ես չեմ հասկանում` դա ինչ է կատարվում, մի անգամ մի ռուս ժուռնալիստ խնդրեց, որ իրեն ուղեկցեմ այդ միտինգի վայրը, ուղեկցեցի, 10-15 րոպե մնացի այնտեղ, բարեբախտաբար ծանոթ ուրիշ լրագրող հանդիպեց, ես ուղղակի իրեն օգնում էի, մի քիչ թարգմանում էի, խնդրեցի, որ իրենք շարունակեն, ես փախա, որովհետև չտեքստությունից այդ հավաքների, այսինքն` տեքստ չկա բացարձակապես, իմ ականջներն ուղղակի ցավում էին: 15 րոպե կանգնես ու մի հատ բանական միտք չլսես, բարդ է: Փառք եմ տալիս Աստծուն, որ քաղաքի կենտրոնում չեմ ապրում, որովհետև կենտրոնում ապրողներից շատերն արդեն բան են եղել, որ ամբողջ օրն իրենց պատուհաններից լսվում է այդ չտեքստը:

Ամբողջությամբ` տեսանյութում.

XS
SM
MD
LG