Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ-ն խմբագրել է Լավրովի հայտարարությունը Փառուխի և սահմանազատման վերաբերյալ


Ռուսաստանի արտգործնախարարությունը խմբագրել է Սերգեյ Լավրովի՝ Երևանում հնչեցրած հայտարարությունը Փառուխի և հայ-ադրբեջանական սահմանազատման մասին։ Հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում Լավրովը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանազատման մասին, հիշատակել էր Փառուխը, որտեղ անցած մարտին ադրբեջանական ուժերը առաջխաղացման էին գնացել՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ։

«Ինչ վերաբերում է Փառուխի շուրջ իրավիճակին, ապա ռուսաստանցի զինվորականների համար այն իրենց առաջնահերթություններից մեկն է, և մեր հայ ընկերներն այդ մասին շատ լավ տեղյակ են: Այնտեղ արդեն իսկ որոշոկի արդյունքներ կան իրավիճակի դեէսկալացիայի առումով, և մեզ մոտ ընկալում կա, որ սահմանազատման արդեն մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կքննարկվեն և անպայման կլուծվեն», - ասել էր նա։

Լավրովի այս հայտարարությունից անմիջապես հետո Բաքուն հայտարարել էր, թե Փառուխը գտնվում է Խոջալուի շրջանում և «կապ չունի Հայաստանի հետ սահմանազատման հարցի հետ»։

«Այս գործընթացի շրջանակներում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարց, այդ թվում` կապված այն տարածքների հետ, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսաստան խաղաղապահ զորախումբը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

Ընդ որում, վերջինս հարկ է համարել ևս մեկ անգամ ընդգծել, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղաղաբաղում ժամանակավոր են: Ադրբեջանի այս հայտարարությունից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պաշտոնական կայքում հրապարակված տեքստից հանել է Փառուխի հատվածը` գրելով․ «Հուսով ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում Փառուխի նման միջադեպերի կանխմանը»։

Ռուսական «Կոմմերսանտը», մինչդեռ, հոդվածում մեջբերել է Լավրովի չխմբագրված հայտարարությունը` արձանագրելով` Բաքվի համար Փառուխի հարցը ամենացավոտ թեման է. «Մարտին գրեթե առճակատում էր սկսվել ռուս խաղաղապահների և ադրբեջանցի զինվորականների միջև, որոնք օկուպացրել էին գյուղը՝ առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու։ Միաժամանակ, Բաքվի տեսակետից զինվորականներն իրավունք ունեին նման գործողությունների, քանի որ Ադրբեջանի իշխանությունը տարածվում է Ղարաբաղի ողջ տարածքի վրա»:

«Կոմմերսանտը» փաստում է, որ և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի արտգործնախարարները լավատեսական շեշտադրումներով են խոսել տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ Միաժամանակ հավելում է՝ թե՛ Երևանում, թե՛ Բաքվում փորձագետներն այդ լավատեսությունը չեն կիսում, հիշեցնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման նորագույն պատմության մեջ ծրագրերը բազմիցս են ձախողվել:

XS
SM
MD
LG