Այս տարվա հունվար-մարտին 1000 խոշոր հարկատուները մոտ 26 տոկոսով ավելի հարկ են վճարել 2021-ի նույն ամիսների համեմատ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, արխիվ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսներին 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 327 միլիարդ դրամի հարկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է մոտ 26 տոկոսով։

Սրանք իներցիոն ցուցանիշներ են, ոչ թե աննախադեպ տնտեսական աճի արդյունք, ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Առաջին պատճառը, թերևս, գնաճն է, նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից քրեական գործով պետությանը պատճառված ավելի քան 15 միլիարդ դրամ վնասը փոխհատուցելու փաստը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտահանման պետտուրքով կես տարում 35 մլրդ դրամ կմուտքագրվի պետբյուջե. նախարար

«Այս տարվա երեք ամիսների հաշվարկով՝ մենք ունենք 6,8 տոկոս գնաճ, իսկ պարենային մթերքների գնաճը կազմում է 12,8 տոկոս։ Որքան բարձր է գնաճը, այնքան ավել են հարկային մուտքերը։ Այսինքն՝ այստեղ ՊԵԿ-ի հավաքագրման ցուցանիշների վրա էական ազդեցություն է թողել գնաճը․ մարդիկ ավելի շատ են վճարել ապրանքների համար։ Բացի այդ, նշեմ, որ այս տարվա հունվար-փետրվար ամսիներին գրանցվել է 12 տոկոս տնտեսական աճ նախորդ տարվա ցածր ցուցանիշների հիման վրա։ Մենք 2021 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին ունեցել ենք տնտեսական անկման ցուցանիշներ, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը նոր էր ավարտված, պատերազմի հետևանքներն էին։ Մենք անցած տարվա վատ ցուցանիշների համեմատ ենք արձանագրել այսքան աճ», - ասաց Պարսյանը։

Ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո և՛ Կենտրոնական բանկը, և՛ միջազգային ֆինանսական կառույցները շեշտակի նվազեցրել են Հայաստանի այս տարվա տնտեսական աճի կանխատեսումները. սպասվում է, որ տարին Հայաստանը 5-ի փոխարեն մոտ 1.5 տոկոս աճով կփակի։

Տնտեսագետը կարծում է, որ հաջորդ եռամսյակում արդեն ի հայտ կգան ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված բացասական միտումներ։ Այդ ժամանակ արդեն կերևա տնտեսության իրական պատկերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալիորեն կդանդաղեցնեն Հայաստանի տնտեսության աճը, կհարվածեն դրա ճյուղերին. ԿԲ նախագահ

«Երեք գործոններ են ազդել․ մեկը՝ անցած տարվա ցածր բազիսային թիվն է ազդել, մեկը՝ գնաճն է՝ աննախադեպ աճը, երրորդը, որ այս տարվա հունվարի 1-ից մի շարք ապրանքների հարկային դրույքաչափերն աճել են, օրինակ՝ ակցիզային հարկը, դիզելային վառելիքը, ծխախոտը և այլն։ Խնդիրը կայանում է նրանում, որ այս տարվա հաջորդ եռամսյակի ընթացքում մենք ունենալու ենք բացասական միտումներ՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ», - ասաց տնտեսագետը։

Սուրեն Պարսյանն ուշադրություն է հրավիրում նաև խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակի կազմի փոփոխությանը։ Այսպես, ցանկն այս տարվա առաջին եռամսյակում գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 2021-ի առաջին եռամսյակում չորրորդ հորիզոնականում էր։ Առհասարակ, այս ցանկում մեծ տեղ են գրավում խոշոր հանքարդյունաբերողները, որոնք, սակայն, ներքին շուկայի հետ կապ չունեն։

«Զանգեզուրը, Ագարակը, որոնց հարկային մուտքերը հիմնականում պայմանավորված են համաշխարհային շուկայում պղնձի, մոլիբդենի գների աճով։ Այսինքն՝ սա մեր ներքին տնտեսական էֆեկտը չէ, սա արտաքին էֆեկտ է, որը ժամանակավոր է, չի կարող անընդհատ պղնձից կախված հարկային մուտքերն ավելանան, գալու է մի պահ, որ պղնձի գինը նվազելու է, իսկ այդ ժամանակ պետք է մտածենք, թե որտեղից ենք այդ գումարները համալրելու», - ասաց տնտեսագետը։

Խոշոր հարկատուների առաջին հնգյակում են նաև «Գազպրոմ Արմենիան», Պաշտպանության նախարարությունը, «Գրանդ տոբակոն» և «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հանքարդյունաբերությունը դեռ երկար տարիներ Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է մնալու. տնտեսագետներ