Մատչելիության հղումներ

ԿԲ-ն արդյունաբերության անկում, բարձր գնաճ է կանխատեսում


Արդյունաբերության անկում, դրամական փոխանցումների նվազում, բարձր գնաճ։ Սա Հայաստանի կենտրոնական բանկի կանխատեսումն է առաջիկա ամիսների համար։

Վերլուծելով վերջին զարգացումները՝ Հայաստանի գլխավոր դրամատունը փաստել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի նկատմամբ օրեցօր խստացվող պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա զգալի բացասական ազդեցություն կունենան։

«Առաջիկա եռամսյակներում սպասվում է բարձր գնաճային միջավայրի պահպանում», - փաստում է Կետրոնական բանկն իր վերջին հաշվետվության մեջ՝ հավելելով, որ թանկացումները կշարունակվեն նաև տարվա մյուս ամիսներին։

Դա սպառողներից շատերը վաղուց են զգացել, հատկապես սննդամթերքի խանութներում։

«Խայտառակ վիճակում ա հիմա մեր երկիրը, բոլոր ընտանիքներն էլ նույն վիճակում են», - ասաց մի կին։

«Շատ վատ ա... Թոշակառուին ո՞նց կըլնի։ Գնալով վատանում ա, օրեցօր վատանում ա», - բողոքեց մի թոշակառու։

Թանկացումներից բացի, ԿԲ-ն կանխատեսում է նաև տնտեսության վրա բացասական ազդեցության այլ գործոններ

Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով հայկական ապրանքների արտահանումը կնվազի, արտերկրից ուղարկվող դրամական փոխանցումները 20 տոկոսով կկրճատվեն։ Հայաստանի աշխատաշուկան նույնպես կտուժի ՝ աշխատավարձերի էական աճ չի կանխատեսվում։

Խնդրահարույց է նաև արդյունաբերության ոլորտը, որտեղ մեծ ներգրավվածություն ունեն կա՛մ ռուսական կապիտակով, կա'մ ռուսական շուկայի հետ աշխատող ընկերությունները։ ВТБ բանկի կողմից շահագործվող թեղուտի հանքավայրы, օրինակ, ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, կոնյակ ու գինի արտահանող ընկերություններն էլ չգիտեն այս տարի ինչպես և ուր կտանեն իրենց արտադրանքը։

«Սա սակայն դեռ ամբողջը չէ», - ասում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը։ - «Փոխարժեքի ազդեցություններն էր առաջինը, որ կարելի է նշել։ Մնացած ազդեցություններն արդեն իրական տնտեսական գործունեության առումով ևս դրսևորվել են։ Ռուսաստանի Դաշնության տնտեսություն եղած այս ընդհանուր անորոշությունների և մնացած գործընթացների հետ կապված՝ մեր արտահանողն էլ որոշակի խնդիրների բախվում է։ Գուցե ներմուծումների առումով որոշակի դժվարություններ առաջանան։ Կարելի է ասել, որ եթե ընդհանուր նայենք, բացասական ազդեցությունները դեռ իրենց ամբողջական դրսևորման պահին չեն հասել»։

Կա՞ն գործիքներ, որոնք կառավարությունը պետք է կիրառի տնտեսվարողներին աջակցելու համար։ Տնտեսագետի կարծիքով, գործադիրը պետք է վերհանի գործարարների կոնկրետ խնդիրներն ու փորձի լուծել դրանք. - «Եթե ակնհայտ լինի, որ տեղի արտադրողների, արտահանողների մոտ խնդիրներ են առաջանում իրենց կառավարման դաշտից դուրս գտնվող գործոնների արդյունքում, օբյեկտիվ սահմանափակումների սահմանափակումների արդյունքում, ապա այստեղ որոշակի գործիքակազմ կարող է կիրառվել, նաև՝ համագործակցելով բանկային հատվածի հետ, այդ թվում հարկային գործիքակազմ և այլն»։

Երկու շաբաթ առաջ «Ազատությունն» էկոնոմիկայի նախարարությոունից փորձել էր պարզել՝ մշակվո՞ւմ է արյդոք հակաճգնաժամային գործողությունների փաթեթ։ Մեր այս հարցը, սակայն, անպատասխան էր մնացել։

Ավելի ուշ Նախարար Վահան Քերոբյանը «Ազատության» եթերում հայտարարեց , թե ԵԱՏՄ շրջանակում որոշվել է զրոյացնել մի շարք ապրանքների ներկրման մաքսատուրքը, ինչը կիջեցնի դրանց գները։

Թանկացումները մեղմելու համար Կենտրոնական բանկն այս ամիս նաև «մեծ քայլով» ՝ միանգամից 1,25 տոկոսով բարձրացրել է վերաֆինանսավոման տոկոսադրույքը ՝ այն սահմանելով 9,25 տոկոս։ Ավելին, ԿԲ-ն հայտարարում է՝ տնտեսական հեռանկարի անորոշության ու գնաճային սպասումների պահպանման դեպքում առաջիկայում նույնպես կդիտարկի դրամավարկային պայմանների խստացման անհրաժեշտությունը։

XS
SM
MD
LG